Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը ցուցարարներին. «Զինկոմիսարիատները այնպես, ինչպես աշխատել են՝ չեն արդարացնում»

Մայիս 16,2018 18:07

Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքի ցույցի մասնակիցները հանդիպել են փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ:

Հիշեցնենք, այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ հանրապետության տարբեր մարզերի եւ Երեւանի զինկոմիսարիատների նախկին եւ ներկա աշխատակիցները դժգոհում էին նախկին կառավարության որոշումից, ըստ որի, մի շարք զինկոմիսարիատներ փակվում են, հաստիքներ են կրճատվում, ինչի արդյունքում մարդիկ գործազուրկ են դառնում:

Փոխվարչապետ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ցուցարարները խնդրեցին կասեցնել այդ որոշումը: Միրզոյանը հետաքրքրվեց՝ «Խնդիրը ո՞րն է, դուք կոնցեպտուալ դե՞մ եք օպտիմալացմանը, թե՞ չեք ուզում աշխատանք կորցնել: Անկեղծ լինենք»:

Ցուցարարներից մեկն ասաց՝ «Չենք ուզում օպտիմալացվի, ինչո՞ւ: Գուցե կառուցողական բարեփոխումներից ելնելով հասկանալի է: Չէ որ պետության բյուջե է, այստեղ հսկայական բանակաշինության խնդիր կա, 20 տարվա աշխատանքային ստաժ ունենք: Մենք աշխատանք չենք ունենալու, լքելու ենք երկիրը: Այս տարիքում որտե՞ղ ենք աշխատելու: Գուցե ժամանակավոր կասեցվի որոշումը: Մենք ստանում ենք 75 հազար դրամ աշխատավարձ, բավական է: Օպտիմալացման հաշվին բյուջե՞ն են լցնում»:

Միրզոյանը արձագանքեց՝ «Ձեր ասածը կարող է վատ էլ մեկնաբանվի՝ ստանում եք 75 հազար, աշխատանք եք անում, բայց այդ աշխատանքը կարող է կատարվի այլ կերպ, ու դրանից պետությունը միայն կշահի: Վատ մեկնաբանության դեպքում՝ ոչինչ, թող բյուրոկրատիան գնա, վատ աշխատի, բայց մենք ստանանք աշխատավարձը: Ես ուզում եմ լուծում առաջարկել, որից պետությունն էլ կշահի, դուք էլ: Այդ ռեֆորմը, որ արվում է, բանակաշինությանը օգուտ է, պետությունը շահելու է: Այս պրոցեսին վատ մի նայեք:  Ես խոսել եմ պաշտպանության նախարարի հետ: Մենք մտահոգ ենք խնդրով եւ զբաղվելու ենք: Չենք գնալու այնպիսի ճանապարհով, որ 450-ից ավելի մարդ մնա գործազուրկ: Փոխզիջումային լուծումներ ենք առաջարկելու: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ձեզ աշխատանքով ապահովենք, մեկի սրտով կլինի, մեկի՝ ոչ, բայց պիտի գնանք: Էս պետությունը պիտի դզենք, ժողովուրդ ջան: Դա չէր կարող էդպես մնալ»:

Ցուցարարներից մեկն էլ նեղսրտած ասած՝ «Ո՞նց կլինի, որ սահմանամերձ վայրում զինկոմիսարիատ չլինի, ախր մենք պատերազմող երկիր ենք»:

Ապա փոխվարչապետն ասաց. «Ի՞նչ եք կարծում, պաշտպանության նախարարը չգիտի՞ որ մենք պատերազմող երկիր ենք: Լավ գիտի, եւ գիտի այդ պրոցեսը շատ ավելի արդյունավետ կազմակերպելու ձեւը: Զինկոմիսարիատները այնպես, ինչպես աշխատել են՝ չեն արդարացնում: Չեն լինելու այնպիսի զինկոմիսարիատներ, ինչպես նախկինում եղել են: Ձեզ պետք է աշխատանք ունենալ, դա կանենք: Չի լինելու, որ նախկին իներցիայով մարդիկ գնան, սուրճը խմեն, ինչ-որ բան անեն, կամ չանեն ու ստանան 75 հազար դրամը: Մենք նոր, ավելի լավ երկիր ենք սարքելու»:

Ցուցարարներից մեկն առաջարկեց՝ ծառայողական մեքենաների թիվը կրճատեք: Միրզոյանն արձագանքեց՝ «Արդեն կրճատել ենք: Իմ աշխատակազմին հատկացվել է 5 մեքենա, մենք վերցրել ենք 2-ը: Օպտիմալացումը շղթայական է լինելու: Եթե ձեզ թվում է, թե մենք մեր մեքենաները պահելու ենք, զինկոմիսարիատները՝ փակենք, սխալվում եք»:

Ցուցարարներն առաջարկեցին գոնե մի որոշ ժամանակով հետաձգվի զինկոմիսարիատների լուծարումը, ինչին ի պատասխան Միրզոյանն ասաց, որ դա կարելի է քննարկել.«Այնպիսի լուծում գտնենք՝ մինչեւ մարդկանց չտեղավորենք աշխատանքի՝ չլուծարենք վերջնական»:

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ    

Ըստ՝ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031