Փաշինյանը կարող է պաշտոն առաջարկել վրացի քաղաքական գործիչ Գուբազ Սանիկիձեին: Ինչպես հաղորդում է «Ռեզոնանսի» վրացական կայքը, Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտերիմ հարաբերություններ ունի Սանիկիձեի հետ, և տեղեկություններ կան այն մասին, որ նրան առաջարկել են պաշտոն Հայաստանի նոր վարչակազմում:
Սանիկիձեն հայտնել է, որ մտադիր է մոտ ապագայում այցելել Երևան և շնորհավորել Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հաղորդվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը մոտակա ժամանակներս կայցելի Վրաստան, ինչի մասին հայտնել է լրագրողներին: «Որքան հնարավոր է՝ շուտ ցանկանում եմ լինել Վրաստանում, այժմ կարգավորում են այցի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր»,- ասել էր նա:
Մայիսի 26-ին Թբիլիսի են այցելելու 6 երկրների նախագահներ՝ Վրաստանի անկախության տարեդարձի կապակցությամբ: Բացառված չէ, որ Հայաստանի վարչապետի այցը կհամընկնի այս ժամանակահատվածի հետ, գրում է կայքը:
Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ