«Վստահ եմ` լավագույն թեկնածուներ կան կառավարության կազմում, բայց ես վստահ եմ, որ մոտ մի հարյուր ավելի լավ կադրեր էլ կան ոչ կառավարության ներսում»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանը:
Դավիթի հավաստմամբ՝ այնպես չէ, որ նշանակված նախարարները միակն են: Այս առիթով նա մանրամասնեց. «Սա ժամանակավոր կառավարություն է, և անդամները բավականին սև գործ են վերցնում իրենց վրա: Նրանք քնելու են երեք ժամ ինչպես և ես: Վստահ չեմ, որ այս կառավարությունը երկար կյանք է ունենալու: Կա քաղաքական որոշում, որ այն պետք է նախապատրաստի առաջիկա ընտրությունները»:
Ըստ Դավիթ Սանասարյանի՝ նոր կառավարության լուծելիք կարևորագույն խնդիրը կոռուպցիան է:
Դառնալով ուսանողական շարժմանը և ուսանողների ակտիվությանը, Դավիթ Սանասարյանը հայտարարեց. «Ուսանողական շարժում ասածը մեզ համար միշտ եղել է երազանքի նման մի բան: Միշտ զարմացել եմ, որ այլ երկրներում ուսանողները հենց առաջին շարքում են լինում ու կոտրում համալսարանի դռները»:
Իր մասին պատմելով Դավիթ Սանասարյանը ժպտալով նշեց, թե քաղաքացիական ակտիվիստ իրենք հումորով թարգմանում են քաղաքացիական աշխուժակ: Իր ընտանիքի մասին պատմելով՝ նշեց, թե որդիներին ինքն է քնած տեսնում, որդիներն էլ՝ իրեն: Հետո էլ հիշեց՝ ամենաշատ գրքերը կարդացել է Նուբարաշեն քրեակատարողականում՝ 21 օրվա ընթացքում: Դավիթ Սանասարյանը շատ բան է սովորել Րաֆֆի Հովհաննիսյանից և Լարիսա Ալավերդյանից: Նշեց, թե Րաֆֆի Հովհանիսյանից սովորել է իրավատեր քաղաքացի լինել, իսկ Լարիսա Ալավերդյանի ներկայությունը մշտապես զգացել է փաստաբանների, զանգերի տեսքով:
Անդրադառնալով իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին՝ Դավիթը չթաքցրեց, որ որոշ հարցերի շուրջ ունեցել է անհամաձայնություն նրա հետ. «Նիկոլը շատ էր խոսում հակաբռնության մասին, որը պետք է բացառել: Ինքս իմ ողջ պայքարի ընթացքում խաղաղ պայքարի կողմնակիցն եմ եղել ու ես մեր խոսակցությունների, քննարկումների ժամանակ խնդրեցի, թե Նիկոլ, քիչ խոսիր հակաբռնության մասին, ավելի լավ է մենք մեր գործով ցույց տանք, թե ինչպիսին պիտի լինի մեր պայքարը: Մարդկանց մոտ պատասխանելու իրավունքի ռեակցիա կառաջանա, իսկ պաշտպանվելու իրավունքը սուր է: Բայց հիմա, ինչպես Սերժն էր ասում, Նիկոլը ճիշտ էր, ես սխալ: Այդ քաղաքականությունը ապացուցեց ճշմարտացիությունը: Ու մի առիթով ես էլ ասացի՝ ծեծեք ինձ ինչքան ուզում եք, չեմ պատասխանելու, մինչև վերջ չեմ պատասխանել, դա իմ ուժն է եղել, մեր հաղթանակի գրավականը»:
Հարցին, եթե ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնությունը մերժի Նիկոլ Փաշինյանի օրինագծերը, ի՞նչ է լինելու, Դավիթը պատասխանեց. «Թող չընդունեն, նորից իրենք կհիշեն իրենց դառն օրերը, որ տեղի ունեցավ ամսի երկուսին ու դրանից առաջ: Եթե կփորձեն իրենց բախտը մեկ անգամ ևս, մենք կասենք, թե իրենց տեղը որտեղ է: Ուզում եմ, որ ՀՀԿ- լինի այն փոքրամասնությունը, որ մենք երկար ժամանակ եղել ենք: Շատերը բանտերում կհայտնվեն իրենց արած անօրինությունների համար»:
Դավիթ Սանասարյանը նշեց, թե նոր Հայաստան ստեղծելու համար պետք է կրթական համակարգը փոխել՝ զարգացնել երիտասարդների քննադատական մտածողությունը:
Սասնա ծռերին բաց թողնելու մասին հարցին ի պատասխան Դավիթն ասաց. «Քաղաքական ուժ, կամ հանցավոր խմբավորում, որը ՀՀԿ-ն է, զենքի ուժ է օգտագործել հոկտեմբերի 27-ին, մատի 1-ին: Երբ ընտրությունները կեղծելով՝ ուժը գալիս է իշխանության, նշանակում է զավթում է: Սասնա ծռերը երկար տարիներ պայքարել ու հանդիպել են ուժի: Գևորգ Սաֆարյանին երկաթե ձողերով ծեծել, քցել են գետնին, Բերձորի դեպքերը, երբ Արցախն ազատագրած մարդկանց վրա ոստիկանական խուժանը հարձակվեց, սկսեցին նրանց ծեծել: Այդ մարդիկ ուրիշ ճար չեն տեսել:
Ինքս զենքով հարց լուծելու կողմնակից չեմ: Նրանք կատարել են գործողություն, որը միջազգային օրենսդրությամբ ամրագրված բան է. եթե մի կողմը զենքով իշխանություն է պահում, ինչո՞ւ մյուս կողմից չպետք է կարողանան զենք վերցնել: Ես այդ օրերին դրսում եմ եղել և հենց այդ օրերին բանտարկվել եմ: Եթե ուզում ենք փակել հին Հայաստանի դուռը, ես ողջունում եմ, որ վարչապետը նույնպես այդ դիրքորոշումն ունի, որ ՀՀ-ում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, նույն Սասնա ծռերը բանտերից դուրս պիտի գան իրավական ճանապարհով, և ՀՀ-ում այլևս չպետք է լինեն քաղբանտարկյալներ: Դուք կասեմ մարդասպանություն, ես կասեմ մարտի 1, հոկտեմբերի 27: Երբ ասում են, որ մարդասպանները չպետք է լինեն ազատության մեջ, ասում եմ՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ու իրենց հանցագործ գործունեությունը սպասարկող մարդիկ պիտի լինեն բանտերում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի
Ամենահզոր’ կուսակցության ղեկավարը արտահայտվեց, Դուք արտահայտվում եք’ <>,իսկ մնացած երամները տաք երկրներ են փնտրում:
Ճիշտը այն է, որ մենք տեսանք 1992թ-ից, որին վերջ կտրվի քրտնաջան աշխատանքով և առանց հնդրելու ով ում տակ էր պառկել:
Ուղեղի կարողություն ունեցողը պետք է աշխատի, հակառակ դեպքում նա դավաճան է:
Միշտ պետք է հիշել. թալանելը և ստելը հեշտ է, ստեղծելը` դժվար: