Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվեց «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասաց, որ առաջարկում են ծանուցման ենթակա թորած խմիչքներից էթիլային սպիրտի արտադրություններից առանձնացնել կոնյակի սպիրտի եւ կոնյակի արտադրությունը: Տվյալ գործունեության իրականացման համար սահմանվում է 10 մլն դրամ պետտուրք՝ մինչեւ 100 հազար լիտրի համար: 100 հազար լիտրից ավելի ներմուծված եւ իրացված կոնյակի խմբաքանակի համար լրացուցիչ պետտուրք՝ 1 բացարձակ լիտրի համար 25 դրամ հաշվարկով:
Փոխնախարարն ասաց, որ ակնկալվում է, որ նախագծի արդյունքում կոնյակի արտադրությամբ կսկսեն զբաղվել նաեւ ՓՄՁ-ները, տնտեսվարողների համար հավասար մրցակցային պայմաններ կստեղծվեն, կոնյակի արտադրությունը կխթանվի, քանի որ կնվազի ներմուծումը, մոտ կես մլն լիտրով՝ 10-15 տոկոսով շուկայում կավելանան հայկական կոնյակի ծավալները, խաղողի մթերման քանակը կավելանա, որը խաղողի մթերման կազմակերպման խնդիրն էլ կլուծի:
Փոխնախարարը նաեւ ասել էր, որ երբ մի ընկերությունը մի քանի մասնաճյուղեր ունի տարբեր մարզերում, պետտուրքը մեկ անգամ կվճարի: ՀՀԿ պատգամավոր Արթուր Գեւորգյանը մտահոգվեց՝ խոշորներին այդպես մեծ հնարավորություններ չե՞ն տրվում. «Մի փոքր ձեռնարկությունը վճարում է նույն գումարը, իսկ խոշորը, վճարելով այդքան՝ գործունեություն է իրականացնում 10 տեղ»:
Ռոբերտ Մակարյանը պատասխանեց՝ ամենեւին ոչ, ընդամենը մի քանի ընկերություններ կան, որ այդպիսի մասնաճյուղեր ունեն, 15 մլն դրամ պետտուրքն էլ խոշոր ընկերությունների համար խնդիր չի՝ «Նոյի» կամ «Պռոշյանի կոնյակի գործարանի» համար: Արթուր Գեւորգյանին պատասխանը չհամոզեց:
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, որ մինչեւ 100 հազար լիտր կարողություն ունեցող գործարարներն էլ հնարավորություն են ունենում մտնել շուկա, ինչը նախկինում չունեին: Այս իմաստով մտահոգությունները փարատվում են:
«Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը հետաքրքրվեց՝ «Պեռնո Ռիկարի», «Նոյի» եւ խոշոր ընկերությունների կարծիքը հաշվի առնվե՞լ է այս նախագիծը բերելիս: Նա մտահոգված էր, որ առանց այն էլ կոնյակագործությունը բարդ է ու ցածրորակ բրենդները մեր եւ արտերկրի շուկայում բավականին շատ են. «Այստեղ տակառների գնման խնդիր կա, կոնյակի պահպանման, նկուղային պայմանների խնդիր կա, փոքր ու միջին ձեռնարկությունները չեն կարող արագ այդքան լուրջ ներդրում անել, անորակ արտադրելով ու ցածր գներով կվնասեն խոշորներին»:
Ռոբերտ Մակարյանը պատասխանեց, որ խոշոր եւ փոքր ձեռնարկությունների հետ քննարկել են, բոլորի կարծիքները հաշվի են առել եւ ընդհանուր մոտեցում ձեւավորել: Նա ասաց, որ մտավախություն չունեն, նախագծի արդյունքում խոշորը շատ է վաճառելու, փոքր ու միջին ընկերությունն էլ շուկա է մտնելու:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ եթե իսկապես ուզում են օգնել սկսնակ արտադրողին՝ մինչեւ 50 հազար բացարձակ լիտր արտադրողին 3 տարի պետք է ազատեն հարկերից, թե չէ անսահմանափակ արտադրողից պետտուրք եք վերցնում 15 մլն, նոր սկսողից՝ 10 մլն, որ ի՞նչ:
Փոխնախարարը պատասխանեց, որ ոչ մի ուրիշ նպատակ չունեն. «Մենք ուզում ենք բյուջեն չտուժի եւ կարողանանք ոլորտը զարգացնենք: Ես կուզենամ, որ ոչ թե 3 տարով, այլ 10 տարով ազատվի ոլորտը, բայց պետք է ելնենք բյուջեի հնարավորություններից»: Նա ասաց, որ եթե Բագրատյանի ասածն անեն ու սկսնակների ազատեն հարկերից, ապա խոշորները կմասնատեն իրենց ընկերությունը եւ սկսնակի անվան տակ կփորձեն առանց հարկի աշխատել:
Խոսրով Հարությունյանն ասաց, որ դրսից անորակ սպիրտ էր գալիս ու այդ անորակ սպիրտը ՀՀ-ում դառնում էր անորակ կոնյակ ու արտահանվում հայկական բրենդով, դրսի շուկայում անորակ հայկական կոնյակն էր տարածվում: Նա ասաց, որ մենք սարքավորում չունենք, որ սահմանի վրա դնենք ու թույլ չտանք, որ անորակ սպիրտը մտնի Հայաստան: Հիմա ներքին արտադրողը տուրքեր վճարում է, իսկ ներմուծողը սահմանի վրա մի ԱԱՀ է մուծում ու վերջ:
Սերգեյ Բագրատյանը դժգոհեց, որ հիմա նոր էջ ենք բացել ու էլի հին մտածելակերպով օրենքներ են բերել, այս նախագծով խաղողի մթերման, կոնյակի շուկայի հետ կապված խնդիրները չեն լուծվում. «Սա ընդամենը ավելորդ մի տուրք են սահմանել, ոչ մի բացատրություն չունի: Ի՞նչ է նշանակում որակյալ լինելու համար 10 մլն պետտուրք սահմանենք, որակը գնի հետ ի՞նչ կապ ունի: Որակի համար Որակի տեսչություն գոյություն ունի: Տուրքն ի՞նչ կապ ունի որակի հետ, ժողովուրդ ջան, պետք է ազատ հնարավորություն տալ, կեղծիք անի՝ 100 մլն կտուգանեն»:
Խոսրով Հարությունյանը արձագանքեց. «Դուք չեք կարդացել օրենքի նախագիծը, սիրելիս, մենք փորձում ենք տեղական արտադրողների ու ներմուծողների համար հարկային պարտավորությունները հավասարեցնել: Անարգել ներմուծվում էր անորակ սպիրտ՝ գույն տված եւ այլն, լրացուցիչ հարկեր ավելացնելով ներմուծման ծավալները եթե չնվազեն, հավասար պայմաններ կլինեն:
Խոսրով Հարությունյանն էլ հորդորեց իզուր չվախեցնել, թե նոր էջ են բացել, իրենք ամեն ինչից տեղյակ են:
Նախագիծն ընդունվեց 4 կողմ, 1 դեմ ձայներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ