Սիրելի՛ Գարեգին
Երբ դու դուրս եկար ընդհատակից և, քո քայլը կատարելով, գիտակցաբար բանտ մտար ու հացադուլ հայտարարեցիր, որպեսզի կարողանաս քո ձայնը լսելի դարձնել քաղբանտարկյալներին ազատելու, մյուս բանտարկյալների համաներման և ռեժիմի կատարած հանցագործությունների քննության անհրաժեշտության վերաբերյալ, մենք նույնպես միացանք քեզ, որպեզսի այդ ձայնն ավելի բարձր հնչեր:
Հիմա դու ազատության մեջ ես և քո պահանջների համար փողոցում պայքարող քաղաքացիներն ունեն քո գիտելիքների և փորձի, քո անմիջական ու ակտիվ մասնակցության կարիքը:
Սակայն երկարատև հացադուլը սպառում է քո ուժերը, իսկ նստացույցը կաշկանդում է քո տեղաշարժը, ինչի հետևանքով պայքարը չի ստանում մտավոր, կամային և կազմակերպչական այն ուժն ու էներգիան, որ դու կարող ես տալ նրան:
Բացի այդ, մեզ խիստ մտահոգում է քո առողջությունը: Տևական հացադուլը հյուծել է քո օրգանիզմը և դու օրեցօր մոտենում ես վտանգավոր սահմանագծին:
Ոչ մի բանտարկյալ չի ուզում ազատություն քո զոհաբերության գնով: Հաց Բերողի ինքնակամ խաչելության կրկնությունը շատ ցավալի հետևանքներ կունենա ժողովրդի և ապագայի համար:
Ուստի քեզ կոչ ենք անում դադարեցնել հացադուլը, վերականգնել ուժերդ և միանալ ակտիվ փողոցային պայքարին:
Իսկ եթե չդադարեցնես հացադուլը, մենք նույնպես չենք դադարեցնելու:
Մենք նաև համոզված ենք, որ զարթոնք ապրած ժողովուրդը, հատկապես պայքարող երիտասարդությունը, թույլ չի տալու, որ քաղբանտարկյալները մնան բանտում: Երիտասարդները համակարգին պարտադրելու են իրենց կամքը և ստիպելու են, որ մեզ ազատ արձակեն:
Սասնա Ծռեր
Արայիկ Խանդոյան, Աշոտ Պետրոսյան