Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի քարուքանդ ճանապարհներին վարորդները «կասկադյորական» միջոցների են դիմում

Մայիս 16,2018 15:00

Տավուշի մարզի միջպետական ճանապարհներն ամեն տարի գարունը բացվելուն պես, կարելի է ասել, դժվարանցանելի են դառնում: Եվ որքան մոտենում ենք սահմանամերձ բնակավայրերին, այնքան ճանապարհներն ավելի քարուքանդ վիճակում են: Դեպի հարեւան Վրաստան տանող միջպետական ճանապարհին՝ Իջեւանից մինչեւ սահման, ավելի շատ փոսեր են, քան ասֆալտապատ ու հարթ ճանապարհ:

Տավուշի մարզի Իջեւան քաղաքի, հետո Աճարկուտ համայնքից մինչեւ Ոսկեպար, Նոյեմբերյանից մինչեւ Ջուջեւան, ապա դեպի Վրաստան ճանապարհի ասֆալտը մաշված ու քայքայված է: Ակնհայտ երեւում է՝ այդտեղ հիմնանորոգում չի կատարվել, գործը «գլխառադ են արել», ընդամենը կարկատաններ ու փոսալցումներով են սահմանափակվել: Նշված հատվածով անցնող հատկապես բեռնատարի վարորդները «կասկադյորական» միջոցների են դիմում, որպեսզի մեքենաները չհայտնվեն փոսերում:
Այս ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների համար պետական բյուջեից քիչ փողեր չեն հատկացվում, սակայն չկա մի տարի, որ կրկին ասֆալտապատման կարիք չլինի:

«Առավոտը» տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, մինչ նոր նախարարի նշանակումը, հարցում էր ուղարկել, թե՝ որքան գումար է հատկացվում այս ճանապարհի ասֆալտապատման համար: Մենք նաեւ հետաքրքրվել էինք՝ արդյոք նախատեսվո՞ւմ է հիմնանորոգում, թե՞ շարունակվելու է կարկատաններով փոսերը լցնել:

Նախարարությունից մեզ վստահեցրել են. «2018-ին ՀՀ պետական բյուջեով նախատեսված է 1 միլիարդ 471 միլիոն դրամ՝ Մ-16, Մ-4 Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի 18.9 կմ երկարությամբ առանձին հատվածների հիմնանորոգման աշխատանքների համար: Աշխատանքները կսկսվեն 2018-ի հունիսի 1-ից: Մնացած 40.1 կմ հատվածում կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ»: Նախարարությունից նաեւ տեղեկացրել են, որ անցյալ տարի այս ճանապարհների հիմնանորոգման համար գումար չի հատկացվել. «Վերը նշված 59.0 կմ հատվածի համար փոսային նորոգման եւ պահպանման համար անցյալ տարի հատկացվել է 60.9 միլիոն դրամ, իսկ այս տարի՝ 39 միլիոն դրամ»:

Առաջիկայում կտեսնենք՝ գուցե ապրիլյան հեղափոխությունից հետո միջպետական նշանակության այս ճանապարհն էլ նոր կառավարության վերահսկողությամբ՝ հեղափոխական ու հիմնովին նորոգեն. դե վարչապետի հայրենիքն է Տավուշը, գուցե պատասխանատուները մի քիչ սրտացավ աշխատեն:


ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

15.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031