Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղբա՛յր, Գյումրին կրկեսի մի վերածի, գնացքդ արդեն գնացել է»․Հովհաննես Մարգարյանը՝ Սամվել Բալասանյանին

Մայիս 16,2018 21:12

Ինչպես հայտնի է, վաղը Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 10 անդամներ, ևս երկուսը ԲՀԿ-ից ու մեկը «Հայկական վերածնունդ» կուսակցությունից անվստահություն են հայտնելու Սամվել Բալասանյանին։

Սա խիստ քննադատության է արժանացել ավագանու կազմում ընդգրկված մյուս կուսակցությունների՝ ԳԱԼԱ-ի, ԲՀԿ-ի ու «Հայկական վերածնունդի» կողմից, որոնց համոզմամբ, Սամվել Բալասանյանը շոու է կազմակերպել․ իր տեղն ամրապնդելու համար նա անվստահություն է հայտնում ինքն իրեն։ Հարցին, թե ինչո՞ւ եք ուզում անվստահություն հայտնել քաղաքապետին, նախաձեռնող խմբի անդամներից մեկը հրապարակայնորեն խոստովանել է, որ այդպես է ուզել քաղաքապետը։

Ինչևէ, «Բալասանյան դաշինքի» կողմից նման քայլի դիմելու պատճառը եղել է «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանի այն հայտարարությունը, որ ավագանու կազմում ընդգրկված մյուս ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել Սամվել Բալասանյանին։

Մենք այս թեմայով զրուցեցինք ԱԺ նախկին պատգամավորի հետ, որը տեղեկացրեց, թե Սամվել Բալասանյանի աշխատակցի անունով հիմնված «Գյումրեցի ոգի» կուսակցությանը 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր արժանապատվությունը վիրավորելու, իրեն բարոյական վնաս հասցնելու համար դատի տալուց ու դատարանի՝ ի օգուտ իրեն որոշում կայացնելուց հետո մամուլի ասուլիս է հրավիրել։

«Դատարանի որոշումից հետո ես մամուլի ասուլիս հրավիրեցի ու հայտարարեցի, քանի որ նոր Հայաստանում ենք ապրում , այլևս արդարության Հայաստանն է, այլևս փողի ու ճնշման ընտրություն չէ, այլևս քաղաքական հայացքների համար մարդուն չեն կարող հետապնդել, գլխին ինչ ասես սարքեն, ուրեմն մենք պետք է կարողանանք հետ վերադարձնել իշխանությունը գյումրեցիներին․ չէ՞ որ գյումրեցիները քվեարկել են մեզ համար, բայց նրանցից մանդատը խլել են։ Մի մանդատ մեզանից, մի մանդատ «Բարգավաճից» խլեցին, ես ասացի՝ օգտվելով օրենքի 68-րդ հոդվածի սահմանած կարգից․ քաղաքապետի աշխատանքի մեկ տարին լրանալուց հետո ավագանու անդամների 1/3-ը կարող են անվստահություն հայտնել։ Ես հայտարարեցի, որ կազմակերպելու եմ անվստահության գործընթաց իմ գործընկերների հետ և այն մտադրված ենք մոտ ժամանակներում քննարկել, մենք ունենք ավագանու 16 անդամ և անվստահություն կներկայացնենք, կանցկացնենք փակ, գաղտնի քվեարկություն, և ի վերջո թող ավագանին հնարավորություն ունենա ընտրելու քաղաքապետ։

Միաժամանակ ես ասացի, որ կանգ չեմ առնելու՝ ես երեք ուղղությամբ՝ Գյումրու ֆինանսական, բյուջետային միջոցների հետ կապված փորձելու եմ հստակեցումներ անել, ինչ է եղել հանրային բաղնիսի հարցը, որին բյուջեից գումար է ուղղվել։ Այն կուսակցության ղեկավարը, որն ինձ զրպարտել էր, ուսումնասիրեցի ու պարզեցի, որ նա ունի ընկերություն՝ «Պլատֆորմ» ՍՊԸ, որն իրականացրել է գյումրեցիներին լողացնելու սոցիալական ծրագիրը և որին բյուջեից 25 միլիոն փող է փոխանցվել։ Փաստաբաններս վեր հանեցին մի շարք հետաքրքիր հարցեր, ինձ մոտ փաստաթղթերի փաթեթ կա, որին իշխանությունները տարիներ շարունակ ուշադրություն չեն դարձրել, թե ինչպես է ծախսվել Գյումրու բյուջետային միջոցներն, այս աղքատ քաղաքի բյուջետային միջոցներն ինչին են ուղղվել և ինչ ձևի։

Այս ամենի հետ կապված ասացի, որ դիմելու եմ իրավապահ մարմիններին, որովհետև հիմա նրանք շատ արագ կարող են ընթացք տալ, առաջ չէին տալիս։

Ես անվստահության գործընթացի մասին հայտարարեցի, և հայտնեցի, որ դիմելու եմ իրավապահ մարմիններին՝ ուսումնասիրեն մեր քաղաքի միջոցները ինչպես են ծախսվել, և քրեական գործ հարուցեն, ուսումնասիրեն, թե ինչ հանցախումբ է գործել իմ անձի նկատմամբ։ Այդ պատվիրատուն ո՞վ է եղել, թեև բոլորիս հայտնի է, թե ում ականջներ են երևում այդ պատվերի հետևում, այսինքն ո՞վ է այդ նենգը, որ փորձել է կրակից ուրիշի ձեռքով շագանակ հանել և փչացնել երիտասարդներին այս քաղաքում, որպեսզի զրպարտեն։ Ոչ միայն ինձ զրպարտեցին, այլ զրպարտեցին նաև Վարդևան Գրիգորյանին, այսինքն՝ կեղտոտ տեխնոլոգիա էիր, որ փորձեին ներգրավել նաև իմ երիտասարդ թիմակիցներին և արյունահեղություն լիներ, որը ես թույլ չտվեցի։ Ասացի՝ ես ի զորու եմ օրենքով սահմանված կարգով հարցերը լուծել»։

Հովհաննես Մարգարյանը Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու մասին որոշումը համարում է կրկեսային սցենար։ «Ինձ համար իրոք զարմանալի է, որ չգիտես ինչու «Բալասանյան դաշինք»-ի ավագանու 10 անդամները՝ ներգրավելով երկու հոգու ԲՀԿ-ից և մեկ հոգու «Հայկական վերածնունդ»-ից որոշեցին ստորագրություն հավաքել և ոմն Տիգրան Հովհաննիսյանի, ես այդ տղային չեմ ճանաչում, նրա թեկնածությունն առաջադրել։

Եվ մեզ ուղարկեցին այդ թուղթը՝ մտածելով, որ մենք էլ թեկնածու կներկայացնենք, քանի որ մենք դեռ 13 հոգի ունենք, մեզ անհրաժեշտ է 11 հոգի, և մենք էլ կներկայացնենք անվստահություն։ Այսինքն` մեզ փորձեցին այս կանխամտածված, կրկեսային սցենարի մեջ ներգրավել՝ չմտածելով, որ մենք քաղաքական հարուստ փորձ ունենք և, ըստ էության, մենք երբեք խայծը կուլ տվող չենք, այսինքն` չենք գնա այդ խաղին մասնակից դառնանք, և մենք թեկնածու չենք ներկայացնի։ Ինչ էր մտածել․ երբ մամուլը սկսեց հարցնել ավագանիներին, թե ինչո՞ւ եք անվստահություն հայտնում, ասեցին՝ քաղաքապետն է ասել, արել ենք, ինչ ասես պատասխանում են․․․

Ստացվում է մի պատկեր․ մարդը մտածեց 13 հոգի էստեղ, 13 էնտեղ, երկու թեկնածու կլինեն, երկուսն էլ չեն ընտրվի, ես էլ կդառնամ լեգիտիմ։ Մենք, ի վերջո, նորից եմ կրկնում քաղաքական հարուստ փորձ ունենք, մանկապարտեզ չէ Գյումրին, ի վերջո այսօր եկել է ժամանակը, որ իշխանությունը վերադարձնենք գյումրեցիներին, թող իրենք որոշեն՝ ով է լինելու իրենց քաղաքապետը։

Եղբայր, եթե քեզ չեն ընդունում, հրաժարվի, գնացքդ գնացել է, ուշ, թե ուշ դա լինելու է, օրերի խնդիր կլինի, թե շաբաթների, միևնույն է, գնացքդ գնացել է, կա՞ արժանապատվություն, հիմա դու կանգնել ես փաստի առաջ, քեզ անվստահություն հայտնողներին հարցնում ենք՝ ի՞նչ է արել, թալնե՞լ է բյուջեն, վա՞տ է աշխատել, ինչո՞ւ չեք վստահում դուք ձեր թիմակցին, ասում են՝ սա կազմակերպված է։

Դրա համար կոչ եմ անում գյումրեցիներին անդրադառնալ այս հարցին, թույլ չտան Գյումրին վերածեն կրկեսի։Մենք, իհարկե, դիմելու ենք վարչապետին թող ուսումնասիրեն՝ թե ուր են գնացել բյուջեի գումարները։ Միակ լուծումն այն է , որ քաղաքապետը բարձր կանգնի իր դիրքի վրա և ասի՝ ես հրաժարվում եմ։ Ի վերջո, մենք տեսանք՝ ինչքան հրաժարականներ եղան, առավել ևս երբ հրաժարվում են մարդիկ, որոնք լեգիտիմ ճանապարհով ընտրվել են։ Հիմա, երբ մենք չունենք ընտրված մարդ, ինչո՞ւ չպիտի հրաժարվի»,- ասում է Հովհաննես Մարգարյանը։

Հովհաննես Մարգարյանը պնդում է, որ Սամվել Բալասանյանը քաղաքապետ «օծվեց» ԲՀԿ-ից ու «Հայկական վերածնունդ»-ից բոնուս- ֆոկուս խաղով երկու մանդատ գողանալով․ արդյունքում ընդդիմության 18 մանդատը դարձավ 16, իսկ «Բալասանյան դաշինքի 15 մանդատը՝ 17։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031