Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անկախ հանձնաժողովը Փարիզում կայացած հանդիպմանը պատժամիջոցներ է սահմանել պատգամավորների դեմ, որոնք կասկածվում են հօգուտ Ադրբեջանի կոռուպցիոն գործողություններում: Այս մասին հաղորդում է eurointegration.com.ua ուկրաինական կայքը՝ վկայակոչելով ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արևին:
Պատժամիջոցներ են սաhմանվել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի, ինչպես նաև ԵԽԽՎ-ի նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի (Իսպանիա), Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող Ժորդի Շուկլայի (Իսպանիա) և Սեզար Պրեդայի (Ռումինիա) դեմ:
Արևի խոսքով՝ հանձնաժողովը համաձայնվել է պատգամավորներին պատժելու անհրաժեշտության հետ, չնայած իրավաբանորեն նրանց մեղքը դեռևս ապացուցված չէ:
«ԵԽԽՎ հանձնաժողովը ճանաչել է, որ Պեդրո Ագրամունտը և Ժորդի Շուկլան մեղավոր են վարքագծի կանոնների լրջագույն խախտման համար՝ Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի առնչությամբ»,- հայտնել է Արևը:
Նա նաև տեղեկացրել է, որ վերոնշյալ պատգամավորները՝ որպես ԵԽԽՎ անդամ, կորցրել են անդամի գրեթե բոլոր իրավունքները՝ բացառությամբ քվեարկելուց և բանաձևեր ներկայացնելուց:
Հանձնաժողովի որոշումը դեռևս չի հրապարակվել, սակայն ակնկալվում է, որ ԵԽԽՎ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ 2017թ. Եվրոպայի խորհուրդը սկսել է հետաքննություն՝ կապված ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում կաշառակերության սկանդալային դեպքի հետ, որին անմիջական մասնակցություն է ունեցել Ադրբեջանը: ԵԽԽՎ մի խումբ պաշտոնյաներ մեղադրվում են կաշառքի դիմաց հօգուտ Ադրբեջանի որոշումներ կայացնելու մեջ:
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ