Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել էր ուղիղ միացումով, որտեղ կոչ էր անում ժամը 15:00-ից դադարեցնել անհնազանդության գործողությունները, որևէ ճանապարհ չփակել:
«Մենք Հայաստանում իրականացրել ենք սիրո և համերաշխության հեղափոխություն: Եվ հիմա ժամանակն է այդ հեղափոխության նպատակներն ու խնդիրները իրագործել, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զգացնել տալու, ապացուցելու, որ իրենք են իրականում տերը և իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց նա՝ հավելելով, որ «Իմ քայլը» շարժման առանցքային նպատակը եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակը. «Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաղթել է, և նրա հաղթանակի առանցքային արդյունքը ոչ թե այն է, որ ես ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլ այն է, որ ինքն է որոշել, թե ով լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ»:
Փաշինյանի խոսքերով՝ երբ որ իրենք փակում էին ճանապարհները և բողոքի ցույցեր էին անում, համոզված էին, որ Հայաստանի Հանրապետությունում չկա իշխանություն, որը ի վիճակի է լսել քաղաքացիներին, լուծել նրանց խնդիրները և պաշտպանել նրանց իրավունքները. «Հայաստանի Հանրապետությունում այսօր հաստատված է քաղաքացու իշխանություն, հետևաբար՝ քաղաքացիները՝ մենք բոլորս, ո՞ւմ ենք անհնազանդություն հայտարարում, ինքներս մե՞զ: Սա կարծում եմ, որ առանձնապես ճիշտ մոտեցում չէ»:
Վարչապետը ընդգծեց, որ կառավարությունը այժմ մի օրվա ընթացքում ստանում է այնքան նամակ, որքան նախկինում ստացել է մեկ ամսվա ընթացքում. «Սա նշանակում է, որ կառավարությունը պետք է հնարավորություն ունենա այդ խնդիրները դասավորել ըստ առաջնահերթության և հերթով զբաղվել այդ խնդիրների լուծմամբ: Եվ ես հիմա Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում այդ հնարավորությունը տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որովհետև եթե այդ հնարավորությունը չի տրվելու, մեր այստեղ լինելը զրկվում է որևէ իմաստից»:
Փաշինյանը սակայն քաղաքացիներին կոչ չի անում համակերպվել առկա խնդիրների հետ. «Հայաստանի Հանրապետության ցանկացած գյուղից և բնակավայրից որևէ խնդրի վերաբերյալ խնդրում եմ, որ քաղաքացիները նախ հստակ գրավոր ձևակերպեն իրենց պահանջները և խնդիրները. Կապ չունի, թե ինչ պահանջ է: Այդ դիմումներով մեկ-երկու-երեք հոգանոց պատվիրակություններ ուղարկել հետևյալ հասցեներով՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն, նախարար Սուրեն Պապիկյանին և Հայաստանի Հանրապետության կառավարություն, Քաղաքացիների և նամակների ընդունելության բաժին, կարող եք դիմել նաև կառավարության թեժ գիծ՝ 117»:
Վարչապետի խոսքերով՝ իրենք վերցնելու են այդ բոլոր նամակները և դիմումները, կազմելու են օրակարգ և կետ-կետ անցնելու են այդ հարցերով և լուծումներ են առաջարկելու. «Կան քաղաքացիներ, որոնք պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, մենք այդ հարցն էլ կքննարկենք եւ կառավարության դիրքորոշումը եւ իմ դիրքորոշումը կարտահայտենք: Եվ այսպես՝ բոլոր հարցերի վերաբերյալ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ