ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օր 3. ամփոփում՝
Առավոտը սկսեցինք կառավարության ծրագրի մշակման շուրջ նախարարության ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային քննարկումով:
Հանդիպեցի ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի հետ. ինչից ասես, որ չխոսեցինք:
Հեռախոսազրույց ունեցա Հրանուշ Հակոբյանի հետ. Սփյուռքի նախկին նախարարն ինձ աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ անհրաժեշտության դեպքում (աշխատանքային երկրորդ օրվա ամփոփման մեջ Մխիթար Հայրապետյանը նշել էր. «Հրանուշ Հակոբյանն ինձ իր մակագրությամբ գիրք նվիրեց ու բարի երթ մաղթեց».- խմբ)
Ողջ օրվա ընթացքում ընդունեցի արտասահմանից ժամանած մի քանի բարերարների: Հիմնական քննարկվող թեմաներն էին ներդրումներն ու հայրենադարձությունը:
Ընդունեցի նաև Նաթան արքեպիսկոպոսին:
Իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվեց Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը (ավելի վաղ նախարարը հաղորդել էր, որ իր դիմումի համաձայն` աշխատանքից ազատվել է փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը: Նաեւ, որ իր առաջին նշանակումն է՝ թուրքագետ, «Եփրատ» մերձավորարևելյան ուսումնասիրություններիր կենտրոնի տնօրեն, Թուրքագիտական պորտալի հիմնադիր, հայտնի թուրքագետ Գևորգ Պետրոսյանն այլևս նրա խորհրդականն է (հասարակական հիմունքներով).-խմբ):
Հանդիպեցի մոնիթորինգի նորաստեղծ խմբի անդամների հետ: Նրանք ինձ զեկուցեցին Սփյուռքի նախարարության վերջին շրջանում ծավալած գործունեության վերաբերյալ տեղական ու միջազգային մամուլում, ինչպես նաև սոցիալական ցանցերում առկա դրական ու բացասական արձագանքները:
Դե իսկ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ 19:00-ին, մասնակցեցի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնող խմբի նիստին: