Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Պավել Մանուկյանը կոչ արեց փողոց փակել, դատավորն էլ պնդեց, որ իր վրա որեւէ մեկը չի կարող ազդել

Մայիս 16,2018 14:09

Դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստում վերջիններիս պաշտպանները ներկայացրին նրանց խափանման միջոց կալանքը փոխելու, ասել է թե՝ ազատ արձակելու միջնորդություն:

Պաշտպանները նշեցին՝ երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել, ժողովրդական շարժումը հաղթանակել է, իսկ դա ենթադրում է, որ դատարաններն այսուհետ պետք է արդար որոշումներ կայացնեն:

Պաշտպանների համոզմամբ՝ «Սասնա ծռերին» կալանքի տակ պահելու հիմքեր կան, եւ ծիծաղելի է ենթադրել, թե ազատության մեջ գտնվելով՝ նրանք կթաքնվեն դատավարությունից եւ կփորձեն ազդել վկա-ոստիկանների վրա:

«Նրանք չեն թաքնվելու արդարադատությունից, ծիծաղելի է ասելը, թե նրանք նոր հանցագործություններ կգործեն, եթե ազատության մեջ լինեն: Ո՞ւմ դեմ պայքարեն՝ արդեն հեռացված իշխանությունների՞»,-դիմելով դատավոր Մակյանին՝ ասաց ամբաստանյալների պաշտպաններից Լուսինե Սահակյանը:

Միջնորդության առթիվ կարծիք հայտնելիս ամբաստանյալներից Պավել Մանուկյանը քաղաքացիներին կոչ արեց «օգնել» դատավոր Մակյանին՝ արդար որոշում կայացնելու եւ իրենց ազատ արձակելու գործում: «Եթե այդպես անեք, պատմության մեջ կմնաք որպես արդարության առաջին ծնունդ տվող: Իսկ եթե ոչ, ժողովրդին կոչ եմ անում փակել փողոցները եւ ճնշում գործադրել, որպեսզի Մակյանը կատարի արդար որոշում»,-նշեց Մանուկյանը:

Ի պատասխան դատավոր Մակյանը հայտարարեց, որ իր վրա որեւէ ճնշում լինել չի կարող. «Ձեր կոչը ընկալում եմ որպես արդարադատությանը խոչընդոտելու եւ իմ վրա ճնշում գործադրելու փորձ»:

Կոչով դատավորին դիմեց նաեւ ամբաստանյալներից Արմեն Բիլյանը. «Քե մատաղ, դուխով՝ արա քո առաջին քայլը, սա պատմական օր է»: Ամբաստանյալներից Սեդրան Նազարյանն էլ ուղղեց ընկերոջը. «Ոչ մի պատմական օր էլ չի, ժողովուրդ, շուտ եք ուրախանում, մեկ է՝ գիտենք, որ դատավորը մերժելու է միջնորդությունը»:

Ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոխելու եւ նրանց ազատ արձակելու միջնորդության քննությունը քանի ժամ է՝ շարունակվում է:

Մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանը եւ Արամ Արամյանը դրա դեմ առարկեցին՝ ասելով, որ կալանքի հիմքերը շարունակում են առկա լինել: Պետրոս Պետրոսյանը պաշտպաններին կոչ արեց չմոռանալ իրենց մասնագիտական պարտականությունների մասին եւ պաշտոնյաների հասցեին պիտակավորումներ չհնչեցնել:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից 11-ի գործով նախորդ շաբաթ եւս նման միջնորդություն ներկայացվեց, դատավոր Արշակ Վարդանյանն էլ այն մերժեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031