Արշակունյաց պողոտան այսօր շարունակվում է փակված մնալ «Սասնա ծռերի» աջակիցների կողմից: Քաղաքացիները վրաններ են խփել փողոցում եւ մտադիր չեն հեռանալ: Նրանց պահանջն է քաղբանտարկյալների ազատ արձակումը: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շենքը շրջափակման մեջ է, ինչի պատճառով դեռ երեկվանից «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալների մի մասը դատարանի շենքում են մնացել:
Քիչ առաջ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը հայտարարեց, որ փաստաբանները տեսակցել են «Սասնա ծռերին», նրանց տրամադրությունը բարձր է, ջրի եւ սննդի խնդիր չունեն: Թորոս Սեֆիլյանի փոխանցմամբ՝ «Սասնա ծռերը» ցուցարարներին կոչ են անում բացել փողոցը, որպեսզի այլ քրեական գործերով երեք կալանավորների ոստիկանները կարողանան տեղափոխել կալանավայրեր: Ըստ այդմ, ցուցարարները այդ 3 կալանավորների համար փողոցը բացեցին, իսկ «Սասնա ծռերը» իրենց իսկ ցանկությամբ շարունակում են մնալ դատարանի՝ կալանավորների պահման խցերում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ