Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի աղջիկ Բաղրամյան պողոտայում ասաց՝ նենց կուզեի՝ մամաս ինձ ստեղ ունենար». Դավիթ Սանասարյան

Մայիս 16,2018 18:15

«Տեղի է ունեցել մի հեղափոխություն, որի կարոտն էինք»,-«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած հանդիպմանը հայտարարեց «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանը:

Նա հիշեց, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության ժամանակ բոլորն ասում էին՝ անգամ ոստիկանությունը ձեզ ռեակցիա չտվեց, նշանակում է՝ այս ամենը շատ թույլ է: Նա նշեց, թե նման տրամադրություններ են եղել, երբ իրենց առաջին անգամ շրջափակեցին ՀՀԿ շենքը:

Հիշեցնելով Պետրոս Ղազարյանի հաղորդումը, որտեղ նա ասում է, թե մեկ ամիս հետո կհանդիպենք ու կասեք, թե ինչու չիրականացավ այն, ինչ ուզում էիք, Դավիթ Սանասարյանը նշեց. «Հիմա տեսնում եմ, որ քաղաքացիները Պետրոսից պահանջում են հաղորդում: Այդ հաղորդումը մարտի 27-ին էր: Ես այնտեղ պարզ ասել եմ, որ իմ հավակնությունը նոր վարչապետության կանխումն է և ասել եմ, թե ինչ միջոցներով և ինչ ռազմավարությամբ է տեղի ունենալու: Ես հստակ ասել եմ, որ ցանցային պայքար է լինելու, փողոցներ են փակվելու, մենք լինելու ենք մարզերում: Սա երկար տարիների պրակտիկ գիտելիքներն էին, պատկերացումները, որոնք ի կատար ածեցինք: Հետո մարտի 30-ին հանդիպել ենք Իմ քայլը նախաձեռնության անդամներին, պայմանավորվել ենք, որ առաջիկայում փորձելու ենք համատեղ կազմակերպել գործընթացները»:

Դավիթ Սանասարյանը հեղափոխությունից մի քանի դրվագներ հիշեց ու հավաստիացրեց, որ բացառապես սիրելով՝ կարողացել են հեղափոխություն անել: Նա պատմեց, թե երբ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, ինքը գտնվել ոստիկանական բաժանմունքում և տեսել, թե ինչպես են ոստիկաններն այնտեղ հուզվել: Ըստ Դավիթ Սանասարյանի՝ ինքը ռեժիմի տապալումը ներսից է տեսել:

Մի դրվագ էլ հիշեց Բաղրամյան պողոտայից. «Մի մարդ եկավ, ասաց, որ Բաղրամյանը բացենք, քանի որ հղի կին են տանում: Ու այդ ժամանակ մի՝ մոտ 17 տարեկան աղջիկ, ասաց՝ նենց կուզեի, որ մամաս ինձ Բաղրամյանում ունեցած լիներ»:

Դավիթ Սանասարյանը ի պատասխան իրենց հասցեին հնչող կասկածների՝ ասաց. «Ասում էին, եթե բարձրացար դեպի Բաղրամյան, հետ եկար, ուրեմն քաղաքական դիակ ես: Մենք գնում էինք Բաղրամյան, մեր ասելիքն ասում, հետ գալիս: Ասում էին, երբ մարդկանց գիշերը տուն ես ուղարկում, էլ չեն հավաքվի, ցույց տվեցինք, որ ճիշտ է մարդկանց գիշերը տուն ուղարկելը: Ոստիկանների նկատմամբ կարծրատիպերն ենք կոտրել: Քաղաքացի-ոստիկան փշալարը հանել ենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031