Երևանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շուրջ կես ժամ առաջ հավաքվեցին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ:
Մինչ այդ Երևանի քաղաքապետարանում հավաքվել էին երկու խումբ մարդիկ, որոնցից մեկը պաշտպանում էր Տարոն Մարգարյանին, մյուսը՝ պահանջում նրա հրաժարականը: Այս մարդիկ միմյանց հայհոյեցին, այնուհետև Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջողները որոշեցին շարժվել ՀՀ գլխավոր դատախազություն:
Այնտեղ նրանք բարձրաձայն կարդացին այն նամակը, որի հիման վրա պետք է գլխավոր դատախազություն ներկայացնեն հաղորդում հանցագործության մասին: Նրանք հայտարարեցին, որ դատախազության շենք մուտք չեն գործելու:
Ցուցարարները հայտարարեցին, որ բոլոր անօրինականությունները պետք է քննվեն և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Ցուցարարները դիմումը հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազություն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ