Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչից պետք է սկսի կրթության նորանշանակ նախարարը

Մայիս 16,2018 12:30

Կրթության ոլորտում բարեփոխումներն անխուսափելի են, եւ ոչ թե կոսմետիկ մոտեցմամբ, որն արվեց վերջին տասնամյակներում, այլ խորքային եւ բովանդակային հենքով: Այս առումով, ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարարը պետք է գնա արմատական բարեփոխումների՝ առաջին հերթին կտրուկ փոխելով կրթական գործընթացների վեկտորը: Եթե մինչեւ այժմ կրթական գործընթացի առանցքը գիտելիքի ձեռքբերումն էր, ապա ներկայումս դրան գումարվում են սովորողի հմտություններն ու կարողությունները՝ դպրոցից մինչեւ բուհ ընկած ժամանակահատվածում: Ու եթե մինչեւ այժմ մեր նշանաբանն էր «Կրթությունը ուժ է», ապա այն արդեն պիտի վերաձեւակերպվի՝ «Կրթությունը հաճույք է»:

Դպրոցական ծրագրերը խիստ ծանրաբեռնված են, ընդ որում՝ ոչ միայն առարկաների քանակով, այլեւ բարդ շարադրանքով ներկայացվող դասագրքերով: Կիրառության մեջ ունենք շատ դասագրքեր, որոնք բարդ կառուցվածքով ու շարադրանքով են, կարծես գրված են ոչ թե աշակերտների, այլ գիտաշխատողների համար: Արդյունքում՝ դասագիրքը չի դառնում դպրոցականի ընկեր ուղեկիցը եւ դաս սովորելը նրա համար դառնում է ձանձրալի:

Դրան հավելենք նաեւ կրթական մուլտիմեդիաների պակասը համացանցում: Տեղեկատվական հասարակարգի բուռն զարգացումն այսօր արդեն ստիպել է զարգացած երկրներում դասավանդման որոշակի բեռ դասարանից տեղափոխել համացանց, որի արդյունքում աշակերտին նյութը մատուցվում է մուլտի¬մեդիա հնարքներով եւ դասը դառնում է ոչ միայն գունագեղ, այլեւ աշակերտի համար հետաքրքրաշարժ: Նման պարագայում, ուսուցիչը որոշակիորեն բեռնաթափվում է ավանդական դասավանդումից եւ խաղարկային ու խմբային աշխատանքներով ուսումնառությունը դարձնում է գրավիչ: Իսկ աշակերտն էլ հասկանում է, թե ինչի համար է սովորում այդ առարկան եւ որտեղ է այն պետք գալու իր կյանքում: Մի առիթով, ԱՄՆ դպրոցներից մեկի քիմիայի ուսուցիչը իր զարմանքն արտահայտեց այն մասին, որ հայաստանցի աշակերտները, ի տարբերություն ամերիկացիների, շատ հեշտությամբ են կազմում քիմիական հավասարումներ եւ լուծում բարդ խնդիրներ, սակայն իրենց շրջապատող թունավոր նյութերը չեն տարբերում ոչ թունավորներից:

Ավագ դպրոցը այդպես էլ չկայացավ: Ավելին, այն որոշակիորեն դիտվեց որպես անիմաստ եւ անարդյունավետ կրթություն: Չկայացավ, որովհետեւ այդպես էլ չհասկացանք դրա կարեւորությունը մասնագիտության ընտրության հարցում: Ավագ դպրոցին պետք է դիտարկել որպես աշակերտի մասնագիտության կողմնորոշիչ հարթակ: Հոսքային դասարաններում հնարավորինս պետք է մատուցեն կոնկրետ մասնագիտություններին առնչվող ներածական նյութեր: Դա ոչ միայն կրթությունը կդարձնի հաճելի, այլեւ օգտակար՝ մասնագիտության ընտրության հարցում: Թե չէ ստացվում է այնպես, որ ուսանողը բուհ է ընդունվում եւ երկու տարի անց նոր է հասկանում, որ սխալ մասնագիտություն է ընտրել:

Պետք է բեռնաթափել նաեւ բակալավրիատը՝ այն հիմնականում դարձնելով երեք տարի, իսկ ներկայիս առաջին կուրսի դասընթացների մեծ մասը տեղափոխել ավագ դպրոց: Բակալավրիատում դեռեւս չի գործում ուսանողակենտրոն ուսուցում, որի մասին այդքան խոսում ենք, ու գործը տեղից չենք շարժում: Այսօր գործատուն առավելապես շրջանավարտին գնահատում է, «թե ինչ կարող է անել ուսանողը» եւ ոչ թե «ինչ գիտի ուսանողը» սկզբունքով: Հետեւապես, ուսումնառության վեկտորը պետք է ուղղորդել կարողություններին եւ հմտություններին, գործնական եւ պրակտիկ աշխատանքներին, որպեսզի ուսանողը ոչ միայն դասերին չձանձրանա, այլ հաճույքով համալսարան հաճախի, արդեն ընթացքում հասկանալով իր մասնագիտական ձեւավորման ուղենիշը:

Մագիստրատուրան նույնպես հիմնականում պետք է մեկ տարով կազմակերպվի՝ ընդամենը թեզ գրելու, հետազոտություն անելու եւ այն նպաստող որոշակի դասընթացներ զուգահեռաբար անցնելու: Այսօրվա մագիստրատուրայում աղոտ է դրսեւորվում ուսանողի ստեղծարար կարողությունների զարգացումը, ակադեմիական եւ հետազոտական ինքնակազմակերպումը, եւ արդյունքում ուսանողները հիասթափվում են, որ այստեղ էլ իներցիայով շարունակվում են բակալավրիատի ձանձրույթ պարունակող ավանդույթները:
Ասպիրանտուրայում, որն, ի դեպ, իմ համոզմամբ, կանվանակոչվի դոկտորանտուրա, ընդհակառակը, գիտակրթական ուսումնառության տեւողությունը պետք է երկարացվի մինչեւ չորս տարի: Մեր հանրապետության համար չափազանց շռայլություն է տեսնել, թե ինչպես են ատենախոսությունների նորույթները ընդամենը մնում թղթի վրա: Անհրաժեշտ եմ համարում, որ դոկտորանտուրայի շրջանավարտին ժամանակ տրվի, որպեսզի կարողանա ջանքեր գործադրել իր իսկ առաջարկած գիտական նորույթը կյանքի կոչելու, եւ հետո միայն ԲՈՀ-ից դիպլոմ ստանալու: Այս դեպքում արդեն, ատենախոսություններ կգրվեն ոչ թե անհատի կարիերիայի աճի, այլ երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու ակնկալիքներով:

Իհարկե, ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարարը չի կարողանա մեկ օրում լուծել թվարկած հիմնախնդիրները, բայց եթե նրան հաջողվի փոխել կրթության զարգացման ռազմավարական վեկտորը վերոնշյալ ուղղություններով, ապա ամեն ինչ կգնա ճիշտ ուղով եւ կունենանք մրցունակ կրթական համակարգ ոչ միայն երկրի ներսում, այլեւ միջազգային կրթական շուկայում:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ»

15.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031