Դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստն է:
Նշենք, որ «Սասնա ծռերի» գործով նիստերը մոտ մեկ ու կես ամիս չէին կայանում՝ պայմանավորված երեւանյան հասարակական գործընթացներով:
Դատավոր Մեսրոպ Մակյանը կողմերին տեղեկացրեց՝ ՔԿՀ-ներից իրեն պաշտոնապես չեն պատասխանել, թե ինչու կալանավորներին այդ օրերին չեն բերել դատարան, բայց իր գնահատմամբ՝ պատճառը փակված փողոցներն էին: «Պաշտպան Պապիկյանը վկա՝ նախորդ նիստերից մեկում ես ոտքով եմ հասել դատարան»,-ասաց Մակյանը:
Ապա ամբաստանյալներից Վարուժան Ավետիսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ Ավետիսյանը ցանկանում է մամուլի ասուլիս տալ եւ այդ նպատակով գրությամբ դիմել է ՔԿՀ ղեկավարությանը, սակայն նրա հանդեպ ԶԼՄ-ների հետ տեսակցության արգելք կա: Պաշտպանը միջնորդեց վերացնել արգելքը:
Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ ցանկանում է օգտվել խոսքի ազատության իրավունքից. «Երկրում արմատական փոփոխություններ են եղել, թեեւ հաղթանակին դեռ չենք հասել»:
Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց, որ Ավետիսյանի միջնորդությանը պետք է անդրադառնա այսօրվա նիստի ավարտին:
Ապա ամբաստանյալներից Պավել Մանուկյանը հայտարարեց՝ ինքն էլ է մամուլի ասուլիս պահանջում, եւ, ըստ Մանուկյանի, դատավորը պետք է թույլատրի ԶԼՄ-ների հետ շփվել նիստերի դահլիճում՝ ընդմիջման ժամին:
Այս գործով մեղադրող-դատախազներից Պետրոս Պետրոսյանը նկատեց՝ դահլիճում ասուլիս կազմակերպելու իրավական ընթացակարգ չկա, ուստի առարկում է Մանուկյանի միջնորդության դեմ:
Դատավորն էլ նկատեց՝ քրեադատավարական օրենսգիրքը չի սահմանում դատարանի շենքում ասուլիս տրամադրելու ընթացակարգ, ուստի միջնորդությունը մերժվում է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ