Արդյո՞ք գործադիր իշխանությունը վերցրած թավշյա հեղափոխության համար ներկայումս ռացիոնալ խնդիր է Երևանի քաղաքապետի դիրքերի թիրախավորումը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ այս մասշտաբում արդեն գործում են բոլորովին այլ հանգամանքներ, Տարոն Մարգարյանի բոլորովին այլ ընկալում Երևանի մասշտաբով: Միևնույն ժամանակ, գործնականում այդ թիրախավորումը ամենևին էլ չկա, համենայնդեպս Տարոն Մարգարյանի դիրքերը «գրոհած» քաղաքացիները հանդես են եկել որպես երևանցիներ և որևէ կերպ չեն ասոցացվում նոր կառավարության հետ: Բայց այստեղ խնդիրը հանգում է դե ֆակտո ընկալումներին, և այդ իմաստով է, որ Երևանի քաղաքապետարանի շուրջ նախօրեին ծավալված իրադարձությունները, կամա, թե ակամա, ընկալվելու են իբրև «հեղափոխության ճյուղերից» մեկը, ըստ այդմ՝ դրա արդյունքը ինքնաբերաբար «ընկնելու» է հեղափոխության վարկանիշի վրա, և այստեղ մեծ է հավանականությունը, որ ընկնելով դրա վրա՝ կարող է «գցել» հեղափոխության վարկը:
Այդ ռիսկերը պետք է լինեն նկատելի, և ըստ այդմ՝ պետք է դրանք առաջացնող որևէ քաղաքացի իրեն պատասխանատու զգա ապրիլ-մայիսին քաղաքացիների համաժողովրդական պայքարի արձանագրած անսպասելի և գրեթե փայլուն արդյունքի համար, այդ արդյունքի առաջ՝ խուսափելով հետագա գործողություններով դրան վնաս հասցնելու ռիսկերից: Առավել ևս, որ հեղափոխության արդյունքին վնաս հասցնելու սպասողների պակաս չկա և չի լինելու:
Տարոն Մարգարյանը նախօրեին դիմակայեց գրոհին և միավոր գրանցեց իր օգտին: Այդ միավորը առայժմ չի հանվել հեղափոխության հաշվից, սակայն պետք է լինել զգույշ և աչալուրջ, օգնել, ոչ թե կատարել քայլեր, որոնք կարող են միայն ու միայն վնասել Հայաստանում ձևավորված նոր մթնոլորտին: Ի վերջո, պետք է հասկանալ, որ ներկայումս իրավիճակը բավական բարդ և պատասխանատու մի փուլում է, որտեղ ոգևորությունը չպետք է կտրի իրականությունից:
Արամ Ամատունի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում