Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց՝ զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ. հաստիքներ են կրճատվում

Մայիս 16,2018 13:25

Կառավարության շենքի մոտ այսօր առավոտից բողոքի ցույց են անում հանրապետության մոտ 11 զինկոմիսարիատների աշխատակիցներ։ Նախկին կառավարության եւ պաշտպանության նախկին նախարարի ընդունած որոշման համաձայն, զինկոմիսարիատներում օպտիմալացում է իրականացվում, դրանց թիվը կրճատվում է, մի շարք զինկոմիսարիատներ լուծարվում են, ինչի արդյունքում հաստիքներ են կրճատվում: Ցույցի մասնակիցները բողոքում են կառավարության այս որոշումից:

Ցուցարարներն ասացին, որ նախկինում 45-50 հոգանոց աշխատակազմը մի կերպ սպասարկում էր մոտ 250 անձի՝զորահավաքների, զորակոչի ժամանակ, իսկ աշխատակիցների կրճատման արդյունքում նրանց թիվը 17 է դարձել: Ցուցարարները մտահոգություն հայտնեցին, որ այդ թվով աշխատակիցներով չեն կարող աշխատանքները պատշաճ կատարել:

Ըստ ցուցարարների, սահմանամերձ համայնքների զինկոմիսարիատում ավելի քիչ թվով աշխատակիցներ են մնացել օպտիմալացման արդյունքում՝ 2-3 աշխատակից:

Ցուցարարներից մեկն ասաց, որ ամեն մի մարզում մնալու է մեկ զինկոմիսարիատ. Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում մնում է միայն Մարտունու զինկոմիսարիատը. «Կցագրում անցնող 16 տարեկան անչափահաս երեխան ո՞նց է հասնելու Մարտունի, երբ չկա տրանսպորտ: Սխալ որոշում է, ինչպե՞ս են զորակոչն իրականացնելու, շատ աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: Շատերս թոշակի տարիքի չենք, հիմա գործ ոնց ենք գտնելու, անգամ 30 տարեկանը չի կարում գործ գտնի»:

Ցուցարարներն ասացին՝ եթե նոր կառավարությունը որդեգրել է ներգաղթը, այդ դեպքում սպասվում է, որ մարդիկ կվերադառնան հայրենիք, զորակոչիկների թիվն էլ կավելանա, իսկ եթե աշխատակիցներին կրճատել են, զորահավաքի գործընթացը քիչ թվով աշխատակիցներով չեն հասցնի դա իրականացնել:

«Մենք բոլորս վարկեր ունենք, հիմա անգործ ենք մնալու, ինչպե՞ս ենք վճարելու էդ վարկերը: Գոնե ժամանակավոր կասեցնեն այս որոշումը, բանակում էրեխեք ունենք, հիմա մեզ զրկում են ապրուստի միջոցից: Առանց մեր կարծիքը հաշվի առնելու, առանց մեզ հարցնելու որոշում ընդունեցին: Թավշյա հեղափոխությունից հետո իմացանք, որ անգործ ենք մնալու»,-ասացին ցուցարարները:

Բողոքի ցույցին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի զինկոմիսարիատների ներկա եւ նախկին աշխատակիցներ: Ցուցարարները պահանջում էին հանդիպում վարչապետի հետ, բայց նրանց ընդունեց կառավարության աշխատակազմի նամակների ընդունման եւ հանձնման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը նրանց լսեց, ապա հորդորեց գնալ Պաշտպանության նախարարություն։

Ցուցարարների մի մասը որոշեց գնալ պաշտպանության նախարարություն եւ հանդիպել նախարարի հետ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031