Մայիսի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդես եկավ դասախոսությամբ Հայաստան ուսուցողական այցով ժամանած Հելսինկիի համալսարանի ուսանողների առջև:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշեց, որ այժմ Հայաստանը քաղաքական կարևոր փուլում է գտնվում: Շավարշ Քոչարյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և հիմնական ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների առնչությամբ Հայաստանի մոտեցումները, անդրադարձավ Հայաստանի երկկողմ հարաբերություններին և բազմակողմ հարթակներում համագործակցությանը: ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանը միշտ վարել է հայակենտրոն արտաքին քաղաքականություն, որի հիմքում, աշխարհագրական դիրքով և պատմական իրողություններով պայմանավորված, ընկած է եղել երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Շավարշ Քոչարյանը նաև ընդգծեց, որ հավասարակշիռ մոտեցումները միշտ հանդիսացել են ու կհանդիսանան Հայաստանի արտաքին քաղաքականության հենքը, ինչի մասին է վկայում տարբեր ինտեգրացիոն կառույցների հետ Հայաստանի արդյունավետ համագործակցության զարգացումը:
Պատասխանելով ուսանողների բազմաթիվ հարցերին՝ նախարարի տեղակալը ներկայացրեց ՀՀ սահմանադրական կարգի առանձնահատկությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը, անդրադարձավ անմիջական և տարածաշրջանային հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին:
ՀՀ ԱԳՆ