Թավշյա հեղափոխության կայացումը մեզանից յուրաքանչյուրից պահանջում է իր մասնագիտական կարողություններն ու ունակություններն օգտագործել երկիրը դուրս բերելու ճգնաժամային իրավիճակից, ապահովելու կայուն եւ բարձր տեմպերով տնտեսական աճ ու տնտեսական զարգացում:
2008 թվականին ՀՀ-ում ֆինանսական-տնտեսական ճգնաժամի հետեւանքով համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կրճատվեց 14,8%-ով: Չնայած արդեն տասը տարի է անցել, սակայն մեր երկիրը դեռեւս չի վերականգնել ՀՆԱ-ի նախաճգնաժամային մակարդակը: Եթե 2008-ին մեր տնտեսությունը արտադրում էր 14-14,5 միլիարդ դոլարի ՀՆԱ, ապա այսօր այն կազմում է մոտ 11 միլիարդ դոլար: Այսինքն՝ եթե մեր տնտեսությունը շարունակի զարգանալ 3-4% տնտեսական աճով, ապա եւս մոտ 10 տարի կպահանջվի, որպեսզի վերականգնենք նախաճգնաժամային ՀՆԱ-ի մակարդակը:
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում նշեց, որ 10 տարիների ընթացքում ՀՆԱ-ն դրամական արտահայտությամբ աճել է, սակայն նա հաշվի չէր առել կամ էլ չէր ցանկացել հաշվարկել դրամի արժեզրկումը՝ որպես սղաճի (գների բարձրացման) հետեւանք: Որպեսզի երկիրը դուրս բերվի տնտեսական նման քաոսային վիճակից, անհրաժեշտ է իրականացնել խորը համակարգային փոփոխություններ: Դա, բնականաբար, պահանջում է որոշակի տեւական ժամանակաշրջան: Սակայն այդ նպատակին հասնելու համար առանձնահատուկ նշանակություն են ստանում եւ արագ լուծումներ պահանջում հետեւյալ հիմնախնդիրները: Առաջին՝ ինչպես հայտնի է, շուկայական հարաբերություններին անցնելու համար անհրաժեշտ է սեփականաշնորհում (մասնավորեցում) եւ ազատ մրցակցային միջավայրի ապահովում: Սակայն ՀՀ-ում ստեղծվել է օլիգոպոլիական եւ կոռումպացված տնտեսություն: Օլիգոպոլիաների գերակայության պայմաններում փոքր եւ միջին գործարարությունը մղվել է հետին պլան եւ աստիճանաբար կրճատվում է ՀՆԱ մեջ դրանց կողմից թողարկվող արտադրանքի տեսակարար կշիռը:
Դրանով է պայմանավորված նաեւ երկրում միջին խավի բավական ցածր մակարդակը: Ուստի որպեսզի նպաստել ազատ, կատարյալ մրցակցության զարգացմանը, անհրաժեշտ է կատարելագործել հակամենատիրական քաղաքականությունը: Մենաշնորհները յուրահատուկ են զարգացած շուկայական տնտեսություններն, սակայն Հայաստանում դրանց առկայությունը եւ կարճ ժամանակաշրջանում հարստացումը պայմանավորված է կոռումպացված տնտեսության առկայությամբ: Հետեւաբար մեր առաջնահերթ խնդիրն է թե՛ տնտեսական եւ թե՛ պետական համապատասխան լծակների միջոցով սահմանափակել դրանց ապօրինի գործողության ոլորտներն ու իրավունքները: Առաջին հերթին դա պահանջում է վերացնել ներկրողների մենաշնորհային դիրքերը, մաքսային քաղաքականությունը պետք է լինի թափանցիկ եւ ներկրման իրավունք ապահովի բոլորի համար հավասարաչափ կերպով:
Այնուհետեւ մենաշնորհների (օլիգոպոլիաների) համար կիրառել վարչարարական լծակներ, սահմանել արտադրվող եւ վաճառվող ապրանքների նկատմամբ գների վերին եւ ներքին սահմանները՝ հաշվի առնելով արտադրական ծախսերը եւ եկամտաբերության ապահովումը:
Ներկայումս գործող տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ի վիճակի չէ ապահովելու իր ստեղծման հիմնական նպատակը, դեռ ավելին՝ Հայաստանում ոչ թե աճում, այլ նվազում է ազատ մրցակցության փոքր եւ միջին գործարարությունը: Այդ հանձնաժողովը որոշ չափով դարձել է պետական բյուջեն լցնելու լրացուցիչ միջոց:
Հաջորդ կարեւոր խնդիրը տնտեսական եւ սոցիալական կառավարման վերին էշելոններում լայն տարածում ստացած կոռուպցիայի հաղթահարումն է: Եթե կաշառակերությունը լայն տարածում է ստացել բնակչության ներքին խավերի մոտ եւ արտահայտվում է բնակչության եկամուտների վերաբաշխումով, ապա կոռուպցիան ամենից առաջ եւ հիմնականում արտահայտվում է պետական բյուջեի թալանով: Կոռուպցիայի հաղթահարման համար, բնականաբար, կարեւոր նշանակություն ունի բանիմաց եւ ազնիվ մասնագետների ներգրավումը կառավարման ոլորտում եւ աստիճանաբար անցնելու անկախ դատաիրավական համակարգի ստեղծմանը: Հայաստանում մեծ տարածում է ստացել նաեւ ստվերային տնտեսությունը: Պաշտոնական տվյալներով՝ այն կազմում է ՀՆԱ 40%-ը, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ մինչեւ 70%-ը: Դա նշանակում է, որ Հայաստանում հարկատուներից 40-70% հարկեր չեն վճարում, որի հետեւանքով պետական բյուջեն ունի համապատասխան ցածր մակարդակ: Հայաստանում ստվերային տնտեսությունը մեծամասնությամբ յուրահատուկ է մենաշնորհներին եւ ավելի շատ ունի արտոնյալ բնույթ: Հետեւաբար նորընտիր կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է հանդիսանա դրանց համապատասխան հարկային դաշտ տեղափոխելը:
Միայն ստվերային տնտեսության վերացումը կարող է ավելի քան 40% ավելացնել պետական բյուջեի եկամուտները: Իսկ կոռուպցիայի հաղթահարումը է՛լ ավելի կնպաստի առկա բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործմանը:
Այսօր հրատապ խնդիր է դարձել նաեւ Հայաստանում արդյունաբերության զարգացումը, մասնավորապես պետք է վերանայել հանքահումքային ռեսուրսների արդյունահանումն ու օգտագործումը: Հայաստանը համարվում է աշխարհում մոլիբդենի պաշարներով ամենահարուստ երկրներից մեկը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում առկա մոլիբդենի պաշարը կազմում է ընդհանուր մոլիբդենի պաշարի 6-7%-ը: Հետեւաբար Հայաստանը ոչ թե պետք է արտահանի մոլիբդենի խտանյութ, այլ միջանկյալ եւ պատրաստի արտադրանք: Նույնը վերաբերում է ոսկու եւ պղնձի արդյունահանմանն ու օգտագործմանը:
Հայաստանը հումք արտահանող երկրից պետք է դառնա պատրաստի արտադրանք արտահանող երկիր, որը կնպաստի եղած ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը եւ կայուն ու բարձր տեմպերով տնտեսական աճի եւ տնտեսության զարգացմանը:
ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Տնտեսագետ, ԵՊՀ պրոֆեսոր
«Առավոտ»
16.05.2018