Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյանը՝ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի, Օսիպյանի եւ իր՝ վատ բիզնեսմեն լինելու մասին

Մայիս 16,2018 13:40

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գեւորգյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ չէր սպասում, որ Նիկոլ Փաշինյանը կլինի վարչապետ, ոչ ոք չէր սպասում:

Հարցրեցիք՝ իսկ սպասո՞ւմ էիք, որ Վալերի Օսիպյանը մի օր ոստիկանապետ կլինի՝ նա պատասխանեց. «Ես գուշակ չեմ, ես դեմ չեմ Վալերի Օսիպյանի ոստիկանապետ լինելուն, մյուսի լինելուն, նրա պրոֆեսիոնալ ունակությունները, թե ինչպես կաշխատի ժամանակը ցույց կտա: Բավականին բարդ համակարգ է»:

Հարցին՝ իսկ նկատե՞լ եք, որ ժողովուրդը ձեզ չէր սիրում, ՀՀԿ-ի վարկանիշը շատ ընկած էր՝ Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Ես միշտ ազնիվ եմ եղել եւ հիմա էլ ազնիվ կգտնվեմ՝ եթե ես գոհ չէի մեր թիմի շատ աշխատանքներից, դա չի նշանակի, որ ես կողմ էի իշխանափոխությանը կամ այն մարդկանց, ովքեր եկել են իշխանության: Բայց ես դեմ չեմ, որ նրանց մոտ լավ ստացվի»:

Մեր հարցին՝ չէի՞ք զգում երկրում ինչ խնդիրներ կան, չէի՞ք զգում, որ արդեն հասունանում է հեղափոխությունը, մարդկանց համբերության բաժակը լցվել էր՝ Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Ով նկատում էր՝ նկատում էր: Մեծ հաշվով, եթե նկատեինք, չէինք կանգնի փաստի առաջ»:

Հարցին՝ դուք արտահայտվե՞լ եք ձեր թիմի մոտ, խոսե՞լ եք այն մասին, որ կա նման վտանգ՝ Գեւորգյանը պատասխանեց. «Իհարկե: Արձագանքները տարբեր են եղել, եղել են դեպքեր, երբ սվիններով են դիմավորել, եղել են դեպքեր, երբ համաձայնվել են իմ հետ: ՀՀԿ-ի թիմը բավականին մեծ է եւ միշտ մարդիկ տարբեր կարծիքներ են ունեցել: Երկար տարիներ ունենալ այդքան…դժվար է, հասկացեք»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ի թիմը լքելու ցանկություն կա՞՝ նա վստահեցրեց, որ ոչ. «Առայժմ ոչ: Ես ազատ քաղաքացի եմ, ազատ մարդ եմ, ես եմ կողմնորոշվում ու ես եմ պատասխան տալիս իմ ընտրողների առաջ: Իմ խորը համոզմամբ, ՀՀԿ-ն պետք է ներքին աուդիտ անի ու գնահատի, հասկանա իր սխալները եւ լուրջ քայլերի գնա: Եթե չգնա, գուցե ես էլ գա ժամանակ եւ հասկանամ…Ես կարծում եմ, որ կլինի փոփոխություն: Ես թարմացմանը կողմ եմ: Ես վաղուց եմ արտահայտվել եւ ժամանակին ասել եմ, որ պետք է լինի թարմացում»:

Մենք հարցրեցինք՝ դուք կոնկրետ որեւէ մտավախություն չունե՞ք այս իշխանափոխության արդյունքում՝ ձեր բիզնեսների հետ կապված՝ Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Ես բիզնեսներ չունեմ: Ես վատ բիզնեսմեն եմ, դրա համար բիզնեսով չեմ զբաղվում: Դուք ծանոթ եք իմ հասարակական գործունեությանը, ես սպորտային մարդ եմ, սպորտը շատ եմ սիրում, ինչի մեջ ես միշտ հաջողում եմ»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճանաչո՞ւմ եք Արշակ Հակոբյանին, որը Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետն էր եւ ծեծել էր ցուցարարների: Արթուր Գեւորգյանին այդ անուն-ազգանունը ոչինչ չասաց: Հետո հիշեց, բայց ասաց, որ բռնությանը տեղյակ չէ. «Վալերի Օսիպյանը հիմա եկել է, քննություն կանեն: Դա պրոֆեսիոնալների աշխատանք է»: Նա ասաց, որ Արշակ Հակոբյանը երկար տարիներ ծառայել է իր ղեկավարին եւ երկար տարիների ստաժը արդեն իսկ խոսում է նրա բարձր որակների մասին:

Սպորտի նորանշանակ նախարարին Արթուր Գեւորգյանն ասաց, որ չի ճանաչում, նախկին նախարար Ռոստոմյանին, որը հիմա ԱԻՆ նախարարն է, նա ասաց, որ հարգում է. «Պատասխանատու պաշտոնյա է եւ նոր պաշտոնում կփորձի իրեն արդարացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031