Aravot.am-ը այսօր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսային՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանին հարցրեց՝ հիմա, երբ իշխանափոխություն է եղել, նաեւ փոխվել է ոստիկանապետը, դուք ի՞նչ եք անելու ձեր բիզնեսի հետ, ձեր անվան հետ է կապվում, օրինակ, «Յուտեկ-Ավտո» ընկերությունը, որը առաջ լվանում էր ոստիկանական մեքենաները, դուք դրա մեջ բաժնեմաս ունեք, հիմա ի՞նչ օրի է ընկնելու այդ բիզնեսը: Նա պատասխանեց. «Սխալ են անում, որ կապում են: Դա վաղուց վաճառված է: Ժամանակին ես բաժնետոմս եմ ունեցել եւ վաճառել եմ»:
Արթուր Գեւորգյանն ասաց, որ ինքը կողմնակից էր, որ ամեն ինչ հանգուցալուծում ստանար երկրում խաղաղ ճանապարհով, ինչը եւ ունեցանք: Հարցին՝ գո՞հ եք այս իրավիճակից՝ Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Հանգուցալուծումն, իհարկե, տեղի ունեցավ եւ իհարկե, գոհ եմ: Փողոցները չեն փակվում, մենք մեզ հանգիստ ենք զգում, անախորժություններ չկան: Մնացածը ժամանակը ցույց կտա»:
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք նոր ոստիկանապետի նշանակումը՝ համեմատելով նախկինի հետ՝ նա պատասխանեց. «Շատ բարի»: Նա ասաց, որ Օսիպյանի պրոֆեսիոնալիզմը գնահատելու համար ժամանակ է պետք:
Մեր հարցին՝ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով Վալերի Օսիպյանին, ասաց, որ նա համակարգում կոռումպացված չի եղել, այստեղից եզրակացություն, որ նրանք, ովքեր հեռացվել են, կոռումպացված են եղել, դուք չե՞ք կիսում Փաշինյանի տեսակետը՝ Արթուր Գեւորգյանի արձագանքը հետեւյալն էր. «Ասաց Նիկոլ Փաշինյանը: Ես ո՞նց կարող եմ չկիսել, եթե ես չունեմ փաստեր, որ տվյալ մարդը կոռումպացված է եղել: Դուք ուզում եք դեզի մեջ ասե՞ղ գտնել, մի՛ փորձեք: Ամեն ինչ շատ հանգիստ է, շատ խաղաղ է, նորմալ է: Տանք ժամանակ, ժամանակը ցույց կտա: Նոր կառավարություն է ձեւավորվել, ես ուզում եմ, որ իրենց մոտ հաջողվի եւ լավ աշխատեն»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Վլադիմիր Գասպարյանն ի՞նչ է անում հիմա, փեսան պատասխանեց. «Հանգստանում է, վայելում է իր հանգիստը»: Հարցին՝ ծանր չի՞ տարել պաշտոնանկությունը՝ նա պատասխանեց. «Ես չեմ տեսել պարոն Գասպարյանին, որ իմանամ, չեմ կարծում, որ ծանր տանի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ