Այսօր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ փոխարտգործնախարարները չե՞ն պատրաստվում հրաժարական տալ՝ հաշվի առնելով իշխանափոխությունը՝ պատասխանեց, որ ինչպես տեսում ենք, իրենք սովորական աշխատանքային ռեժիմի մեջ են, ԱԺ-ում զեկուցում են, հետեւաբար՝ ոչ:
Հարցին՝ ձեզ ոչ մի բան չի՞ ասվել, նա պատասխանեց. «Մի բան ասվել է: Երբ որ ներկայացվել է, ասվել է նրա մասին, որ կառույցը կայացած է, աշխատում է վարչապետի կողմից եւ պետք է զերծ մնալ քաղաքական ազդեցությունից»;
Հարցին՝ ինչպե՞ս եք մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Ղարաբաղը բանակցային կողմ դարձնելու մասին՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Նախարարությունը վերադասի հայտարարությունները չի մեկնաբանում, մենք մեկնաբանում ենք այլ պետությունների ներկայացուցիչների հայտարարությունները»:
Հարցին՝ ձեր վերադասը փոխվել է, ինչպե՞ս եք պատկերացնում իր հետ աշխատանքը՝ նա պատասխանեց. «Բայց աշխատում ենք, չէ՞, ինչի՞ մասին է խոսքը: Նախարարությունը աշխատել է մինչ այդ, աշխատել է հեղափոխության օրերին ու աշխատում է հիմա: ԱԳՆ-ն այն կառույցներից մեկն է, որ անկախ իրարանցումներից, պետք է ժամացույցի պես աշխատի ու աշխատել է»:
Խոսելով նոր նախարարի մասին՝ Շավարշ Քոչարյանն ասաց. «Պարոն Մնացականյանը կադրային պրոֆեսիոնալ դիվանագետ է՝ շատ լուրջ ճանապարհ անցած, եղել է նաեւ փոխնախարար, ընդհանուր առմամբ կառույցը շատ բավարարված է»:
Մեր հարցին՝ ձեր աշխատաոճը փոխվելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանը կողմնակից է թափանցիկ, հրապարակային եւ բաց աշխատաոճին, ԱԳՆ-ն պատրա՞ստ է այդպես աշխատել՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Այո, իհարկե, մենք երբեք լրագրողներից չենք խուսափել, հարցերից չենք խուսափել, բաց աշխատել ենք»:
Մեր դիտարկմանը, որ Էդվարդ Նալբանդյանը «ամենաչգտնվող» նախարարներից է, որին միշտ փնտրում են՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց լայն ժպիտով եւ հեռացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ