«Մոդուս վիվիենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում կայացած Վլադիմիր Պուտին- Նիկոլ Փաշինյան հանդիպման մասով ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այցը եւ հանդիպումը երկկողմ շրջանակում չէր: «Բայց սա ցույց տվեց, որ քաղաքականության մեջ շարունակականություն կա»,- «Հայելի» մամուլի ակումբում ասաց Արա Պապյանը`հավելելով, որ փոխելու համար ժամանակ է պետք:
Առհասարակ, նա դրական է գնահատում հանդիպումը: Ասում է. «Պուտինը շատ ավելի լարված էր, քան Նիկոլ Փաշինյանը»: Իսկ Նիկոլ Փաշինյանի կարեւոր հայտարարությունն, ըստ նրա, այն էր, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա են խնդիրներ եւ դրանք պետք է լուծվեն իրավահավասարության սկզբունքի վրա: Արա Պապյանը եւս հետաքրքիր է համարում, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ նախատեսված չէր: Հիշեցնում է`Ղազախստանի`մշտապես Ադրբեջանի շահերի պաշտպան լինելու հանգամանքը:
Դիտարկմանը`ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի մասով չէի՞ն կաշկանդում Վլադիմիր Պուտինին այդ հանդիպման ժամանակ: Արա Պապյանն ասում `քաղաքականության մեջ շատ է պատահում, որ քաղաքական գործիչները տարբեր հայտարարություններ են անում եւ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ԵԱՏՄ-ից դուրս չենք գալու, դա չի նշանակում, որ երկու տարի հետո այդ հարցը չի արծարծվելու: Ամեն դեպքում, ասում է`ՌԴ-ն անվստահության պահ ունի, քայլերով պիտի տեսնի: Նաեւ նկատում է`ՌԴ-ում չեն հասկանում, որ ժամանակները փոխվել են եւ նախկին բիրտ մեթոդներով չեն կարող պետություններին իրենց կողքը պահել:
Արա Պապյանը կուզեր, որ Նիկոլ Փաշինյանի հաջորդ այցը լիներ Բրյուսել, մանավանդ, որ հրավերը կա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ