Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թամանյանական Երեւանի ֆենոմենը

Մայիս 17,2018 12:19

Երբ խախտվում է բնականոնը՝ վրա է հասնում պատուհասը . . .

Մենք հին ազգ ենք, բայց ոչ ծերացած . . . քանի դեռ պահպանում ենք մեր ցեղային հիշողությունն ու հավաքականությունը, արժանապատիվ ապրելու ձգտումը, սեփական մշակույթը գնահատելու և գիտակցելու, ապագայի հավատը պահպանելու և այն կերտելու հոգևոր ուժն ու կարողությունը . . . Ալ. Թամանյանը բարձր արժեքներ ստեղծեց՝ միջնադարյան հայ ճարտարապետության ոգեղեն քարարվեստի հզոր հենքի վրա բարձրացնելով նոր ժամանակի քաղաքաշեն արվեստի (քաղաքաշինության) և ճարտարապետության ազգային մշակույթի վերնաշենքը: Իսկ դա անելու համար, մասնագիտությանը ներհատուկ խորը իմացությունից զատ, առնվազն երկիրը զգալու և ապագան տեսնելու մեծ խիզախում պետք էր ունենալ, ազգային գաղափարախոսությունը կրող մեծ հանճար լինել, որպիսին Ինքն էր: Ազգային . . . այս մեկ հատիկ բառն ու իմաստը մի ամբողջ էթնոս է՝ ցեղի ճակատագիր, արարման պատմություն և ինքնություն: Սա բացառապես հոգևոր կատեգորիա է ճարտարապետության մեջ, արվեստում և ընդհանրապես կյանքում, չհորինվող՝ այլ տքնությամբ ստեղծվող: Ազգայինի ստեղծման դեղատոմս չկա: Ազգայինը, որպես արժեք, ստեղծվում է ներքին զգացողությամբ՝ հոգեկերտվածքով, արյան հիշողությամբ և հարազատությամբ՝ սեփական մշակույթի ինքնատիպության և անկրկնելիության արժեքների գիտակցմամբ:

Հոգևոր առատությամբ, աներևակայելի հավատով և ջերմությամբ՝ այդպես են ստեղծվել գողտրիկ Կարմրավորը, մեծաշուք Տաթևը, Հաղպատը, Սանահինը, Գեղարդը, Անին . . . Զվարթնոցը՝ մեր մեջ ազգայինի բարձր գիտակցությունը և հպարտությունը մարմնավորող և փոթորկող այդ նյութեղեն վկաները, որոնք իրենց աստվածային վեհությամբ առավել քան հոգևոր են և հավերժական:

Իսկ թե ինչպիսի համաչափությամբ և հարազատ մտերմությամբ են նրանք ներդաշնակվել իրենց միջավայրին՝ այն իրական առեղծվածն է, ինչն անմեկնելի հմայք է հաղորդում նախաստեղծ բնության հետ գրեթե նույնացված այդ հրաշք կերտվածքներին: Հայ միջնադարյան հոգեղեն ճարտարապետության և քարարվեստի ժառանգության խորը ընկալմամբ և ազգայինի յուրովի մեկնությամբ՝ Ալ.Թամանյանը կերտեց Երևանը, արևային և արևահամ մի քաղաք, որն իր հորինվածքով և բովանդակությամբ հիրավի ազգային վերածննդի հրաշագործություն պետք է համարել: Դա համազգային նոր կենսագրության սկիզբ էր և ապագայի լիահույս հայացք՝ դեպի Բիբլիական Արարատը:

Ալ.Թամանյանը Հայաստանի ամբողջականության և ազգային միաբանության գաղափարը, քաղաքի տարածական հորինվածքի և աշխարհագրության համադրմամբ, դրեց Երևանի գլխավոր հատակագծի հիմքում: Գաղափար, որը բարձր արվեստով և հոգևոր տքնությամբ նյութականացվեց մագաղաթյա այդ հրաշք գծապատկերում՝ շրջանակված հայրենիքի հուսառատ և լուսառատ ապագայով: Այն ոչ միայն ամրագրեց բնական միջավայրում քաղաքային բարդ համակարգի երկրաչափությունը, նախանշեց նրա նկարվածքը, ձևը, կենսագործունեության բազմաբնույթ տարածքների տեղադիրքն ու համաչափությունները, այլև սահմանեց հանրային կյանքի և կենցաղավարման համար հարմարավետ միջավայրի կազմակերպման և կառուցապատման սկզբունքները և ճարտարապետությունը:

Այո, քաղաքի ճարտարապետական կերպարը՝ ոճը, նյութը, գույնը, երկրաձիգ և երկնավեր համաչափություններն արդեն իսկ կանխորոշված էին այդ ոգեղեն նախագծում:

Երախտապարտ խոնարհում, հարգանք և պատիվ ճարտարապետների, շինարարների և քարագործ վարպետների այն հրաշալի սերունդներին, որոնք քար առ քար կյանքի կոչեցին մեր սիրելի Երևանը՝ Թամանյանական Երևանը: Այն Երևանը, որն իր ճարտարապետությամբ և միջավայրի մտերմիկ չափավորությամբ և ճանաչողությամբ, ձոն երգերի ջերմությամբ, այլևս հարազատ դարձավ համայն Հայությանը՝ կերպավորվելով իրեն հատուկ տուֆակառույց վարդագույն ինքնությամբ:

Հանրապետության հրապարակի հրաշակերտ համակառույցը, օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի վեհաշուք շենքը, Մեծ Վարպետի «հանձնառությամբ», ստանձնեցին քաղաքային կենտրոնի կազմակերպման գլխավոր դոմինանտների դերակատարումը: Կենտրոնին մերձակա բնակելի և հասարակական մյուս կառուցապատումները երկնավեր չափերով սկզբունքորեն զսպված էին և ենթարկված գլխավորին: Այդպիսով, ակադեմիական նուրբ զգացողությամբ և հեռատեսությամբ, Ալ. Թամանյանը սահմանեց քաղաքի կառուցապատման մասշտաբայնությունը, ավելի ճիշտ՝ չափն ու չափավորությունը: Այո, չափավորությունը, քանի որ խորքային իմաստով այս մշակութային զգացողությունն է ճշմարտացիորեն բացահայտում և բնորոշում մեր վարքաբանությունը քաղաքի (հատկապես՝ կենտրոնի) վերակառուցման հետագա գործընթացներում:

Չափի և չափավորության մասին, մեծ արվեստագետին հատուկ խորաթափանցությամբ, այսպես է արտահայտվել Մհեր Մկրտչյանը՝ «Ինչպես արվեստում, այնպես էլ ընդհանրապես կյանքում՝ չափավորությունը մարդու էության, ունակությունների, տաղանդի, շնորհքի, ներքին բովանդակության հետ կապված բան է . . . չափավորությունով է որոշվում տաղանդը: Տաղանդի ուժը կարգավորողը չափավորության զգացողությունն է»: Ահա Թամանյանական Երևանի ինքնության և գրավչության ֆենոմենը . . .

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ճարտարապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031