Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, սփյուռքի ներուժը Հայաստանում կենտրոնացնելը». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց սփյուռքի նախարարություն

Մայիս 16,2018 15:06

Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սփյուռքի նախարարությունում ներկայացրեց նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին: Հանդիպմանը ներկա էր սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը:

Վարչապետը կարևորեց սփյուռքի ներուժի ներգրավման համար բավարար պայմանների ստեղծումը: «Սփյուռքի հետ հարաբերակցության մեր գլխավոր խնդիրը, որ պետք է դնենք, մեծ հայրենադարձությունն է: Դա ենթադրում է նաև կապիտալի, մտավոր պոտենցիալի հայրենադարձություն: Պետք է արձանագրենք այդ պրոցեսի ողջ բարդությունը, հայրենադարձության առաջին փուլում պետք է ստեղծենք աշխատատեղեր, որպեսզի ապահովենք երկրորդ փուլում ոչ միայն վերադառնալը, այլև Հայաստանում ապրելու պայմանների գոյությունը:

Սփյուռքի հետ կապված մեկ այլ խնդրի մասին պետք է խոսեմ, որ իմ կարծիքով շատ հրատապ է: Այսօր Հայաստանի սահմանադրությամբ սահմանված են որոշ օրինագծեր, որոնք ըստ էության խոչընդոտում են սփյուռքի ներուժի ներգրավումը պետական կառավարման համակարգում: Եվ հատկապես, այս նոր իրավիճակում մենք պետք է լրջորեն մտածենք այդ խնդրի մասին, որը սահմանադրական խնդիր է և մեկ օրում չի լուծվի, բայց պետք է հնարավորինս արագ զբաղվենք այդ խնդրի լուծման ուղղությամբ: Պետք է փորձենք խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ:

Սփյուռքի ներկայացուցիչները պետք իրենց ավելի ու ավելի ինտեգրված զգան Հայաստանում, պետք է զգան, որ իրենց ձայնը լսելի է, պետք է զգան իրենց լիարժեք շահառու և պոտենցիալ քաղաքացի: Եվ սփյուռքի նախարարությունը պետք է ապահովի այդ դաշտը, այդ հարթակը, որը առանց չափազանցության ռազմավարական առաջնահերթություն է մեր կառավարության համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ի վիճակի լինի իր շուրջ համախմբել ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև սփյուռքի ներկայացուցիչներին: Արտագաղթի անիվը, որ հազար տարի պտտվում է, պետք է փորձենք ետ պտտել և արտագաղթը վերածել ներգաղթի: Ես համոզված եմ որ Հայաստանի Հանրապետության գոյության առանցքային իմաստը որպես պետություն՝ հայության գիտական, մշակութային, տնտեսական ներուժը կամ նրա զգալի մասը սեփական տարածքում կենտրոնացնելը և այդ ներուժի անվտանգությունը և բնականոն զարգացումը ապահովելն է: Ահա Հայաստանի կառավարության գոյության իմաստը և ռազմավարության առանցքը»:

Դիմելով Հրանուշ Հակոբյանին՝ վարչապետը շնորհակալություն հայտնեց նրան երկարամյա արդյունավետ աշխատանքի համար և շեշտեց. «Ըստ էության նախարարության հիմնադրման օրից նախարարն եք եղել, այս կառույցը զրոյից եք ստեղծել և հույս ունեմ, որ արդյունավետ և գործունյա կառույց է ձևավորվել»:

Հրանուշ Հակոբյանն իր հերթին, շնորհավորեց նախարար Մխիթար Հայրապետյանի նշանակումը, ապա ծննդյան տարեդարձը՝ նշելով, որ նրան է հանձնում արդեն կայացած, մեծ աշխատանք ու բազում հաջող ծրագրեր իրականացրած նախարարությունը։ Հրանուշ Հակոբյանը ողջունեց երիտասարդ նախարարների ներգրավումը կառավարության կազմում՝ նշելով, որ երիտասարդ տարիքը խոչընդոտ չի կարող հանդիսանալ լավ աշխատանքի համար: Նա իր պատրաստակամությունը հայտնեց նախարարության աջակիցը դառնալու։ «Թողնում եմ հարուստ տեղեկատվություն, մեծ կապեր ու հարաբերություններ, կայացած և գործուն թիմ, որը նոր նախարարի հետ պետք է շարունակի կարևոր ծրագրերը: Մաղթում եմ մեր նոր նախարարին և նախարարության աշխատակիցներին արդյունավետ աշխատանք և հաջողություն», – հավելեց նա:

Վարչապետը համոզմունք հայտնեց, որ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստ է նշված խնդիրները ամենժամյա, ամենօրյա ռեժիմով լուծել:

Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավելեց. «Ուզում եմ շնորհակալության խոսք ասել տիկին Հակոբյանին նախարարությունը հիմնադրելու, հսկայական աշխատանքի համար և ուզում եմ ասել, որ ագահաբար կօգտվեմ Ձեր թողած հարուստ ժառանգությունից: Շնորհակալություն օգնելու, աջակցելու պատրաստակամության համար: Սա պետությանը, Հայրենիքին ծառայելու խնդիր է: Կարևորում եմ սփյուռքի նախարարության գոյությունը, որովհետև մենք՝ որպես պետություն ունենալով հզորանալու, զարգանալու տեսլական, իհարկե, պետք է լծվենք հայրենադարձություն կազմակերպելու գործին: Եվ այս իմաստով, ես նաև ստանձնել եմ այս չափազանց կարևոր ու պատասխանատու պաշտոնը, որովհետև ես ինքս ուզում եմ մի փոքր մասով մասնակից լինել այդ շատ կարևոր առաքելությանը»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031