Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փողերը պետական գանձարան վերադարձնելու ժամանակը

Մայիս 16,2018 14:00

Հայաստանում ծավալված հեղափոխական շարժումը իր հետ բերեց համազգային զարթոնք: Իշխանությունը փաստացի անցավ ժողովրդի ձեռքը: Վերից վար ամբողջ հասարակությունը շնչեց որպես միասնական օրգանիզմ: Ժողովրդի թեկնածուն դարձավ ՀՀ վարչապետ:

Այժմ թեւակոխել է հեղափոխության նոր՝ ավելի բարդ եւ վտանգավոր փուլ: Թիրախում հիմա կլանային եւ օլիգարխիկ շահեր սպասարկող անհատներն են, որոնք բավականին երկար տարիներ կուտակել են հսկայական ֆինանսական միջոցներ, իրենց դիրքը ծառայեցրել են իշխանության վերարտադրությանը: Նրանցից շատերը ստվերում են, ունեն հսկայական միջոցներ եւ կարող են ուժով դիմակայել ժողովրդավարական շարժմանը, ստեղծել քաոս:

Բռնապետական համակարգերի տապալումից հետո չարիքի դուրս ժայթքման վտանգ միշտ էլ եղել է: Մեծ ֆինանսական կարողությունների եւ հարուստ կենսափորձի տեր անհատները չեն հանձնվում, այլ դեմ են կանգնում ազատարար ընթացքին, խարխլելով թե իրենց, թե հասարակության անվտանգությունը:

Հիշենք 2011 թվականին լայնածավալ ժողովրդական ցույցերի արդյունքում Եգիպտոսի չորրորդ նախագահ Հոսնի Մուբարաքի բռնապետական ռեժիմի տապալումից հետո երկրում ստեղծված քաոսային իրավիճակները եւ դրանց կործանարար հետեւանքները:
Եթե հաշվի առնենք, որ մեզանում էլ բավական երկար ժամանակ եղել է կիսաբռնապետական ռեժիմ, կարելի է ենթադրել, որ դիմադրողներ ամպայման կլինեն: Այդ ռեժիմի մնացորդները շուտ չեն գոլորշիանա: Պետք է զգուշավոր եւ խելացի պայքար նրանց դեմ, որպեսզի նրանք էլ իրավունք ունենան դառնալ առողջ հասարակության լիիրավ անդամներ: Պետք է փորձել խնդրին մոտենալ միայն ուղղման եւ ներման-զղջման ասպեկտով, այլ ոչ թե չարությամբ լցված: Հիշենք աստվածաշնչյան մի գեղեցիկ պատմություն, երբ Հիսուսը հյուրընկալեց Զաքեոսին, ով եղել էր մաքսավոր եւ շատերին էր հարստահարել, վերջինս զղջաց, ներում խնդրեց եւ ասաց՝ իմ ունեցվածքի կեսը կտամ աղքատներին, միայն թե իմ մեղքերը ներվեն:

Այս ճանապարհով պիտի փորձենք շարունակել գնալ առաջ, որպեսզի ապահովենք երկրի անվտանգությունը: Հակառակ դեպքում համաժողովրդական շարժումը կհանդիպի լուրջ խոչընդոտների:

Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող համաժողովրդական շարժումը առանձնահատուկ էր նաեւ նրանով, որ լինելով առաջնորդ, նա չզատվեց մարդկանցից, չմնաց վերեւում, այլ դարձավ նրանցից մեկը: Մտավ յուրաքանչյուր քաղաքացու հոգեվիճակի մեջ, հասկացավ նրա ուզածը, բոլորին միավորեց որպես մեկ միասնություն: Երկրորդ առանձնահատկությունը առանց բռնության, բաց ձեռքերով պայքարի ռազմավարությունն էր:

Սա է ճանապարհը: Մնում է հուսալ, որ ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա իր ընտրած գործելակերպին, կպահպանի անմիջական կապը ժողովրդի հետ:

Մեծն Թումանյանի` պետական գործիչներին ուղղված պատգամն է. «Եթե ուզում ես խուսափել սխալներից, ապա ուղիղ նայիր ժողովրդի սրտին»:

ԽԱՉԻԿ ՄԱՐՈԶՅԱՆ

«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա»

«Առավոտ»

15.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031