Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը հոգեբուժարանում հարկադիր պահված անձի իրավունքների խախտում է արձանագրել

Մայիս 16,2018 10:40

Ամիսներ առաջ քաղաքացին զանգահարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին և հայտնել, որ իրեն առանց որևէ հիմքի պահում են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում այն պարագայում, երբ ինքը հրաժարվել է հոսպիտալացվելուց:

Անձի բանավոր հաղորդման հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասու ներկայացուցիչներն այցելել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, առանձնազրույց ունեցել տվյալ անձի, նրան բուժող բժշկի, ինչպես նաև նրա մոր հետ: Միաժամանակ ուսումնասիրվել են դիմումատուի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Հաշվի առնելով դիմումատուի վիճակի խոցելիությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկում սկսելու մասին որոշում: Արձանագրված բոլոր խնդիրների վերաբերյալ պահանջվել են պարզաբանումներ ՀՀ առողջապահության նախարարությունից:

Քննարկման արդյունքում ի հայտ են եկել անձի իրավունքների ապահովման հետ կապված մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ իր կամքին հակառակ հոսպիտալացվելուց հետո չի ենթարկվել հոգեբուժական հանձնաժողովային զննության, հոգեբուժարանը չի ապահովել անձի բացօթյա զբոսանքի իրավունքը, ֆիզիկական զսպում կիրառելիս չի պահպանվել դրա կարգը, չի ապահովել անձի իրազեկված համաձայնության իրավունքը, ինչպես նաև պատշաճ չի վարվել նրա հիվանդության պատմագիրը։

 

Արդյունքում, Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին որոշում և ՀՀ առողջապահության նախարարին առաջարկել է.

1) անձի իրավունքների խախտման կապակցությամբ անհապաղ իրականացնել ուսումնասիրություն՝ իրավասու անձանց պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով,

2) բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների խախտումների նման դեպքերը,

3) բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի առանց իր կամ օրինական ներկայացուցչի համաձայնության հոսպիտալացումը՝ առանց հոգեբուժական հանձնաժողովի կողմից պարտադիր հետազոտվելու,

4) պատշաճ վերահսկողություն իրականացնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների մասին վերջիններիս իրազեկման, ինչպես նաև բժշկական փաստաթղթերի պատշաճ վարման գործընթացների նկատմամբ,

5) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների իրականացման ընթացակարգերը սահմանել օրենսդրական մակարդակում,

6) նախաձեռնել օրենքի փոփոխության նախագիծ, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի որոշ հրամաններ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031