Լրահոս
Օրվա լրահոսը

Ես հիմա մերժում եմ Ալեն Սիմոնյանին, ո՞վ է ինձ հետ. ոչ ոք ձայն չհանեց. «Մերժիր Տարոնին» բողոքի ցույց քաղաքապետարանի դիմաց (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 16,2018 12:36

Այս պահին Երևանի քաղաքապետարանի դիմաց անցկացվում է «Մերժիր Տարոնին» բողոքի ցույց՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով:

Այստեղ են ցուցարար-քաղաքացիներ, «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներ, այստեղ է նաև Զարուհի Փոստանջյանը: Սակայն նա ելույթ չունեցավ:

Քաղաքացիները գոռում են «Տարոն, հեռացիր»:

Քաղաքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիների շարքում էին նաև մի քանի կանայք, որոնք գովասանքի խոսքեր էին հնչեցնում Տարոն Մարգարյանի հասցեին: Իրենց բողոքող համաքաղաքացիներին դիմելով՝ հայտնեցին, թե դուք բողոքում եք, մենք էլ գոհ ենք:

Նրանցից մեկը, որ ներկայացավ Լուսինե Սարգսյան, հայտարարեց. «Ես քաղաքապետին չեմ ճանաչում, բայց ուզում եմ, որ նա մնա քաղաքապետ: Ալեն Սիմոնյանն ասել է, որ ուզում է դառնալ քաղաքապետ: Ես չեմ ուզում, որ նա լինի քաղաքապետ: Նա մի քանի անգամ հայտարարություն է արել, որ պետք է մարիխուանան օրինականացվի: Մենք պայքարում ենք մեր ավանդույթների համար, մեր երիտասարդների համար: Ես իմ ձայնը տվել եմ Տարոն Մարգարյանին, ես ծրագիր եմ կարդացել՝ ես հո հիմար չեմ»: Այս խոսքերից հետո կինը հայտարարեց՝ ես հիմա մերժում եմ Ալեն Սիմոնյանին, ո՞վ է ինձ հետ: Ոչ ոք ձայն չհանեց:

Տարոն Մարգարյանին «դեմ» արտահայտվող քաղաքացիներից մեկն ի պատասխան կարծիք հայտնեց՝ ի՞նչ ծրագիր, Երևանի կենտրոնում երկու հատ ծաղիկ են տնկել, ասում եք ծրագի՞ր:

Մեկ այլ կին հայտարարեց՝ ժողովուրդը սիրում է Տարոնին:

Հավաքված ցուցարարներն այս կանանց դիմելով ասացին՝ գնացեք քաղաքապետարան, ձեզ աշխատանքի են կանչում:

Մեկ այլ միջին տարիքի տղամարդ, մոտենալով վիճաբանող քաղաքացիներին, ասաց՝ թույլ տվեք ես իմ խոսքն ասեմ ու հայտարարեց. «Մեր Սահմանադրությամբ մեր հայրենիքը պատկանում է ՀՀ քաղաքացիներին և անգամ դրսում ապրող հայերին: Սա բոլորիս տունն է և այս հայրենիքի համար չարչարվել են մեր պապերը, մեր հայրերը և մենք: Մեր հերթն է, որ դուք թողնեք այդ մարդիկ գան ու կառավարեն իրենց երկիրը»:

Ցուցարարները քիչ առաջ պաստառազատեցին Մյասնիկյանի արձանին հարող այգու տարածքը և մուտք գործեցին այնտեղ:

Ցուցարարներից մեկը վրդովված հայտարարեց. «Առանց հանրային կարծիքի, մասնագիտական կարծիքի. ի՞նչ է սա, ուռենիներն ո՞ւր են: Տարոն Մարգարյան, դու վտանգավոր ես մեզ համար: Դու քանի՞ գլխանի ես, որ քաղաքն ավիրես: Սրա համար պիտի նա պատժվի. պատկան մարմինները թող գան, զբաղվեն: Սա վանդալիզմ է, հանցագործություն, և դրա պատասխանատուն հիսուն մետր այն կողմ նստած է, թող գան բռնեն, տանեն ու պատասխանատվության ենթարկեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031