ԵՊՀ հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետում անցկացվեց ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի կողմից կազմակերպված «Հոգեբանական վերնիսաժ expo» ցուցահանդեսը։
Վերնիսաժը հոգեբանական էքսպո է, որի ժամանակ հավաքվում են Հայաստանում գործող ամենատարբեր հոգեբանական կենտրոններ և կազմակերպություններ։ Վերջիններս ներկայացնում են իրենց գործունեությունն ու մատուցած ծառայությունները։ Որոշները պրակտիկայի և աշխատանքի հնարավորություն են ստանում: Այս տարի ցուցահանդեսին մասնակցած 20-ից ավելի հոգեբանական կենտրոնների ներկայացուցիչները հանդես եկան իրենց ծրագրերով՝ առաջարկելով իրենց ծառայությունները։
«Այսօր մենք պարտավոր ենք մեր ուսանողների համար ստեղծել բոլոր պայմանները և աջակցել պետության մեջ կայացման գործում։ Ես շատ ուրախ եմ, որ վերնիսաժն ամեն տարի նոր շունչ և նոր ձևաչափ է ստանում ՝արձագանքելով հասարակության մարտահրավերներին, իսկ դա կարող են անել միայն երիտասարդները՝ իրենց եռանդով և գիտելիքներով»,- ասաց ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ վերնիսաժի նպատակը համագործակցությունը, ուսանողների նախաձեռնողականությունը և կարիերայի կառուցումն է։
Ուշագրավ է, որ այս տարի 9-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսի նշանաբանն է՝ «Քայլ արա»։ Ինչո՞վ է բացատրվում նշանաբանի ընտրությունը և արդյոք այն կապ ունի՞ հեղափոխական նշանաբանի հետ՝ Հրանտ Ավանեսյանը պատասխանեց․ «Փետրվար ամսին ուսանողները պաստառները պատրաստելիս գրեցին «Քայլ արա դեպի մասնագիտություն»: Տարօրինակ կթվա, բայց դա սկսվել է մեզնից, և մենք՝ որպես դասախոսներ և աջակցողներ, պետք է այդ քայլը անելով օգնենք նրանց» ։
Ի տարբերություն նախորդ ութ տարիների՝ այս տարի ցուցահանդեսի շրջանակներում իրականացվեց մրցանակաբաշխություն հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն ուսումնամեթոդական ձեռնարկ», «Լավագույն մենագրություն», «Լավագույն դասախոս»։
Ուսանողների կողմից անցկացված փակ քվեարկության արդյունքում «Լավագույն ուսումնամեթոդական ձեռնարկ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Դավիթ Գևորգյանը, «Լավագույն մենագրություն» անվանակարգում ՝ Հրանտ Ավանեսյանը, «Լավագույն դասախոս» անվանակարգում ՝ Էլինա Ասրիյանը։
Խոսելով ցուցահանդեսի հետագա ակնկալիքների մասին՝ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, էքսպոյի կրեատիվ կազմակերպիչ Էլինա Ասրիյանն ասաց․ «Մյուս տարի լինելու է թվով 10-րդ էքսպոն, որը համընկնելու է ԵՊՀ հոբելյանի հետ։ Էքսպոն լինելու է շատ ավելի ընդլայնված և մասնակցելու է ոչ միայն հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետը, այլև ԵՊՀ-ի մյուս ֆակուլտետները, հետևապես կենտրոնները նաև տարաբնույթ կլինեն։ Ես կարծում եմ՝ սա մեծ հնարավորություն կլինի արդեն ոչ միայն հոգեբանության ոլորտում միմյանց ճանաչելու, այլև ընդլայնելու մեր կարիերայում այլ կապեր ևս»։
Հոգեբանության ոլորտում մեծ ներդրման համար հատուկ մրցանակի արժանացավ երջանկահիշատակ Էլդա Գրինը․« Շնորհակալ եմ միջոցառման կազմակերպիչներին, որ մայրիկիս հիշեցին, ում համար կարևոր դրույթներից մեկը, ամենակարևորը, մարդուն հասկանալն ու օգնելն էր» ,- մեզ հետ զրույցում ասաց Էլդա Գրինի դուստր Մարինա Աբրահամյանը։
Անուշիկ Յոլչինյան