«168 ժամի» հետ զրույցում «Հանուն միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի» (ԱՄՆ) առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին անդրադարձավ Սոչիում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած դիրքորոշումներին, ամերիկյան ակնկալիքներին ու այս ուղղությունների համադրելիությանը։
Փոլ Սթրոնսկին ասաց, որ իր համար ամենևին էլ անակնկալ չէին Փաշինյանի հայտարարությունները Սոչիում, քանի որ ավելի վաղ ՀՀ վարչապետը պնդում էր, որ արտաքին քաղաքականությունում Հայաստանը փոփոխությունների չի դիմելու։ Սա, ամերիկացի վերլուծաբանի գնահատմամբ, տրամաբանական է, որը հասկանում են Հայաստանի բոլոր գործընկերները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները։ «ԱՄՆ նախագահի շնորհավորանքը ցույց տվեց, որ Հայաստանի նոր իշխանությունն ունի Վաշինգտոնի աջակցությունը բոլոր կարևոր ուղղություններում։ Վերջին տարիներին ԱՄՆ-ի աշխատանքը Հայաստանում կենտրոնացած է կոռուպցիայի դեմ պայքարի և ԼՂ հակամարտության կարգավորման վրա։ Հենց այս հանգամանքներն էլ շեշտվեցին հասկանալի պատճառներով։ Թրամփի շնորհավորանքն ազդակ էր, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել արդյունավետ համագործակցություն բոլոր ուղղություններով, և Հայաստանի շահերը հաշվի կառնվեն։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ ԱՄՆ-ը Հայաստանից ունի անիրականանալի ակնկալիքներ։ Հասկանալով Հայաստանի յուրահատուկ աշխարհագրությունը՝ հայ-թուրքական փակ սահմաններ, ԼՂ չկարգավորված հակամարտություն, Միացյալ Նահանգները Հայաստանում որևէ գործչից չի ակնկալել և ներկայումս ևս չի ակնկալում շրջադարձեր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը լիովին ընկալելի է Միացյալ Նահանգների տեսանկյունից։ Հասկանալի է, որ ընդհանուր առմամբ շարունակվելու է նախորդ իշխանությունների արտաքին քաղաքականությունը նաև այն պատճառով, որ իշխանության ու ընդդիմության շարքերում իսկապես կա կոնսենսուս այս քաղաքականության վերաբերյալ։ Նախորդ իշխանությունները փորձեցին վերականգնել խախտված աշխարհաքաղաքական հավասարակշռությունը՝ Եվրամիության հետ համապարփակ համագործակցության համաձայնագիր ստորագրելով։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանի նման երկրի պարագայում սա հեշտ խնդիր չէ, իշխանությունը բազմավեկտոր քաղաքականություն վարելու համար մի շարք խոչընդոտների մասին է մտածում և հաղթահարում»,- նման տեսակետ հայտնեց Սթրոնսկին։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում