Բաց նամակ ՀՀ ԱԱԾ տնօրենին եւ ՀՀ ոստիկանապետին
Մեծարգո պարոնայք, թույլ տվեք հրապարակային կերպով Ձեզ տեղեկացնել, որ 01.09.2017թ.֊ին ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենին եւ ՀՀ նախկին ոստիկանապետին ուղղված իմ նամակների եւ ստացված պատասխանների բովանդակությունների տարրական համեմատումից հեշտությամբ կարելի է եզրակացնել, որ նամակները հասցեատերերին չեն հասել։ Համապատասխան (նամակների) բաժնից դրանք ուղարկվել են այդ գերատեսչությունների տարածքային կառույցներ, որտեղ էլ, ըստ էության, տեղի է ունեցել հետեւյալը. կառույցի ղեկավարը իր ենթականերին հարցրել է, տարիներ շարունակ «նստած եք» այս «հետքի» վրա, որեւէ բան չպարզվե՞ց։ Ստանալով ժխտողական պատասխան, ղեկավարը ենթակաների աշխատանքը գնահատել է ոչ բավարար եւ հրահանգել կրկին փորձել, որից հետո, բնականաբար, օպերատիվ- հետախուզական, փորձարարական-ճանաչողական բնույթի գործողությունները, այլ կերպ ասած՝ տվյալների որոնումը եւ հավաքագրումը, որոնք սկզբունքորեն հանցակազմ պարունակել չեն կարող, պետք է կրկնվեն հերթական անգամ, տարբեր դրսեւորումներով։ Այլ հարց է, թե այս ամենը ի վերջո ինչի կարող է հանգեցնել։
Իմ խորին համոզմամբ, ստեղծված իրավիճակը պայմանավորված է ոչ այնքան անձերով, որքան այդ գերատեսչությունների ներքին ֆունկցիոնալ առանձնահատկություններով (դրվածքով, չգրված օրենքներով, ինչ-որ բան բացահայտելու մղումով, պաշտոնական առաջխաղացում ունենալու ցանկությամբ եւ այլն)։ Արդյունքում ե՛ւ տարիներ շարունակ վատնվում են մարդկային եւ նյութական ռեսուրսներ, ե՛ւ ես շարունակում եմ մնալ գործազուրկի կարգավիճակում, կտրված լինելով կրթական համակարգից։ Մինչդեռ, տարիների աշխատանքային փորձը արժեք է, որը պետք է պահանջված լինի հայրենական կրթական համակարգում, ինչը առավել եւս կարեւորվում է արտագաղթին վերաբերող խոսակցությունների լույսի ներքո։
Ակնհայտ է, որ քանի դեռ իմ նկատմամբ կան ինչ-ինչ կասկածներ, ապա կրթական համակարգը ինձ համար լինելու է փակ, ուստիեւ անիմաստ է անգամ մասնակցել որեւէ կրթական հաստատությունում հայտարարված մրցույթի։
Բնականաբար, Ձեզ մոտ հարց կառաջանա, իսկ ես ինչպե՞ս եմ այդ մասին իմացել։ Ասեմ հետեւյալը.
ա) մի՞թե հնարավոր չէ գտնվել ուժայինների տեսադաշտում եւ դա նկատել, զգալ,
բ) մի՞թե հնարավոր չէ, որ այդ մասին ինձ տեղեկացրած լինեն (անուններ տալ չեմ կարող, քանի որ նման բաները չեն ասվում բաց տեքստով, ասվում են ակնարկներով)։
Իմ դեպքում տեղի է ունեցել թե մեկը, թե մյուսը։ Իսկ ի՞նչ պետք է անի նման դեպքում յուրաքանչյուր նորմալ եւ պարկեշտ քաղաքացին։ Բնականաբար, պետք է գնա ընդառաջ եւ ուժայիններին սիրահոժար տրամադրի իր անձին եւ մասնագիտական գործունեությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն։ Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ այսպիսի դեպքեր հազվադեպ են լինում, բայց լինում են։
Մեծարգո պարոնայք, առկա խնդիրը կարող է արագորեն կարգավորվել, եթե մի քանի րոպե ժամանակ գտնեք եւ կարդաք այդ նամակը։
Ես պատրաստ եմ մանրամասն հայտարարագրել իմ ունեցած անշարժ եւ շարժական գույքը, ինչպես նաեւ հայաստանյան բանկերում ունեցած իմ դրամական ավանդները, տալ բացատրություն դրանց ծագման աղբյուրների մասին եւ նշել, թե ովքեր են իմ օրինական իրավահաջորդները։ Ինձ պատկանող տարածքներում ցանկացած պահի կարող են իրականացնել խուզարկություն, օրենքով սահմանված կարգով։
Համառոտ իմ աշխատանքային գործունեության մասին։ Որպես ֆիզիկոս- մանկավարժ 1994֊ 2007թթ. աշխատել եմ Ա. Շիրակացու անվան ճեմարանում, 2008-2009, 2013-2014 ուստարում՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում։ Աշխատանքից ազատվել եմ սեփական դիմումի համաձայն։ Ավելին, հորդորել են դիմումը ետ վերցնել, սակայն ես հրաժարվել եմ։
Հետագա տարիների ընթացքում այդ դպրոցի կոլեկտիվից ստացել եմ մեծ բարոյական աջակցություն, ինչի համար խորապես շնորհակալ եմ ֆիզմաթ դպրոցին եւ տնօրեն Հ. Նավասարդյանին։ Նույնը կարող եմ ասել նաեւ Ա. Շիրակացու անվ. ճեմարանի եւ տնօրեն Ա. Ալիխանյանի մասին։
Ինչո՞ւ եմ դիմում Ձեզ հենց հիմա։ Նախ չեմ ցանկացել, որ այս ամենը դառնա հրապարակային, առավել եւս՝ քաղաքական շահարկման առարկա։ Երկրորդ, մեծ զարմանքով նկատել եմ, որ գործի գցված «մեքենան» դեռեւս շարունակում է «իներցիայով» աշխատել։
ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
«Առավոտ»
15.05.2018