Ջրացատկի Հայաստանի առաջնության ավարտից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն Aravot.am-ին ասաց. «Լեւ Սարգսյանը շատ անհաջող հանդես եկավ ոստնակացատկերում: Պատճառն այն է, որ ոստնակացատկը, ինչպես ասում են, նրա մրցաձեւը չէ, ու Լեւը այնքան էլ լուրջ չի վերաբերվում: Ոստնակացատկերում, որտեղ ավելի նուրբ տեխնիկա եւ ոսկերչական աշխատանք է պահանջվում, մենք հենվում ենք Վարտան Բայանդուրյանի վրա, որի ցատկերն իրենց բարդությամբ համապատասխանում են եվրոպական եւ աշխարհի ամենաբարձր չափանիշերին: Եվ դա այն դեպքում, երբ մենք Հայաստանում չունենք որակյալ ոստնակներ: Դա շատ է դժվարացնում մեր աշխատանքը, քանի որ մեր ունեցածի վրա ցատկերը կատարելագործելուց հետո երբ մեկնում ենք մրցավայր, այնտեղ ոստնակների որակական տարբերությունը զգալ է տալիս եւ մարզիկները չեն կարողանում ավելի լավ մասնակցել: Այդուհանդերձ, ձգտում ենք այս մրցաձեւում էլ պայքարել օլիմպիական վարկանիշի համար»:
Տասը մետր աշտարակացատկում չեմպիոն դարձավ Լեւ Սարգսյանը (461,60 միավոր), արծաթը բաժին հասավ Վլադիմիր Հարությունյանին (386.00), բրոնզը՝ Վարտան Բայանդուրյանին (378,90):
«Ինձ զարմացնելու աստիճան գերազանց հանդես եկավ Լեւ Սարգսյանը՝ վաստակելով 461,60 միավոր: Դա բավականին լուրջ արդյունք է: Նրա վերջին մեկ տարվա արդյունքներին նայելով չէի պատկերացնում, որ Լեւը կկարողանա այդքան հավաքվել եւ այդպիսի արդյունք ցույց տալ, այն էլ խիստ մրցավարության պայմաններում: Լեւի 461,60 միավորը Եվրոպայի առաջնության լավագույն վեցյակի, կամ աշխարհի առաջնության եզրափակչի՝ 12 լավագույնների արդյունք է», -ասաց մարզիչը եւ ավելացրեց, որ դժգոհ է երկրորդ եւ երրորդ տեղն զբաղեցրած ջրացատկորդներից: «Ապրիլի կեսերին Կիեւում մասնակցելով միջազգային խոշոր մրցաշարի՝ Վլադիմիրը ցույց էր տվել 454, իսկ Վարտանը՝ 431 միավոր: Անկեղծ ասած, ես Վլադիմիրից եւ Վարտանից Հայաստանի առաջնությունում ավելի շատ սպասելիքներ ունեի: Իսկ ինչ վերաբերում է մեր չորրորդ լավագույն ջրացատկորդին՝ Ազատ Հարությունյանին, նա վերջին մեկուկես տարում չի կարողանում վերջնականապես ապաքինվել վնասվածքներից: Մենք մեկ շաբաթում փորձեցինք նոր ծրագիր հավաքել աշտարակացատկում: Ազատը զբաղեցրեց չորրորդ տեղը՝ 357,20 միավորով, ինչը նրա համար կարծես վատ արդյունք չէ», – մեծահասակ տղաների մասնակցությունն ամփոփեց Հրաչյա Չանդիրյանը:
Հարցին, թե ջրացատկը հայաստանում ի՞նչ վիճակում է աղջիկների շրջանում, Հրաչյա Չանդիրյանը պատասխանեց. «Մենք մեծ աղջիկներ ընդհանրապես չունենք: Քրիստինե Հակոբյանը, որ երեք գործիքների վրա առաջին տեղը գրավեց պատանիների մեջ, միջազգային առաջին փորձը պետք է կատարի հունիս ամսին կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Մենք Քրիստինեի հետ դեռ այն ցատկերը չունենք, ինչ մտածում ենք: Հուսով եմ, որ նորամուտը հաջող կլինի, որից հետո ավելի լուրջ հայտ կներկայացնենք մեկ տարի անց: Եթե ամեն բան լավ ընթանա, եկող տարի նրա հետ միասին կաշխատենք նույն տարիքային խմբում արդեն մեդալի համար պայքարել: Պատանիների մեջ հեռանկարային երկու տղա ունենք, որոնք պայքարում են իրար հետ եւ այս առաջնությունում առաջին եւ երկրորդ տեղն զբաղեցրին: Մարատ Գրիգորյանը հաղթեց մեկ մետր ոստնակացատկում եւ խառը աշտարակացատկում: Այսինքն, նա երկու ցատկ կատարեց 10 մետրից, չորսը՝ 7 մետրից: Իսկ Արմանը՝ մեկ ցատկ 7 մետրից, մնացածը՝ 5 մետրից: Դրանք մենք դիտարկում ենք նախապատրաստական փուլ ավելի բարդ ցատկերի համար: Նրանք մեկ տարով փոքր են Քրիստինեից եւ նախատեսում ենք, որ հաջորդ տարի, երբ արդեն իրավունք կունենան, նույնպես հանդես գան Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Հույս ունենք, որ նրանք կկարողանան մտնել լավագույն վեցյակ, անգամ մեդալի համար պայքարել: Այլապես, իմաստ չունի մեր սեղմ բյուջեից ավելորդ գումարներ ծախսել: Մնում է, որ տեղում ունենանք պայմաններ ու միջոցներ: Իսկ եթե այստեղ համապատասխան պայմաններ հնարավոր չէ ստեղծել, ապա գոնե հարկավոր է դրսում հավաքներ կազմակերպելու եւ մրցումների մասնակցելու հնարավորություն ստեղծել», – ասաց Հրաչյա Չանդիրյանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
15.05.2018