ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում դեկանի ընտրություններին ընդառաջ անառողջ խմորումներ են հասունացել։ Բանն այն է, որ ամսի 22-ին տեղի են ունենալու նոր դեկանի ընտրությունները, որին դարձյալ հավակնում է 2000թ.-ից ֆակուլտետը ղեկավարող 76-ամյա Արծրուն Ավագյանը։ Ինչպես ահազանգեցին մի շարք դասախոսներ, Ավագյանին դեկանի պաշտոնում այլեւս չի ուզում տեսնել ո՛չ ֆակուլտետը, ո՛չ էլ անգամ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որը նախօրեին կանչել է Ավագյանին եւ հորդորել հանել իր թեկնածությունը, բայց ստացել է դեկանի կտրուկ մերժումը։
Ամբիոններից երկուսն այս պահին առաջադրել են հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանի թեկնածությունը, որը 5 տարի է արդեն ամբիոնի վարիչ է եւ, ըստ դասախոսների, ամբիոնը ոտքի է կանգնեցրել։ «Ավետիսյանի շնորհիվ մենք ունենք մագիստրատուրա։ Էս մարդը (Ավագյանը) չի պայքարում ֆակուլտետի համար։ Ավելին՝ եթե առաջ դիպլոմում գրվում էր հայոց լեզվի եւ գրականության մասնագետ, ինչպես նաեւ մանկավարժի որակավորում, հիմա Մանկավարժականը ստիպել է, որ մանկավարժը հանի, ու բոլորը գնում են մանկավարժական։ Մենք այս տարի առաջին անգամ 30-35 թափուր տեղ ենք ունեցել։ Իսկ որպեսզի այդ տողը դիպլոմում ավելացվի, ասել է՝ 100-200 հազար պիտի մուծեք, որ կազմակերպեն մեթոդական մանկավարժական դասընթացներ՝ դա ավելացնելու համար։
Ինքը Սերժի դրածոն է, ով կառչած է իր աթոռին եւ գիտելիք չի տալիս։ Ինչ ուզում, անում է, գիտխորհրդով անցկացրել է զրո ձայն ստացած մեկին ու կարգել ամբիոնի վարիչ։ Այս մարդու օրոք անընդհատ ֆակուլտետը հետ է գնացել։ 5 տարի շարունակ անօրինական գիտխորհուրդ է պահել՝ 24 հոգուց բաղկացած, որ պետք է լինի 36 հոգի։ Այդպես է արել, որպեսզի իր առավելությունը պահպանի իր մարդկանց միջոցով եւ ում ուզենա, անցկացնի։ Համամասնություն պետք է լինի, որը պահպանված չէ, 35 հոգանոց ամբիոնից ընդգրկել է ոչ թե 6, այլ 3 հոգի, 5 հոգանոց ամբիոնից՝ 2 հոգի, ուսանողները 7 հոգի պիտի լինեին, բայց 5 հոգի է ընդգրկել։ Այսինքն՝ ինչ ուզել, արել է մինչ հիմա։ Գիտխորհրդի կազմը չի տարել հաստատման ռեկտորի մոտ, ով վերջերս է բացահայտել դա, ու այդպես 5 տարի աշխատել են։
Գիտխորհրդի կազմում պահում է նախկին ամբիոնի վարիչներին, ովքեր պետք է դուրս գային գիտխորհրդից, բայց պահում է, որովհետեւ իր սերնդի մարդիկ են՝ 70-80 տարեկան, որպեսզի իր կողքը կանգնեն եւ իր ուզածն անցկացնեն»,- դեկան Արծրուն Ավագյանի մասին անկեղծացան դասախոսները, ովքեր չցանկացան ներկայանալ:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում