Հոգեբան Սամվել Խուդոյանը թեեւ անմիջական չի շփվել հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց հեռվից`նրա ելույթների, քայլերի հիման վրա բնութագրում է. «Բավական ինտելեկտուալ անձնավորություն է, սուր հումոր ունի: Միեւնույն ժամանակ, իր կողմից կիրառվող սարկաստիկ հումորը բնութագրում է ագրեսիվության բարձր մակարդակի մասին»:
Մի քանի էպիզոդներից, որոնք հոգեբանը չի նկարագրում, ասում է`«ավտորիտար տարրեր կան»:
Հոգեբանը Նիկոլ Փաշինյանի ելույթներում չի գտել «փակ դիրքեր», որը մարդը ընդունում է, երբ սուտ է ասում: Բայց նկատում է` Նիկոլ Փաշինյանը կյանքի խիստ ճգնաժամային փուլում է, տարիքի իմաստով: Ըստ բանախոսի, այդ շրջանին բնորոշ է դեստրուկտիվիզմը. «Այս միտումներից ինքը պետք է զգույշ լինի, քանի որ այդ շրջանում է մարդու մոտ առաջին անգամ «մահվան բնազդն» արթնանում: Այս տարիքի մարդիկ առողջությանը պետք է հետեւեն: Մանավանդ Փաշինյանը, որ անընդհատ սթրեսի մեջ է»:
Սամվել Խուդոյանը Նիկոլ Փաշինյանի մեջ արդարամտության բարձր տոկոս է նկատել, նաեւ հայրենասիրության: Բայց, ասում է` ցուցադրական է, տպավորություն թողնելու վրա աշխատում է. «Դա նաեւ լավ է: Բայց նրա բուն հռետորական տաղանդը բարձր չի»: Ինքը հռետորության գագաթներից է համարում Կիլիկիայի հայ կաթողիկոսին:
Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի իրականացրած հեղափոխությունը Սամվել Խուդոյանն անվանում է հանրային գիտակցության հեղափոխություն: Միաժամանակ, կարծում է, որ առաջիկա ընտրություններում, եթե նորից կաշառք բաժանվի, մարդիկ կվերցնեն:
Այլ մանրամասները`տեսանյութում
Հեղափոխության հաղթանակում նա որոշիչը համարում է ոչ թե Նիկոլի տաղանդը, այլ այն, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել էր:
Aravot.am-ի հարցին`այդ ամենում ինչ տեղ, դեր եւ նշանակություն ունեցան այնպիսի դրսեւորումներն, ինչպիսիք էին սգո պաստառները եւ մյուս ատրիբուտները, Սամվել Խուդոյանն ասաց, որ դա իր դերը խաղացել է վախեցնելու առումով, բայց տհաճ եւ տգեղ էր: Միաժամանակ ասում է, որ երբ մայիսի 1-ին ՀՀԿ-ականները բացարձակ անիմաստ տեղը առաջին անգամ չքվեարկեցին, ագրեսիվ հակազդեցություն առաջացրեց. «Դրանք ագրեսիայի լիցքաթափման ձեւ էին, լավ է, որ վնաս տալուն չհասավ բանը: Բայց հայհոյանքները ավելի շատ հայհոյողին են բնորոշում»:
Նիկոլ Փաշինյանի լայվերը Սամվել Խուդոյանին դուր են գալիս, ասում է` հաշվետու է մնում հասարակությանը:
Նա նաեւ համաձայն է Aravot.am-ի դիտարկման հետ, որ հիմա էլ հակառակ գործընթացն է`«նիկոլիզմ» կա. «Նիկոլը Աստված է, եթե որեւէ մեկը նրա մեջ թերություն է փորձում գտնել` հարձակվում են: Կանցնի: Հիտլերին էլ էին աստվածացնում, Լենինին էլ, Ֆիդել Կաստրոյին էլ… Դա բնական գործընթաց է`ժողովրդի կողմից սեւ ու սպիտակի ընկալում: Հիշեք`Կարեն Կարապետյանով հիացած էին, նրան էլ գցեցին ոտքի տակ»:
Ամենով հանդերձ, ըստ Սամվել Խուդոյանի, ինչ-որ Նիկոլն արեց սեփական կյանքը վտանգելով`հերոսություն էր, չտեսնված բան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ