Լիանա Մակվեցյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Անուշ Մարտիրոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել խարդախության հոդվածով: Մակվեցյանի պնդմամբ, գրադարանի տնօրենը աշխատակիցներին ուղղորդել է վարկ վերցնել և հանձնել իրեն, ապա թերացել է վճարել վարկը եւ աշխատակիցները հայտնվել են բանկային խնդիրների առաջ:
«Ամեն մեկի պատմությունն առանձին է, տուժողներից մեկն էլ ես եմ: Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, տեղյակ էի, որ գրադարանում թափուր հաստիք կար: Երբ 2015 թ. մոտեցել եմ գրադարանի տնօրենին, տեղեկանալու համար` իսկապե՞ս ազատ հաստիք կա, ինքն ինձ պատասխանեց, որ տանեմ փաստաթղթերս, երբ ազատ տեղ լինի, կտեղեկացնի ինձ: Փաստորեն, ինքն ինձ ընդունել էր աշխատանքի` առանց իմ իմացության: Ինձ կանչեց ու ձեռքս տվեց տեղեկանք, որ իբր աշխատող եմ համարվում, ես այդ տեղեկանքին ծանոթացել եմ միայն բանկ գնալու ճանապարհին: Երբ վերադարձա, հարցրի` այդ ի՞նչ է գրված, այսինքն` ես աշխատո՞ղ եմ համարվում, ինքն ինձ ասաց, որ դեռեւս աշխատող չեմ համարվում, ուղղակի վարկի համար եմ դիմում: Նաեւ տնօրենը հավաստիացրեց, որ երկու ամսում գումարը կվճարի…Իսկ ինչու էի ես վստահ, որ կվճարի, որովհետեւ գրադարանի աշխատակիցներն էլ էին հավատացնում, որ խոսքի տեր կգտնվի եւ գումարը կվերադարձնի»,-պատմեց Լիանա Մակվեցյանը: Նրա խոսքով, տնօրենն իրեն ասել է, որ իր տունը գրավ կդնի եւ Մակվեցյանի վերցրած վարկը կփակի:
«Հետո սկսեցին ինձ բանկից անընդհատ զանգել ու ասել, որ վարկը չեմ վճարում, հետեւաբար գործն ուղարկելու են իրավաբանական բաժին, դատարան: Երբ մի քանի անգամ զանգեցի տնօրենին, ասացի` իմ նկատմամբ վարույթ է հարուցվելու, ինքն ինձ առաջարկեց եւս մեկ վարկ վերցնել, փակել նախորդը, մինչեւ ինքը փաստաթղթային ինչ-ինչ հարցեր կարգավորի եւ խնդրին լուծում տա: Այդպես, փաստորեն, ես գնում եմ նոր վարկ եմ վերցնում, որ նախորդը վճարի, մինչդեռ ինքը դա էլ չի վճարում…Արդյունքում ինձ այս պահին պատճառվել է 4 մլն դրամի վնաս»,- հավելեց Լիանա Մակվեցյանը:
Նաեւ ասաց, որ տնօրենը դեռեւս աշխատում է Գեղարքունիքի մարզային գրադարանում. «Ինքը շարունակում է պաշտոնավարել եւ դեռ աշխատողներին էլ սպառնում է, որ եթե ցուցմունք տան եւ պատմեն ճշմարտությունը, կհեռացվեն աշխատանքից: Հիմա էլ աշխատողները գնում են ու փաստում են, որ իբր ինձ հետ աշխատել են, մինչդեռ, նա ընդամենը ինձ կեղծ տեղեկանք է տրվել, որ աշխատում եմ գրադարանում, նաեւ երկու ամիս տնօրենը աշխատավարձ է ստացել եւ յուրացրել: Նա նույն բանն արել է այլ անձանց հետ, բոլորին առաջարկել է վարկ վերցնել, խոստանալով, որ հենց աշխատանքի տեղ բացվի, կվերցնի աշխատանքի»,-պնդում է մեր զրուցակիցը եւ ասում, որ 70 մլն դրամի պարտավորության մասին է խոսքը:
Լիանա Մակվեցյանը շեշտեց, որ գրադարանը աուդիտի կարիք ունի, քանի որ իր համոզմամբ, այնտեղ այլ ապօրինություններ էլ են եղել:
Մեկնաբանության համար փորձեցինք կապվել գրադարանի տնօրեն Անուշ Մարտիրոսյանի հետ: Մեր հեռախոսազանգերը, սակայն, անպատասխան մնացին: Ամեն դեպքում, պատրաստ ենք ներկայացնել գրադարանի տնօրենի տեսակետը:
Քանի որ Գեղարքունիքի մարզային գրադարանը գործում է ՀՀ մշակույթի նախարարության ներքո, թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանից:
Փոխնախարարն ասաց, որ խնդրին, բնականաբար, տեղյակ են: Պարոն Տեր-Վարդանյանը փոխանցեց հետեւյալը. «Միջանձնային հարաբերությունները կարգավորվում են իրավական դաշտում, դա Աշխատանքային օրենսգրքի հետ որեւէ առնչություն չունի: Մենք միջանձնային հարաբերությունները չենք ցանկանում կապել աշխատանքայինի հետ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Առավոտին» պարզաբանեց. «2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Գավառ քաղաքի 4 բնակիչներ Գեղարքունիքի մարզի դատախազին առանձին-առանձին դիմումներ են ուղղել այն մասին, որ Գավառ քաղաքի բնակչուհի, Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն՝ Ա. Մ.-ն, չարաշահելով իրենց վստահությունը, 2015-2016 թվականներին «Յունիբանկ» ՓԲԸ-ի, «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի, «Արդշինբանկ» ՓԲԸ մարզային տարբեր մասնաճյուղերից իրենց անվամբ ձևակերպել և ստացել է վարկեր, որոնք մինչև օրս չի մարել: Դիմումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու և լուծելու համար ուղարկվել են ոստիկանության Գավառի բաժին, որտեղ այդ քաղաքացիները տվել են նույնաբովանդակ հաղորդումներ:
Դրանց առթիվ առանձին-առանձին նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ առերևույթ խաբեության և վստահության չարաշահման արդյունքում այդ 4 քաղաքացիները նշված բանկերի մարզային տարբեր մասնաճյուղերի հանդեպ ստանձնել են պարտավորություններ՝ ընդհանուր մոտ 9.5 մլն դրամի չափով:
Այս փաստերի առթիվ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են 4 քրեական գործեր:
Նախաքննության համար քրեական գործերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ, փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու անհրաժեշտությունից ելնելով, դրանք միացվել են մեկ վարույթում:
Հաղորդում տված անձինք ճանաչվել են տուժող, հարցաքննվել են որպես տուժողներ:
Նախաքննությունը շարունակվում է»: