Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կայուն խորհրդարանական մեծամասնություն»

Մայիս 17,2018 13:30

Այս հասկացությունը գործող ՀՀ Սահմանադրության առանցքային հասկացություններից է եւ այն կարելի է համարել «նոր խոսք» սահմանադրագիտության մեջ, բայց այնպիսի նորություն, որն ի չիք է դարձնում բուն Սահմանադրության իմաստը: Փորձեմ պարզաբանել: Ո՞րն է այդ հասկացության փիլիսոփայությունը: Արտաքուստ թվում է, թե այդ գաղափարի իրականացման միջոցով կարելի է հասնել անհրաժեշտ կայուն, անցնցում կառավարման, ինչն էլ կապահովի Հանրապետության կայունությունը եւ կդառնա կայուն զարգացման հիմքը: Սակայն առաջին իսկ փորձությունը ակնհայտորեն ցուցադրեց, որ այդպիսի մոտեցումը հանգեցնում է փակուղային իրավիճակի, որովհետեւ «կայուն խորհրդարանական մեծամասնությունը» չի կարողանում ձեւավորել կառավարություն եւ կամովին կառավարության կազմումը հանձնում է ոչ մեծամասնություն ունեցող խորհրդարանական խմբակցությանը: Հասկանալի է, որ այս դեպքում գործադիր իշխանության գործունեությունը չի կարող լինել արդյունավետ,, չի կարող որեւէ քայլ կատարել, առանց «կայուն խորհրդարանական մեծամասնության» հետ համաձայնեցման, այսինքն՝ չի կարող իրացնել լիարժեք իշխանություն: Այս իրավիճակը ստեղծվել է Սահմանադրության 89-րդ հոդվածի բոլոր մասերին համապատասխան գրված սցենարով:
Բայց այս դեպքում, բնականաբար, առաջանում են մի շարք հարցեր: Մասնավորապես, ինչո՞ւ այդ «կայուն խորհրդարանական մեծամասնությունը» չի կատարում իր անմիջական պարտականությունը, այսինքն չի ձեւավորում կառավարություն: Մյուս կողմից, ինչո՞ւ է այդ «կայուն խորհրդարանական մեծամասնությունը» կամովին իր իշխանությունը հանձնում խմբակցություններին կամ պատգամավորների 1/3-ին: Որովհետեւ ժողովրդավա՞ր է, ինչպես կարող են ներկայացնել, իբր ճանապարհ են հարթում փոքրամասնության՝ այսինքն ընդդիմության համար: Եվ ի՞նչ կլինի այդ զիջումից հետո:

Այժմ հերթը հասել է կառավարության ձեւավորումից հետո նախատեսված կառավարության ծրագրի հաստատմանը, ինչը պետք է իրացվի Սահմանադրության 151-րդ հոդվածով նախատեսված կարգով, ինչը անհնար է իրականացնել առանց «կայուն խորհրդարանական մեծամասնության» հետ համաձայնության: Առաջին իրավիճակում, եթե «կայուն խորհրդարանական մեծամասնությունը» դեմ է քվեարկում կառավարության ծրագրին, ապա 151-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով առաջանում է 149-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով՝ վարչապետի կրկին ընտրության անհրաժեշտություն: Այսինքն վերադառնում ենք ելման կետին՝ ապրիլի 23-ից հետո ստեղծված իրավիճակին: Երկրորդ իրավիճակում, եթե, այնուամենայնիվ, «կայուն խորհրդարանական մեծամասնությունը» տա իր համաձայնությունը եւ ընդունի կառավարության ծրագիրը, ապա ի՞նչ երաշխիք, որ այդ կառավարությունը չի արժանանա անվստահության: Այսինքն, այսպես, թե այնպես, այդ կառավարության գլխին մշտապես կախված է դամոկլյան սուրը, որը «կայուն խորհրդարանական մեծամասնությունը» կարող է գործադրել իրեն հարմար պահին:
Հաջորդ իրավիճակը դա այն է, որ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ԱԺ-ն արձակվում է եւ նշանակվում է խորհրդարանական նոր ընտրություն: Բայց այդ դեպքում մի այլ սուր է կախված, որի սայրը պակաս սուր չէ: Դա ընտրական օրենսգիրքն է, որն իմ համոզմամբ, հակասում է հենց նույն Սահմանադրությանը: Այդ մասին մի այլ առիթով:

Այժմ անդրադառնանք Սահմանադրության 89-րդ հոդվածին, որում ամրագրված է «կայուն խորհրդարանական մեծամասնությանը» վերաբերող դրույթը՝ «ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը»: Նախ, ինչո՞ւ այդ կարեւորագույն խնդիրը չի լուծում Սահմանադրությունը: Երկրորդ, ինչո՞ւ պետք է կոալիցիա կազմելը որեւէ ձեւով սահմանափակվի, ինչպես նախատեսված է այդ նույն հոդվածով: Ակնհայտ է, որ այդ սահմանափակումը նախատեսված է այն դեպքերի համար, երբ հանկարծ իշխող կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը չկարողանա ապահովել խորհրդարանական տեղերի մեծամասնությունը, մյուս կուսակցությունները չկարողանան ձեւավորել մեծամասնություն: Այլ հանգամանքների մեջ չխորանալով, կարծում եմ կարելի է հավաստել, որ «կայուն խորհրդարանական մեծամասնությունը» ոչ-ուղղակիորեն հաստատում է իշխող կուսակցության գերակա դիրքերը կառավարման ողջ համակարգում, ինչն էլ արձանագրվեց վերջերս, երբ հայտարարվեց, որ «իշխանությունը մոնոպոլիզացվել է»:

Այս օրերին, երբ խորհրդարանում ընտրվեց նոր վարչապետ, «կայուն խորհրդարանական մեծամասնությունը» հայտարարեց, որ ինքը դառնում է ընդդիմություն: Բայց դա նոնսենս է, անհասկանալի եւ անիրագործելի մի բան, որի նմանը չկա արդի պառլամենտարիզմի շրջանակներում:

Բացի ասվածից, հարկ եմ համարում նշել նաեւ, որ առանց «կայուն խորհրդարանական մեծամասնության» «թույլատվության» հնարավոր չէ կազմակերպել ոչ նոր ընտրություն, ոչ հանրաքվե, ոչ սահմանադրական փոփոխություններ:

Սահմանադրության էությունը իշխանության սահմանափակումն է: Այն կոչված է քաղաքական, տնտեսական բոլոր հնարավոր բախումներից խուսափելով՝ հարցերի լուծումը տեղափոխել իրավական հարթություն եւ եթե օրվա հրատապ, այդ թվում եւ առաջին հերթին քաղաքական հարցերի լուծումը այդ Սահմանադրությունը չի տալիս, նշանակում է այդ Սահմանադրությունը Սահմանադրություն չէ, այնպես, ինչպես սովետական հանրահայտ Սահմանադրությունը, որը թեեւ կոչվում էր այդպես, բայց ամենեւին չէր համապատասխանում Սահմանադրությանը: Չէր համապատասխանում, որովհետեւ դրանում ամրագրված էր ՍՄԿԿ ղեկավար դերը, չկար իշխանությունների տարանջատում, չկար փոքրամասնությունների իրավունք եւ գործում էր, այսպես կոչված՝ դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքը եւ այլն: Այն հիրավի հիանալի Հիմնական օրենք էր, ինչը նույնպես ամրագրված էր այդ Սահմանադրության վերնագրում:

Ասվածից բխում է, որ ներկայումս գործող Սահմանադրությունից անհրաժեշտ է շուտափույթ հրաժարվել, բայց ինչպիսի՞ իրավական ճանապարհով, որը համապատասխանի Սահմանադրությանը: Միակ ճանապարհը «կայուն խորհրդարանական մեծամասնությունից» կամովին հրաժարվելն է, հակառակ պարագայում, ինչպես նախկինում, նորից մարդկանց դուրս կբերեք փողոց, կստեղծվի էլ ավելի հզորացված ճգնաժամ, անկայուն իրավիճակ, այնինչ ձեր իսկ գրված Սահմանադրությամբ ցանկանում եք Հանրապետությունում ստեղծել կայունություն: Տվյալ դեպքում կայունության գրավականը ձեր հրաժարականն է:

Վերջում ցանկանում եմ մի քանի մեջբերում կատարել հանրահայտ պատմաբան Ա. Տոյնիբիի գրքից (Постижение истории, избранное, М. 2003չ.): Նա եզրակացնում է. «Մեղավորը կոչնչանա ոչ թե Աստծո միջամտությամբ, այլ սեփական գործերով» (էջ 319): Որ դուք սխալ եք, այդ ես չեմ ասում, այլ ձեր Առաջնորդը եւ էլի մի քանիսը: Մի այլ առիթով մեծ պատմաբանը նշում է. «…դերերի հերթափոխը կատարում է բարոյական օրենքի նկատմամբ ներքին ազդեցության շնորհիվ, այլ ոչ թե որեւէ արտաքին ճնշմամբ» (էջ 319): Բացի այդ, նա նշում է, որ «անկման վիճակում գտնվող քաղաքակրթության ճակատագիրը որոշվում է Հիսուսի մարգարեությամբ. «….մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գօտիդ կապում եւ գնում էիր՝ ուր եւ կամենում էիր: Սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կը բարձրացնես, եւ ուրիշները քեզ գօտի կը կապեն ու կը տանեն՝ ուր չես կամենայ» (Ավետարան ըստ Հովհաննէսի, 21, 18)» (էջ 316):

Ձեր ցանկալի կայունությունը անշարժ (ստատիկ) կայունությունն է, որ լինում է միայն գերեզմանատանը կամ ճահճում, այնինչ անհրաժեշտ է ապահովել շարժուն (դինամիկ) կայունություն, ինչը կարող է ապահովել առաջընթացը, որի առնչությամբ նա նշում է. «Ակնհայտ է, որ այդ մշտական ռիսկը աճում է, երբ հասարակությունը գտնվում է կայուն դինամիկ աճի գործընթացում եւ նվազում է, երբ հասարակությունը կայուն վիճակում է» (էջ 314):

Ներիր մեղավորիս:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ քաղաքացի
13.05.2018

«Առավոտ»

16.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031