Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր պետք է կայանար Սարի թաղի բնակիչներ Սարգիս Արաբաջյանի եւ Կարեն Վանոյանի գործով հերթական դատական նիստը, սակայն դատավորը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում էր գտնվում:
Ամբաստանյալների շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով:
Հիշեցնենք՝ Սար թաղի մոտ մեկ տասնյակ բնակիչներ, այդ թվում՝ Վանոյանն ու Արաբաջյանը, մեղադրվում են 2016թ. հուլիսի 19-ին ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու համար: ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում գազ, լույս, տրանսպորտ չկար, ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոցը անվտանգության նկատառումներով փակած ոստիկանների մոտ. բախում էր գրանցվել:
Առաջիկա դատական նիստն առաջինը կլինի «Իմ քայլը» ժողովրդական շարժումից հետո: Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ ներկայացնելու է ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոխելու եւ նրանց ազատ արձակելու միջնորդություն:
Հիշեցնենք նաեւ, որ դատարանի ծանրաբեռնվածության հետեւանքով սարիթաղցիների գործով նիստերը մոտ ամիսը մեկ են կայանում, ինչն առաջացնում է հարազատների պաշտպանների դժգոհությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ