Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելում կրկին արծարծել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը

Մայիս 17,2018 15:46

Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների լարման ֆոնին Իսրայելի Քնեսետում կրկին հայտնվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծն ընդունելու հարցը:

Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանան հայտարարել են, որ ներկայացնելու են Օսմանյան կայսրությունում շուրջ 1.5 միլիոն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագիծ, որով Իսրայելը կդառնա Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած աշխարհի 30-րդ պետությունը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցն Իսրայելում կրկին արծարծել են այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ահաբեկչական պետություն է անվանել Իսրայելը՝ քննադատելով Գազայի հատվածում Իսրայելի ձեռնարկած գործողությունները: Բացի այդ Անկարան նաև հետ է կանչել Թել Ավիվում իր դեսպանին: Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիային մեղադրել է ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար:

«Մենք բարոյական դասեր չենք ընդունի հակասեմական թուրք մսագործից, որը Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռմբակոծում է հազարավոր քրդերի, և որի երկիրը պատասխանատու է հայ ժողովրդի ցեղասպանության  և ասորիների դեմ գործած պատմական սարսափների համար»,-ասել է Շմուլին:

Իսրայելցի պատգամավորը նաև նշել է, որ Իսրայելը պետք է վաղուց ճանաչած լիներ Հայոց ցեղասպանությունը:

Օհանան իր հերթին ընդգծել է, որ դիվանագիտական գործոններով պայմանավորված՝ ցեղասպանության ճանաչումից հրաժարվելն արդեն վաղուց ժամանակավրեպ է, և ժամանակն է արդարություն հաստատել:

Jerusalem Post-ի դիվանագիտական աղբյուրի հաղորդմամբ՝ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:  Իսրայելի արտգործնախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններից:

Հիշեցնենք, որ 2017թ. փետրվարին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ներկայացրել էր «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, որը, սակայն, քվեարկության արդյունքում մերժվել էր:

 

Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031