Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, այդպես էլ քրեական պատասխանատվության չի ենթարկվի Հերացի փողոցում համաժողովրդական շարժման ընթացքում ակտիվիստին ծեծի ենթարկելու համար։
Աբրահամյանին այս անգամ էլ հաջողվեց ջրից չոր դուրս գալ։ Բանն այն է, որ սույն դեպքով քրգործի հարուցումը մերժվել է բողոքի բացակայության հիմքով։ Չի բողոքել այդ օրը ծեծի ենթարկված մեկ ցուցարար, այնինչ, ծեծվածների թիվը ոչ թե մեկն է եղել, այլ՝ մի քանիսը։
Մեկ ամսվա ընթացքում Գոռ Համբարձումյանն այդպես էլ «անհայտնաբերելի» մնաց իրավապահների համար, ոստիկանությանը հանձնարարություն էր տրվել նրան հայտնաբերել եւ ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, սակայն ոստիկանները այդպես էլ չկարողացան գտնել «անորսալի Գոռին»։ Ի դեպ, Գոռ Համբարձումյանը խմբով է եղել, եւ երջանիկ պատահականությամբ ոստիկանությունը նրանց էլ չի կարողացել «հայտնաբերել»։
ՀՀ Քննչական կոմիտեից ներկայացրին այն հիմնավորումները, որոնցով մերժվել է քրգործի հարուցումը։ Ըստ այդմ՝ նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն է տվել միջադեպի հետեւանքով տուժած ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողը։ Վերջինս հայտնել է, որ ապրիլի 16-ին ժամը 10։00-ի սահմաններում դասի գնալու նպատակով գտնվել է Երեւանի Աբովյան եւ Կորյուն փողոցների խաչմերուկում։ Տեսնելով, որ հիշյալ փողոցները բոլոր կողմերից փակել են ուսանողները եւ երթևեկությունը կանգ է առել, շարժվել է դեպի Կորյուն եւ Հերացի փողոցների խաչմերուկ, որը նույնպես փակված է եղել։ Փողոցը փակած ուսանողների մեջ տեսել է իր համակուրսեցիներին, մոտեցել նրանց։
Այդ ժամանակ հավաքված ուսանողներին են մոտեցել երկու ավտոմեքենա, որոնց վարորդները պահանջել են, որ իրենք բացեն ճանապարհը, քանի որ հիվանդանոց են շտապել։ Ըստ ՔԿ-ի պարզաբանման՝ մինչ ինքը կհասցներ դուրս գալ ճանապարհի երթեւեկելի հատվածից, այդ ավտոմեքենաներից յուրաքանչյուրից դուրս են եկել 3-4 երիտասարդ եւ սկսել քաշքշել ու հրել ճանապարհը փակած ուսանողներին։ Նրանցից մեկը, մոտենալով իրեն, բռունցքով հարվածել է իր աջ այտին։ Ինքը հայհոյել է այդ երիտասարդին եւ թիկունքով շրջվել, որ դուրս գա փողոցից։
Մեկ-երկու քայլ անելուց հետո կրկին հարված է զգացել աջ այտի շրջանում եւ ընկել գետնին, որից հետո անծանոթ մի տղամարդ օգնել է, որ ինքը բարձրանա, ինչից հետո դիմել է հիվանդանոց։
Ինչպես բացատրությամբ, այնպես էլ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին հասցեագրված դիմումով հայտնել է, որ իրեն հարվածներ հասցրած երիտասարդների նկատմամբ որեւէ բողոք կամ պահանջ չունի եւ չի ցանկանում, որ փաստի առթիվ հարուցվի քրեական գործ, քանի որ եթե ինքն էլ շատ շտապեր հիվանդանոց եւ փակած լինեին իր ավտոմեքենայի ճանապարհը, հնարավոր է, որ ինքն էլ նույն կերպ վարվեր։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում