Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեծամասնականով կգամ եւ կընտրվեմ». Վլադիմիր Գասպարյանի փեսան վստահ է, որ նորից ԱԺ կմտնի

Մայիս 16,2018 13:06

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գեւորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով արտահերթ ընտրությունների մասին, ասաց, որ հիմա դրա համար հիմքեր չի տեսնում. «Աշխարհի ամենաժողովրդավար երկրում այսօր հենց այդպես է՝ երկրի ղեկավարը այլ կուսակցությունից է, պառլամենտում մեծամասնությունը՝ այլ: Խոսքը ԱՄՆ-ի մասին է»: ԱՄՆ-ում Հանրապետականներն են մեծամասնություն, Սենատում՝ հակառակ: Գեւորգյանի խոսքով՝ եթե կամք ու ցանկություն կա աշխատելու՝ ոչ մի խնդիր չի տեսնում:

Մեր դիտարկմանը, որ մարդիկ գտնում են՝ այս ԱԺ-ն լեգիտիմ չէ, պետք է ցրվի՝ Արթուր Գեւորգյանն արձագանքեց. «Ովքե՞ր են գտնում, ես չեմ կարծում, որ դուք ճիշտ արտահայտություն եք անում, որովհետեւ էդ բոլոր ուժերը ժամանակին արտահայտվել էին եւ գոհունակություն էին հայտնել ընտրությունների վերաբերյալ»: Մենք փոխանցեցինք, որ ընտրակեղծիքների, ընտրակաշառքի մասին այդ նույն ուժերը խոսել են՝ Գեւորգյանն ասաց. «Չի կարելի կասկածի տակ դնել արդեն անցած ընտրությունները»:

Արթուր Գեւորգյանը խորհրդարան է մտել ռեյտինգային ընտրակարգի արդյունքում: «Կարծում եմ, հաջորդը մեծամասնականով կգամ եւ կընտրվեմ», – ասաց նա:

Գեւորգյանի խոսքով՝ «Եթե մենք խոսում ենք ժողովրդավարությունից, ժողովուրդն իրավունք ունի ընտրելու նաեւ այն պատգամավորին, որը ոչ կուսակցական է»: Նա ասաց, որ դաշտը հիմա բաց է, ընդդիմությունը կարող է ցանկացած առաջարկ անել, իրենք էլ կաջակցեն ու կանցկացնեն, որ Ընտրական օրենսգիրքը փոխվի: Իսկ թե ընդդիմություն ասելով՝ ում նկատի ուներ Գեւորգյանը՝ պարզ էր, որ համենայնդեպս, ոչ իրենց:

Գեւորգյանն ասաց, որ եթե խոսում են ռեյտինգային ընտրակարգը հանելու մասին, մի ժամանակ էլ ընդդիմությունը ձայն էր բարձրացնում, թե ամենաժողովրդավար մեթոդներից է մեծամասնականը, որ մարդն իրավունք ունենա ընտրելու այնպիսի պատգամավորի, որը կուսակցական չէ:

Մեր դիտարկմանը, որ ընդդիմությունը տեսավ, որ Հայաստանում այդ համակարգը չաշխատեց, տեսան, թե ովքեր մտան խորհրդարան՝ այդ համակարգից օգտվելով՝ տեսանք ինչպես ընտրվեցին մեծամասնականները՝ թաղային հեղինակությունների միջոցով՝ Արթուր Գեւորգյանն արձագանքեց. «Խոստացել են, որ բոլոր կոռուպցիոն հիմքերին կգա վերջ, ավելի հետեւողական կլինեն, իշխանությունը փոխվել է, հիմա այլ մարդկանց ձեռքում է: Խոստանում են, որ կանեն ամեն ինչ, որ չլինի կոռուպցիա, չլինեն ընտրակաշառքներ: Այդ դեպքում ուղղակի իմ համար զարմանալի է՝ ի՞նչ տարբերություն, թե ոնց կլինի ընտրությունը, եթե չկա ընտրակաշառք, եթե չկան խախտումներ»:

Նա ասաց, որ փոսը չթռած՝ պետք չի հոպ ասել, տեսնեն ինչ փոփոխություններ կլինեն, հետո կմտածեն. «Ամեն դեպքում, ընտրում է ժողովուրդը, ժողովուրդն է կողմնորոշվում, թե ում ընտրել: Համբերություն»:

Գեւորգյանն ասաց, որ իշխանությունը դեմ չէ ցանկացած դրական ու լավ առաջարկի. «Ես համոզված եմ, որ իշխանությունը կոպիտ ասած փայտեր չի դնելու նրանց ընթացքի, ոտքի տակ եւ չի փորձելու խանգարել: Ավելին կասեմ՝ մենք օգնելու ենք, որպեսզի ստացվի նոր իշխանության մոտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031