Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդային միություն կոչվող պետության եւ համակարգի դեմ բոլոր պայքարողները նպաստել են Հայաստանի անկախության կայացմանը»

Մայիս 17,2018 12:30

«Աշոտ Նավասարդյանը պահանջել էր, որ դահլիճից հեռացնեն իր հարազատ պապին»,- հիշում է Վարդան Հարությունյանն իր «Քաղբանտարկյալի պատմությունը» գրքում:

«Այստեղ դրվագներ են իմ կյանքի ընդամենը ութ տարուց: Տարիներ, որ հանուն Հայաստանի անկախության անցկացրել եմ խորհրդային կալանավայրերում: Թե ինչքան է եղել իմ ներդրումն անկախության կայացման գործում, ես չէ, որ պետք է ասեմ ու գնահատեմ: Թե ինչքան են եղել իմ դերն ու նշանակությունը այդ գործում, կրկին իմ գնահատելիքը չէ: Ես մենակ չեմ եղել: Խորհրդային միություն կոչվող պետության եւ համակարգի դեմ բոլոր պայքարողները նպաստել են Հայաստանի անկախության կայացմանը»,-նոր լույս տեսած գրքում գրել է խորհրդային տարիներին ազատազրկման վայրերում անցկացրած քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանն իր «Քաղբանտարկյալի պատմություն» գրքում: Այն հեղինակի երկրորդ գիրքն է` «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» աշխատությունից հետո:

Վարդան Հարությունյանը պատմում է կալանավայրում անցկացրած տարիների, իր ընկերների, ծանոթների մասին, որոնց միջավայրում ձեւավորվել է, կայացել է:
«Առանց իմ ճանապարհին հանդիպած այս մարդկանց ես՝ ես չէի լինի: Նրանցից ոմանք խիստ էական ազդեցություն են թողել ինձ վրա, նպաստել են, որ լինեմ այնպիսին, ինչպիսին կամ, ոմանց բացասական կերպը տեսնելով հասկացել եմ, թե ինչպիսին լինել չի կարելի: Գոհ եմ ճակատագրից, որ ինձ այսքան շատ լավ, արժանավոր ու հետաքրքիր մարդկանց է հանդիպեցրել…ճակատագրից բողոքներ չունեմ»,-գրել է Վարդան Հարությունյանը:
«Որտեղից եմ գալիս», «Առաջին բանտախուց», «Նախաքննություն», «Դատավարություն», «Բանտից բանտ ճանապարհորդություն`էտապ», «Դեպի Մագադան», «Դեպի Բուրկանդիա», «Կալանավայրերի կենսապայմանները»… ահա գրքի առանձին խորագրերը:
Մի շնչով կարդացվող գրքում կան պատմություններ իրական մարդկանց մասին, ովքեր շատ քչերին են ծանոթ:


Նրանցից մեկն էր «Հայաստանի վերամիավորման շարժում» կազմակերպության գործով «անցած», 1971 թվականին դատապարտված քաղբանտարկյալ Յուրիկ Բուդաղյանը, որն անազատության մեջ էր Մորդովիայում, Պերմում:
Ի դեպ, Յուրիկը նկարագրել է կալանավայրերի դաժան պայմանները. «Դաժան բան էր: Քրեականներ, հակահիգիենիկ պայմաններ, միջատներ: Կալանավայրում արդեն հեշտ էր: Մորդովիայում էինք: Այնտեղ քաղաքական կալանավայրերում արդեն քաղբանտարկյալ ու ադմինիստրացիա փոխհարաբերությունները տասնամյակների ընթացքում հստակեցվել էին»:


Վարդանը ներկայացնում է նաեւ Մարզպետին` Հարությունյան, Շանթ Հարությունյանի հորեղբորը, որը տասնութ տարի առաջ մահացել է ԱՄՆ-ում:
«Մարզպետն իմ կյանքում որոշիչ դեր է խաղացել: Ինձանից մեծ էր քսան տարով եւ իմ ճանաչած առաջին իսկական հակասովետական մարդն էր: Նա ամեն ինչ պայմանավորում էր քաղաքականությամբ: Ասում էր՝ սկզբում պետք է ոչնչացնել խորհրդային կարգերն ու խորհրդային երկիրը, որ հետո հնարավոր լինի լուծել հայ ժողովրդին հուզող կարեւորագույն խնդիրները: Ես ոգեւորված էի: Մեր բարեկամությունը սկսվեց միանգամից ու ընդհատվեց»,-հիշում է Վարդան Հարությունյանը: Մարզպետը նրան պատմում է ԱՄԿ-ի, ԱՄԿ համակիրների ձերբակալությունների, դատավարությունների մասին, բանտերի, այնտեղ զոհված հայազգի նվիրյալների մասին, ՊԱԿ-ի մեկուսարանի կտտանքների, ապա հոգեբուժարանների մասին:

Քսանամյա Վարդանը հիշում է իր դատավարությունը.
«Մեզ պետք է դատեին Գերագույն դատարան կոչվող կառույցում: Մարզպետը մորուքով էր, ինչը նրան անչափ լուրջ տեսք էր հաղորդում: Դահլիճը բավական մեծ էր: Նստարանները երկու շարք էին:…Բաց հայտարարված դատական նիստին մուտքի իրավունք ունեին խիստ սահմանափակ մարդիկ: Առաջին շարքի առջեւի նստարաններն արդեն զբաղված էին: Մեզ անծանոթ մարդիկ էին նստած: Չեկիստներ էին ու իրենց այլ համակարգերի աշխատակիցներ»:


Խումբը, որի մասին գրում է Վարդանը, Իշխան Մկրտչյանն էր, Սամվել Եղիազարյանը, Մարզպետ Հարությունյանը, Հովհաննես Աղաբաբյանը:

Դատախազն, ի դեպ, Պապին Թոխյանն է եղել, դատավորը՝ Սուրեն Դանիելյանը:
Վերջինի հետ կապված, ինչպես նկարագրում է գրքի հեղինակը, բազմաթիվ միջադեպեր էին գրանցվել. Պարույր Հայրիկյանը, հիշում է Վարդանը, պահանջել էր նիստերի դահլիճից հանել Լենինի մեծադիր նկարը` պնդելով, որ նա հանցագործ է:
Իսկ Աշոտ Նավասարդյանը պահանջել էր, որ դահլիճից հեռացնեն իր հարազատ պապին, որն անընդհատ դիտողություններ էր արել Աշոտին: Բագրատ Շահվերդյանն իրեն վիրավորող դատախազին պատասխանել էր ավելի խիստ վիրավորանքով:
Քաղբանտարկյալների համար դատարանը հարթակ էր իրենց գաղափարները բարձրաձայնելու համար:

Վարդանը ներկայացնում է նաեւ խորհրդային քաղբանտարկյալների եւ փաստաբանների փոխհարաբերությունների մասին: Նա հիշում է, թե ինչպես են հրաժարվել փաստաբաններից:

Ներկայացնելով Իշխան Մկրտչյանի ցուցմունք տալը, Վարդանը հիշում է, որ Իշխանը պայման էր դրել, որ մեջքով է կանգնելու դեպի դատարանը, եւ միայն այդ դիրքով ցուցմունք կտա. «Դատարանին չեմ հարգում, իսկ դահլիճում իմ ընկերներն ու իմ ծնողներն են, որոնց հարգում եմ: Եթե ցանկանում եք ինձնից ցուցմունքներ լսել, ապա սա է իմ պայմանը»:
Գրքում նաեւ այլազգի քաղբանտարկյալների մասին կա.. Զուրաբ Գոգիա, Ստեփան Խմարիա, Անատոլի Մարչենկո, Եվգենի Անդրյուշին, Անդրեյ Շիլկով, Միկոլա Մատուսեւիչ…
Գիրքը լույս է տեսել հայկական ուսումնասիրությունների «Անի» հիմնադրամի կողմից, 250 օրինակով: Խմբագիրն է Լիզա Ճաղարյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

16.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031