Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցական կարգապահություն

Մայիս 17,2018 11:21

Մայիս ամսվա ընթացքում երեք ճանաչված դաշնակցականների հանդեպ կիրառված կուսակցական պատիժները հասարակական լայն քննարկման առիթ են հանդիսացել։ Դա սկսվեց Հայաստանի ժողովրդական շարժման մոտալուտ հաղթանակի և դրան հաջորդող օրերի ընթացքում։

Սկզբում ՀՀ Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության վարկանիշային ցուցակով ընտրված պատգամավորներից՝ Անդրանիկ Կարապետյանը /ոչ կուսակցական/ և Սուրեն Մանուկյանը /կուսակցական/ հայտարարություն տարածեցին ժողովրդային շարժման միանալու կապակցությամբ, հետո խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը /կուսակցական/ հակառակ ՀՅԴ որոշման՝ հայտարարեց, որ վարչապետության համար ձայն չի տալու Նիկոլ Փաշինյանին․ ԱՄՆ արևմտյան շրջանի ՀՅԴ պաշտոնաթերթ «Ասպարեզ»-ը ևս կուսակցության ուղղությանը հակասող նյութեր հրապարակեց։

Պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի հանդեպ բնականաբար չէր կարելի պատժական տնօրինում կատարել, քանի որ նա կուսակցության անդամ չէ, բայց մյուս երեքի հանդեպ կիրառվեց պատիժ՝ Սուրեն Մանուկյանի դեպքում մեկ տարվա կախակայում կուսակցական աշխատանքներից, իսկ Աղվան Վարդանյանը և «Ասպարեզ»-ի խմբագիր Աբո Պողիկյանը հեռացվեցին ՀՅԴ-ից։

Տիգրան Դավթյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Պատժական այս տնօրինումները Հայաստանի և աշխարհի բոլոր մյուս կուսակցությունների նման նախատեսված են կազմակերպական կանոններում, ծրագրում և փաստաթղթերում։ Այդ կանոնները գաղտնիք չեն և հրապարակված են․ դա ներկայացվում է նաև պետական մարմիններին կուսակցության գրանցելու ժամանակ։ ՀՅԴ առաջին ծրագիր-կանոնագիրը և որոշումները տպագրվել է 1892 թվականին Ժնևում հրատարակվող «Դրոշակ» պաշտոնաթերթում, այնուհետև պարբերաբար տպագրվել են դրա փոփոխությունները և լրամշակումները։

Ես հարգում եմ նշված չորս անձերի մոտեցումները և նպատակ չունեմ դա քննարկել․ կուսակցություններում էլ ամեն ինչ փոփոխական են, երեկվա փոքրամասնությունն այսօր մեծամասնություն է դառնում, կամ հակառակը։

Կարծում եմ իրավաբանորեն ճիշտ են վարվել պատասխանատու մարմինները, որոնք փաստել են գործող կանոնագրի հոդվածների դեմ կատարված զանցանքը։ Մեր կուսակցության ներկա կանոնագիրը թույլ չի տալիս հրապարակով դեմ արտահայտվել ժողովների և մարմինների բովից անցած պաշտոնական որոշումներին․ դրա համար կա ներքին ընթացակարգ։ Դա ընդունված կարգ է բոլոր կուսակցություններում․ լուրերի համաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունում էլ դրված է Ֆելիքս Ցոլակյանի և Շիրակ Թորոսյանի հարցը, որոնք իրենց կուսակցության կարգապահական կանոնների հետ խնդիր ունեն։

Մինչև տարեվերջ կգումարվի ՀՅԴ ընդհանուր ժողովը․ սա կուսակցության բարձրագույն ժողովն է, որ գումարվում է չորս տարին մեկ անգամ․ ժողովի առջև դրված են շատ կարևոր հարցեր կապված Հայաստանյան գործունեության ռազմավարության, մեր ազգային պահանջատիրության, Արցախին և Սփյուռքին վերաբերող հարցեր ու նաև՝ կազմակերպական կանոնների վերամշակում։ Վերջին հարցի քննարկումը մասամբ կարող է վերափոխել կուսակցական ներքին մթնոլորտը, անդամների համար հորիզոնական կապի հնարավորություն ստեղծել և արևտյան մի շարք կուսակցությունների նման հրապարակային արտահայտվելու առիթ տալ նաև փոքրամասնության և՝ պաշտոնական մարմինների ընդդիմախոսներին։ Դրա փորձը մենք ունեցել ենք նաև ՀՀ առաջին հանրապետության ժամանակ։

Ասեմ նաև, որ համաձայն գործող կանոնադրության, կուսակցությունից հեռացվածների համար վերադարձի դուռը բաց է, պայմանով որ նրանք զղջան իրենց արարքի համար և պատժի մասին հրապարակային բողոք ներկայացրած չլինեն։

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ominac says:

    Դաշնակցութիւնը ինքզինքը կուսակցութիւն կը կոչէ, բայց իրականութեան մէջ կուսակցութիւն չէ։ Աշխարհի ոչ մէկ երկրի մէջ չէ գրանցուած որպէս կուսակցութիւն բացի հայաստան եւ լիբանան։ Կէս գողական բան մըն են։ Եթէ անունին փոխէն եւ ըսեն հայրենասիրական կազմակերպութիւն են, շատ աւելի լաւ ճիշտ կարտայայտեն իրենց էութիւնը կամ գործը։ Աւելի արհմիութենական մակարդակի կազմակերպութիւն են։ Հայրենասիրական աշխատանքի կողքին կուզէն աւելին փրցնել եւ աւելորդ -քաղաքական կուսակցութիւն- անունը աւելցնել իրենց անուանը։ Ով որ մօտ է Դաշնակցական շրջապատին գիտեն որ ասոնք շատ օրենք չէն գիտեր։ Միջին արեւելքէն մնացած կամայականութիւններով շարժող խումբ մը մարդ են։

  2. Անուշ Սիրադեղյան says:

    Դաշնակցության համար ամենագլխավոր հարցը ԼՂՀ-ում և Հայաստանի Հանրապետությունում լինի կայուն վիճակ և իր սկզբունքայնությունը՝ցանկացած հարցում։ Դաշնակցությանը հետաքրքիր չէ, թե ով կլինի իշխանության ղեկին և հետաքրքիր չէ թե ով ինչ կասի իր հասցեին, այլ ամենակարևորը ինչ կարող է անել իր երկրի համար։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031