Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի շենքի ներսում քաղաքացիները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը, դրսում հայտարարում՝ «Տարոնը մեր քաղաքապետն է»

Մայիս 16,2018 16:13

Մինչ քաղաքապետարանի երրորդ հարկում մի շարք քաղաքացիներ պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, քաղաքապետարանի դիմաց մի շարք քաղաքացիներ կանգնած են «Տարոնը մեր քաղաքապետն է» պաստառներով:

Նրանք հայտարարեցին. «Մենք գոհ ենք Տարոն Մարգարյանից, մենք համակրում ենք նրան՝ մարդ լինելու, երկիրը պահելու համար»: Մեկ այլ քաղաքացի էլ հայտարարեց՝ եկել եմ Տարոն Մարգարյանին պաշտպանելու: Նրա օրոք բոլոր համայնքները բարեկարգվել են»:

Քաղաքապետարանի երրորդ հարկում Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին, օրինակ՝ իրավաբանական վարչության պետին, հորդորեց գնալ իրենց աշխատասենյակները. «Դուք ստեղ եկել եք սադրելու համար: Դուք ունեք աշխատասենյակ, գնացեք ձեր սենյակ»:

Ալեն Սիմոնյանն այնուհետև իջավ Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ և փորձեց վերև թողնել ցուցարար-քաղաքացիներին, որոնց ոստիկանները թույլ չէին տալիս բարձրանալ վերև:

Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե այս լարված իրավիճակում քաղաքապետարանի, թաղապետարանների աշխատակիցներին հանել սենյակներից, բերել մարդկանց հետ շփման, բացահայտ սադրանք է. «Դա այն պատմությունն է, թե մի քանի հոգի էլ մենք հավաքենք»:

Հարցին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է Երևանի քաղաքապետարանում կատարվող իրավիճակից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Փորձել եմ կապ հաստատել վարչապետի հետ, բայց չի հաջողվել: Միանգամից եկել եմ այստեղ: Սա բնական տրամաբանական շարունակությունն է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրողությունների, որը որևէ քաղաքական ուժի կողմից չի ուղղորդվում»:

Հարցին՝ ո՞րն է ստեղծված իրավիճակից ելքի ճանապարհը, պարոն Սիմոնյանը պատասխանեց. «Միանշանակ: Տարոն Մարգարյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, քաղաքական իրողություններից ելնելով և իրենց արածներով «զմայլված» լինելով՝ պետք է շուտ հեռանան: Հիմա ի՞նչ է ասելու այս երիտասարդներին»:

Անդրադառնալով Մյասնիկյանի արձանի հարակից այգու բարեկարգման նախագծին՝ պարոն Սիմոնյանն ասաց. «Տեսել եմ նախագիծը և այնտեղ որևէ բառ չի եղել ծառերի հատման մասին: Եղել է բարեկարգում բառը»:

Ալեն Սիմոնյանը հայտնեց, թե քաղաքացիներն իր մոտ ընդունելության են եկել: Նրանք հերթով բարձրանում են քաղաքապետարանի շենք: Այս պահին փորձում են փակել քաղաքապետարանի դռները:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ ոստիկանապետ Օսիպյանը հեռախոսազրույց են ունեցել: Ոստիկանապետը հայտնել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    Քաղաքապետարանի մոտ Տարոնի կողմնակիցների կողմից վանկարկվեց Տարոն քաղաքապետ արտահայտությունը,որից կարելի է եզրակացնել ,որ այստեղ նրա կողմնակիցները փաստորեն համաժողովրդական շարժումը մերժողներ և ՀՀԿ-ի դրածոներ են:Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարծես ՀՀԿ- ի միջնաբերդի է ուզում վերածել Երևանը:Պահպանելով Երևանում իր իշխանությունը,նա հույս է,որ հետագա սպասվող համապետական ընտրություններում կարող է ձայներ ապահովել խորհրդարանում ՀՀԿ-ի վերարտադրման համար:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031