Aravot.am-ը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց «Լույս-2» հիմնադրամի ստեղծման նախաձեռնությամբ, որի մասին ավելի վաղ հայտարարել էր ԿԳ նախարարը: Հարցրինք, թե ովքեր են լինելու հնարավոր դոնորները:
«Ես պարզապես խոսել եմ նախաձեռնության մասին, նախարարի գրասենյակում եմ ընդամենը 3 օր եւ սրա հետ կապված դեռեւս լուծումներ չունենք: Հիմա առայժմ քննարկումների փուլում ենք, բայց կփորձենք ստեղծել «Լույսի» այլընտրանքը: Նաեւ բովանդակային առումով այն ինչ-ինչ փոփոխությունների կենթարկվի, որովհետեւ ես ինչքան հասկացա, «Լույսը» ոչ միայն կրթական ծրագրեր է իրականացրել, այլեւ զանազան մարդկանց հովանավորել է տարբեր նախագծեր իրականացնելու»,-ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանից նաեւ կարծիք հարցրինք «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների` Սերժ Սարգսյանին ուղղված հայտնի նամակի մասին` փաստելով, որ արտասահմանի լավագույն բուհերում սովորողները տեղյակ են եղել, որ հիմնադրամի դոնորներն են հայաստանցի օլիգարխները, «Լիդիան Արմենիան» եւ այլք, եւ իրենք հենց նրանց միջոցներով են մեկնել արտասահման կրթություն ստանալու ու ավարտելուց հետո էլ չեն վերադարձել Հայաստան:
«Նամակը հանրային հնչողություն ստացավ, եւ ուսանողության շրջանում բավական ոգեւորություն եղավ: Սերժ Սարգսյանի գործողություններն էլ որպես «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` կասեցնելը, կրթաթոշակների այլեւս չտրամադրումը նաեւ դրա արդյունքն էր»,- ասաց նախարարը:
Նա հավելեց, որ ինքը չունի տվյալներ, որ «Լույսի» կրթաթոշակառուների քանի տոկոսը Հայաստանում չի ապրում: Ապա ասաց. «Չեն ապրում, ուրեմն չեն եղել այն պայմանները, որպեսզի այդ մարդիկ կարողանային ինքնադրսեւորվել: Իսկ այս հեղափոխության, այս կառավարության հիմնական նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի այդ մարդիկ երբեւէ չմտածեն Հայաստանից արտագաղթելու մասին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Պարզից էլ պարզ է, որ ժողովրդից շորթած փողերի լվացում է կատարվել, բարեգործական և հայրենանվեր ճռճռան լոզունգներով։ Եթե ո՛չ, ապա այդ հոգեբարձուները ինչո՞ւ անմիջապես փակեցին այդքան լուսավոր ներկայացված “Լույսի ” ճամփան։ Ամո՛թ կեղծ հայրենասերներին։
Տեսնես է՛լ որտե՞ղ են իրենց գողունը պարտակել։