Լրահոս
Օրվա լրահոսը

Կան նոր Հայաստանի կայացման լուրջ նախադրյալներ

Մայիս 17,2018 12:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է Ժողովրդավարության, անվտանգության
եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը

– Նախ կուզենայի Ձեր կարծիքն իմանալ՝ ի՞նչ տեղի ունեցավ վերջին շաբաթներին Հայաստանում: Նիկոլ Փաշինյանի հռչակած թավշյա հեղափոխության հաղթանակն ինչո՞վ եք բացատրում: Շատերը վերջին շաբաթներին բողոքի, ընդվզումների ալիքը զարթոնք որակեցին եւ դա նոր Հայաստան կառուցելու ճանապարհին լուրջ հիմք են համարում, համաձա՞յն եք:

– Ամենակարեւորը, ինչ տեղի ունեցավ վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում, իմ կարծիքով՝ այն է, որ մենք կարողացանք վերջնականապես հոգեբանորեն ազատվել ԽՍՀՄ-ի բացասական ժառանգությունից, ավարտին հասցնել դեռ 1988թ. սկսված գործընթացը, վերականգնել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը եւ քաղաքացիական գիտակցությունը: Այդ ամենը հնարավոր դարձավ իրական սերնդափոխության արդյունքում, որը եւ խթան հանդիսացավ ազգային զարթոնքի, համազգային ընդվզման եւ հասարակության մտածելակերպի ազատականացման:

Համառոտ անդրադառնանք իր մեթոդաբանությամբ եւ խաղաղ ընթացքով թերեւս աննախադեպ հայկական թավշյա հեղափոխության որոշ նախադրյալներին ու դրդապատճառներին: Մի կողմից՝ քայքայված տնտեսություն, սոցիալական, իրավական ու տնտեսական անհավասարություն, հուսահատություն եւ արտագաղթ, մյուս կողմից՝ այդ ամենին երկիրը եւ հասարակությանը հասցրած, իրականության զգացողությունը կորցրած ՀՀԿ-ական իշխանություն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եւ իշխանության հետ սերտաճած մի խումբ օլիգարխներ, ովքեր երկու տասնամյակ տեւող ապօրինությունների եւ բռնության շնորհիվ տիրացել են ազգային հարստության մոտ 80 տոկոսին: Միեւնույն ժամանակ, տարիների ընթացքում, մասնավորապես 2008-ից ի վեր, կեղծված ընտրությունների եւ տարբեր այլ խնդիրների պատճառով պարբերաբար տեղի ունեցող ընդվզումները, զանգվածային ցույցերը չնայած չհանգեցրին իշխանափոխության, բայց մեծագույնս նպաստեցին սովետական մարդուն բնորոշ վախերից ու բարդույթներց ազատ եւ իր ապագայի ու սկզբունքների համար անվախ պայքարող նոր սերնդի ձեւավորմանը: Այս զուգահեռ իրականությունների պայմաններում տասը տարի նախագահի աթոռը զբաղեցրած եւ իր անձը պետության հետ նույնականացնող Ս. Սարգսյանը, խախտելով իր խոսքը, առաջադրվում ու խորհրդարանի կողմից ընտրվում է ՀՀ վարչապետ՝ դրանով իսկ հայտ ներկայացնելով այսուհետ նույնպես շարունակաբար զբաղեցնելու երկրի ղեկավարի պաշտոնը: Ս. Սարգսյանի այս քայլը ոչ միայն առիթ հանդիսացավ հասարակական դժգոհության նոր ալիքի, այլ նաեւ հարվածի տակ դրեց ողջ իշխանական համակարգը՝ ՀՀԿ-ի գլխավորությամբ:

Ստեղծված իրավիճակում նրանց իշխանության դեմ համազգային հեղափոխական հզոր ալիքի ձեւավորման համար անհրաժեշտ էր հասարակության ակնկալիքները, ձգտումները արտահայտող եւ անձնուրաց պայքարի պատրաստ առաջնորդ: Եվ հենց այդպիսի առաջնորդ դարձավ Նիկոլ Փաշինյանը, ով, ունենալով ընդդիմադիր գործչի մեծ փորձ եւ հաշվի առնելով բոլոր նախկին ընդդիմադիր շարժումների ընթացքում կատարված սխալները, կարողացավ իր թիմի հետ եւ հենվելով հիմնականում երիտասարդության ներուժի վրա անել քայլեր, որոնք առավելագույնս համախմբեցին հայ հասարակությանը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Պետք է նշել նաեւ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը բացարձակապես այլ քաղաքական մշակույթի կրող է, իրադարձությունների ընթացքում իր չեզոք եւ հավասարակշռված կեցվածքով նույնպես որոշակի զսպվածություն թելադրեց ՀՀԿ-ին: Այս բոլոր նախադրյալների ու գործոնների համատեղման արդյունքում այսօր մենք ունենք նոր կառավարություն, որը գլխավորում է ժողովրդի կողմից առաջադրված եւ քաղաքացիական ճնշման տակ ԱԺ-ի կողմից ընտրված թեկնածուն: Իհարկե, դեռ շատ վաղ է խոսել հեղափոխության հաղթանակի մասին, ավելին՝ ամենադժվար գործը իրականում դեռ առջեւում է, սակայն, անկասկած, մենք վկա ենք ազգային զարթոնքի եւ նոր Հայաստանի կայացման լուրջ նախադրյալների առաջացման:

– Ռուսաստանի լոյալությունը թավշյա հեղափոխության նկատմամբ բավական քննարկվում է թե՛ մեր հասարակության, թե՛ օտարերկրյա փորձագետների, լրատվամիջոցների շրջանում: Ինչո՞ւ էր Մոսկվան զուսպ, հավասարակշռված Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:

– Կարծում եմ, որ Ռուսաստանի լոյալությունը պայմանավորված էր մասնավորապես հետեւյալ գործոններով: Նախ, ինչպես բազմաթիվ անգամ հայտարարել էին Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակիցները, իրենց նախաձեռնած եւ ղեկավարած թավշյա հեղափոխությունը կրում էր բացառապես ներքաղաքական բնույթ, պայմանավորված չէր արտաքին ազդեցությամբ կամ որեւէ միջամտությամբ, նպատակ ուներ հիմնովին փոխել վերջին երկու տասնամյակի ընթացքում մեր երկրում հաստատված ապազգային քաղաքատնտեսական հանցավոր համակարգը՝ միեւնույն ժամանակ անփոփոխ թողնելով Հայաստանի առ այսօր վարած արտաքին քաղաքականության հիմնական վեկտորները՝ ներառյալ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները եւ մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին:

Ուստի այս հեղափոխական ալիքն անմիջական վտանգ չէր ներկայացնում Հայաստանում եւ ընդհանրապես Հարավային Կովկասում Ռուսաստանի համար: Ցույցերի եւ անհնազանդության այլ գործողությունների աննախադեպ ծավալը, հասարակության բոլոր շերտերի, տարիքային խմբերի եւ, մասնավորապես, երիտասարդության ներգրավվածությունը, ինչպես նաեւ ամբողջ աշխարհով հայ համայնքներում բարձրացած բողոքի ալիքը Մոսկվային ակնհայտորեն ցույց տվեցին Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի նկատմամբ տարիների ընթացքում կուտակված ատելությունը, հայ հասարակության կողմից նրանց մերժվածության աստիճանը:

Անկասկած, ինչպես մեր հասարակության, այնպես եւ Մոսկվայի ուշադրությունից չվրիպեց նաեւ Սերժ Սարգսյանի կողմից Մարտի 1-ի իրադարձությունների հիշեցումը եւ դրանց կրկնման սպառնալիքը, ինչը անուղղակիորեն հարվածի տակ դրեց նաեւ Ռուսաստանին: Աննախադեպ էր նաեւ միջազգային մամուլի ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, խոշորագույն համաշխարհային լրատվամիջոցները լուսաբանում էին հեղափոխության ամբողջ ընթացքը՝ բաց չթողնելով որեւէ դետալ: Պետք է հաշվի առնել նաեւ միջազգային հարթակում Ռուսաստանի ներկայիս խնդիրները, թշնամանքի հասնող լարվածությունը Արեւմուտքի հետ, միջազգային պատժամիջոցների քաղաքական եւ տնտեսական հետեւանքները եւ այլն:

Այս իրավիճակի հիմնական պատճառներից է հենց այլ երկրների, մասնավորապես նախկին ԽՍՀՄ հանրապետությունների՝ Ուկրաինա, Վրաստան, ներքին գործերին ՌԴ-ի ապօրինի միջամտությունը: Այս պայմաններում, նաեւ Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի համաշխարհային առաջնության նախօրեին, շատ անհավանական էր ՌԴ-ի որեւէ ակտիվ միջամտություն եւ աջակցություն Ս. Սարգսյանին: Դա միանշանակ նոր լիցք կհաղորդեր ՌԴ-Արեւմուտք լարվածությանը եւ անկասկած հակառուսական տրամադրությունների մեծ ալիք կբարձրացներ նաեւ Հայաստանում:

– Արտաքին քաղաքական հարցերում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հստակ հասկացնել տվեց, որ կտրուկ փոփոխություններ չեն լինելու: Մասնավորապես՝ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը նոր իշխանության պարագայում կարո՞ղ է արդյունավետ լինել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին տարիներին այս կառույցները տարբեր հարցերում արդարացիորեն քննադատվել են մեզանում:

– Կարծում եմ, որ ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման, երկրի քաղաքական եւ տնտեսական հզորացման եւ դրա հիման վրա ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու պայմաններում հնարավոր կլինի նախ՝ չեզոքացնել այդ կազմակերպություններին, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հետ կապված որոշ վտանգներ եւ հնարավոր բացասական դրսեւորումներ, որոնք հիմնականում պայմանավորված են ներկայումս Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների լարվածությամբ, ՌԴ-ի կայսերական ամբիցիաներով եւ Հայաստանի թուլությամբ, ապա նաեւ աշխատել արդյունավետ, մեր ազգային շահերին համապատասխանող համագործակցություն ունենալ դրանց շրջանակներում: Ամեն դեպքում, հաշվի առնելով թե՛ իրավիճակը միջազգային հարթակում եւ թե՛ մեր ներքին քաղաքական իրավիճակը, Հայաստանն այս պահին այլընտրանք չունի եւ պետք է աշխատի հնարավորինս օգտվել բոլոր այն կազմակերպություններից, որոնց անդամակցում է՝ ներառյալ ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը:

– ԵՄ-ի, ԵԽ-ի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանի նոր կառավարության հետ հարաբերությունները, փոխգործակցությունը շարունակելու ազդակներ են հնչել: Արեւմուտքի հարաբերությունները խորացնելու նոր հնարավորություններ տեսնո՞ւմ եք, կամ՝ ի՞նչ պայմաններում կարող է այդ հարաբերություններին նոր որակ հաղորդվել:

– Անկասկած տեսնում եմ: Մենք ունենք համագործակցության տարբեր շրջանակներ ե՛ւ այդ կառույցների, ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ աշխարհի այլ պետությունների հետ: Վերջին տարիների ընթացքում աննախադեպ կերպով ընկել էր Հայաստանի միջազգային վարկանիշը, նվազել էր ե՛ւ միջազգային վստահությունը, ե՛ւ հետաքրքրությունը մեր նկատմամբ: ՀՀ-ի միջազգային հարաբերություններին նոր որակ հաղորդելու անհրաժեշտ պայմանները հայտնի են: Դրանցից են Հայաստանում ինքնիշխանության ամրապնդումը, երկրում քաղաքական, իրավական եւ տնտեսական ներքին բարեփոխումների իրականացումը, կոռուպցիայի, հովանավորչության վերացումը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը եւ այլն: Այս ամենի անհրաժեշտությունը հնչեցվել է տարիներ շարունակ, սակայն միայն թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում կտրուկ փոխվեց նաեւ միջազգային հանրության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, մեզ ընձեռեց այդ ամենին հասնելու իրական հնարավորություն:

– Խորհրդարանական մեծամասնությունն իրեն հայտարարել է ընդդիմություն, իսկ գործադիր իշխանությունը դիտվում է որպես փոքրամասնության կառավարություն: Հասկանալի է, որ սա բավական բարդ, եթե չասենք՝ վտանգներով հղի իրավիճակ է: Ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը՝ ներքաղաքական ճգնաժամից խուսափելու նպատակով:

– Ըստ էության, մեր ներկայիս գործադիր իշխանությունը նույնիսկ չի կարելի անվանել փոքրամասնության կառավարություն այդ սահմանման դասական իմաստով, ավելի շուտ՝ հեղափոխական ժամանակավոր կամ անցումային կառավարություն, իսկ խորհրդարանական մեծամասնությունը ցանկացած պահին տարբեր հարթություններում «հարձակման» պատրաստ հակահեղափոխության կորիզ է, որը ոչ միայն մեծամասնություն է ԱԺ-ում եւ կարող է վիժեցնել Փաշինյանի թիմի ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, այլեւ իր տրամադրության տակ ունի հսկայական վարչական եւ ֆինանսական ռեսուրս:

Ակնհայտ է, որ ներքաղաքական ճգնաժամի խորացումից խուսափելու, քաղաքական դաշտը մաքրելու, հեղափոխության ձեռքբերումները պահպանելու եւ իրավականորեն հաստատելու միակ ճանապարհը, որը նաեւ կապահովի Հայաստանի հետագա կայուն զարգացումը, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Սակայն քիչ հավանական է, որ ՀՀԿ-ն համաձայնի արտահերթ ընտրության: Նրանք կարող են չհաստատել Ն. Փաշինյանի կառավարության ծրագիրը եւ վարչապետի հերթական ընտրության ժամանակ փորձեն անցկացնել իրենց համար նախընտրելի այլ թեկնածու, կամ էլ հաստատեն ծրագիրը եւ հաջորդ մեկ տարվա ընթացքում, օգտագործելով բոլոր իրենց լծակները, տապալեն կառավարության գործողությունները, վարկաբեկեն ընդդիմությանը եւ որոշակի պահին, բացարձակապես այլ պայմաններում փորձեն վերադարձնել իշխանությունը:

Այսպիսով, չնայած հանգուցալուծումն այս պահին դեռ տեսանելի չէ, ակնհայտ է, որ իրավիճակը պահանջում է նոր կառավարությունից հստակ, իրատեսական ծրագիր եւ կտրուկ քայլեր գործադիր համակարգի, մասնավորապես իրավապահ, ինչպես նաեւ դատական եւ ընտրական մարմինների առողջացման եւ նախորդ իշխանության ազդեցության չեզոքացման միջոցով իր դիրքերի ամրապնդման համար: Միայն ուժեղ, հասարակության աջակցությունը գործողություններով վաստակող ժամանակավոր կառավարությունն է կարող հավասարակշռել նախկին իշխանություններին եւ հնարավորինս անցնցում հասնել արտահերթ ընտրությունների:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

16.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031