«Լանչ արա, մերժի’ր Տարոնին» նախաձեռնության անդամները, ցուցարար-քաղաքացիները պահանջում են՝ կա՛մ պետք է Տարոն Մարգարյանը հրաժարական տա, կա՛մ դուրս գա իրենց հետ հանդիպի:
Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը խոստացավ՝ Տարոն Մարգարյանը կհանդիպի իրենց հետ Մոսկվայի տան դահլիճում: Ցուցարարները չհամաձայնեցին. պահանջում են, որ հենց քաղաքապետարանում հանդիպումը կայանա:
Այստեղ է նաև Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նա դիմեց ցուցարարներին. «Ոչ մեկ այս շենքում՝ քաղաքապետն էլ մեզ հետ, անտարբեր չէ ձեր ոչ մի հարցադրման համար: Պատրաստ ենք ընդառաջ գալու՝ քաղաքապետը գա, հանդիպի ձեզ և քննարկենք»:
«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանը հայտարարեց, որ սա միայն դժգոհություն չէ Մյասնիկյանի արձանի հարակից այգու հետ կապված: Նշենք, որ ցուցարարները քաղաքապետարանի շենք են բերել այդտեղ հատված ծառերի ճյուղեր:
Արման Ղարիբյանը հայտարարեց. «Պիտի փոխհատուցվեն բոլոր այն մարդիկ, որոնք վնասներ են կրել քաղաքապետի գործունեությունից: Կա տրանսպորտի հարց, չլուծված խնդիրներ, իր բիզնեսները, գծատեր լինելը: Միայն այգու խնդիրը չէ, Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջն է»:
Ցուցարարները վրդովված են, որ Մյասնիկյանի արձանի հարակից այգում եղած ուռենիները և մի քանի տասնյակ ծառեր հատվել են և հենց այդ պատճառով էլ եկել են քաղաքապետարան և պահանջում Տարոն Մարգարյանի հրաժարականը:
ՀՀ քաղաքացի Արթուր Մամիկոնյանը հայտարարեց, թե դիմում է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որ իր քննիչների խմբի հետ գա և բացահայտի հանցագործությունը:
Դավիթ Օհանյանը հավաստիացրեց, որ Տարոն Մարգարյանը պատրաստ է գալ իրենց հետ հանդիպման: Սակայն ցուցարարները չհամաձայնեցին, պահանջում են քաղաքապետարանում հանդիպում:
Ցուցարարներից մեկը հայտարարեց. «Կա մի պահանջ. Տարոն Մարգարյանի հրաժարականն է և ավագանու ցրումը»: Դավիթ Օհանյանը հայտարարեց. «Մեր օրակարգում նման հարց չկա»:
Հ. Գ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը դիմել է ոստիկանություն. «Հարգելի պրն Օսիպյան, օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք` խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։ Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ