Լրահոս
Օրվա լրահոսը

Մյասնիկյանի արձանին հարող այգու հաստաբուն ծառեր են հատվել

Մայիս 16,2018 11:38

Այգու բարեկարգումը վրդովեցրել է քաղաքացիներին

Երեկ մեծ աղմուկ բարձրացավ, երբ պարզվեց, որ Մյասնիկյանի արձանին հարող այգում հաստաբուն ծառեր են հատվել: Հիշեցնենք՝ այգին բարեկարգում են «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատերերը՝ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը:
Մինչդեռ քաղաքացիները մեծ դժգոհություններ են հայտնում այս տեսակ բարեկարգման վերաբերյալ. նրանք նշում են՝ բարեկարգել չի նշանակում հաստաբուն ծառերը հատել, այգին վերացնել:

Դժգոհության մեծ ալիք բարձրացրած եւ երեկ տարածված լուսանկարում երեւում է, որ բավականին շատ ծառեր են հատվել, իսկ երեւանցիները լավ հիշում են՝ մինչ բարեկարգումն այս այգին ծառաշատ էր եւ երեւանցիների համար սիրված զբոսայգի:
Երեկ Երեւանի քաղաքապետարանը թեեւ պարզաբանել է խնդիրը, սակայն այն երեւանցիներին չի գոհացրել:

Քաղաքապետարանը վստահեցրել է. «Այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր եւ ծերացած ծառեր: Բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:


Նախորդ տարվա դեկտեմբերին, Երեւանի ավագանու որոշմամբ, հավանություն է տրվել այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երեւան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Այս բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաեւ հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական եւ տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը եւ վերանորոգումը, ինչպես նաեւ կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը:

«Վարդանյան ընտանիք»-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ այգում կարգելվի որեւէ առեւտրային գործունեության իրականացումը: Հիմնադրամը պարտավորվել է շինարարական եւ բարեկարգման աշխատանքներն ավարտել 2018 թվականի սեպտեմբերին»:


Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն էլ երեկ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այգու նախագծի լուսանկարն ու պարզաբանել է. «Ներկայացվող նախագծի հպանցիկ դիտարկումը արդեն իսկ կարող է փարատել մեր համաքաղաքացիների մտահոգությունը այգու կանաչ տարածքների եւ ծառերի առկայության առումով, իսկ ուրարտյան ժամանակի զարդանախշերով սալահատակն ու ժամանակակից լուծումներով շատրվանների շքեղությունը հնարավոր կլինի գնահատել միայն դրանք գործարկելուց հետո»։

Այս նախագիծը շատերին դուր չի եկել, նրանք վրդովված հակադարձել են. «Լավ կլիներ՝ չբարեկարգեին»: Ճարտարապետ Արսեն Կարապետյանն էլ Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ո՞վ է ձեզ խնդրել ուրարտական նախշազարդեր նկարել, ո՞ր թիվն է: Որտե՞ղ է սա քննարկվել, ո՞վ է ձեզ ներշնչել, որ դուք իրավունք ունեք հասարակական տարածքին վերաբերող որոշումներ ընդունել միանձնյա (կամ տասնանձնյա): Ինչո՞ւ եք ձեր ցածր ու հնացած ճաշակը «փաթաթում քաղաքի վզին»:

Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են նախաձեռնելու ժամը 12:00-ին, այգու մոտ՝ պահանջով՝ դադարեցնել շինարարությունն ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Պատրաստեց
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԸ

«Առավոտ»

16.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գոհար Արշակյան says:

    Երևանի բարեկարգման աշխատանքները միշտ նույն ոճով, նույն մոտեցմամբ են կատարվում, այն է՝ արմատախիլ անել տարիների ընթացքում աճեցրածը, հողին հավասարեցնել ամեն ինչ և նոր տնկիներ դնել, իսկ վերջիններս մինչև ծառ կդառնան, տարիներ են պետք… ՈՒ միշտ կանաչը ոչնչացնում են ասելով թե չորացած ծառ են հատել…Բազմիցս առնչվել եմ այս խնդրին, առաջարկել, որ յուրաքանչյուր բարեկարգում հարմարեցվի տեղանքին, որ եղած ծառերը պետք է թելադրեն, թե ինչպես անցնի արահետը, սակայն բոլորիս էլ պարզ է, որ քաղաքապետարանը աշխատանքների ծավալը մեծացնելու խնդիր ունի, այսինքն փող լվանալու միջոցն է թելադրողը…

  2. Գոհար Արշակյան says:

    10 տարի առաջ ապրիլին եմ այդ այգում նկարահանումներ արել, ծառերի մեծ մասը նոր բարձրացող էին…կադրերը վավերագրական ֆիլմի վերջում են՝ https://www.youtube.com/watch?v=DcduhvRmJY4

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031