Քիչ առաջ իր ավանդական ուղիղ եթերով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ անդրադարձավ քաղբանտարկյալների խնդրին:
Դրանից հետո նա անդրադարձավ ուղիղ եթերների երկօրյա բացակայությանը. «Գիտեմ, որ մի քանի ուղիղ եթերներ պարտք եմ մնացել ձեզ, առաջիկայում պարտքը կվերադարձնեմ»:
Նա ասաց, որ խոստացել էր կառավարական առանձնատնից ուղիղ եթեր անել եւ ցույց տալ այդ շենքը, սակայն խնդիրն այն է, որ ցանկանում է դա անել լույսով, որպեսզի շրջակայքն էլ կարողանա ցույց տալ, այնինչ հիմա ինքը վաղ առավոտյան է դուրս գալիս տնից, երբ հարմար չէ ուղիղ եթեր մտնելը, եւ երբ վերադառնում է տուն` շատ ուշ, արդեն մութ է լինում, եւ շրջակայքը ցույց տալու հնարավորություն չկա, միայն ներսը կարող է ցույց տալ:
Ամեն դեպքում նա խոստացավ «վերադարձնել պարտքերը»` ուղիղ եթերները: Ասաց, որ, անպայման, կանդրադառնա Սոչի կատարած այցին, որը գնահատեց շատ հաջող. «Շատ գոհ եմ արդյունքներից, շատ հաջող է անցել, նորություններ կան, որ կարող եմ տեղյակ պահել»:
Այդուհանդերձ, դեռ հստակ պարզ չի` ասուլիս կկազմակերպի այդ այցի մասին հանրությանը տեղյակ պահելու համար, թե ուղիղ եթերով ամեն ինչ կներկայացնի: Ասաց, որ ամբողջությամբ չի կարող պատմել, թե ինչ է եղել` դիվանագիտական առումով սխալ կլինի, բայց կան կարեւոր արձանագրումներ, կարեւոր թեմաներ, որոնցով անպայման կկիսվի:
Երբ Նիկոլ Փաշինյանի հայտնի հազը սկսվեց, նա ասաց, որ ողջ օրվա ընթացքում չի հազացել, սակայն հենց ուղիղ եթեր մտավ` «պրիստուպը սկսվեց», բայց կարեւորը. «Ընդհանուր առմամբ լավ եմ, ժողովուրդ ջան, հուսով եմ դուք էլ եք լավ, շնորհակալություն ձեր աջակցության, ձեր վստահության համար, հուսով եմ գոհ եք որոշումներից, որ կայացվում են»: Նա նաեւ վստահեցրեց, որ եթե ժողովուրդն, այնուամենայնիվ, գոհ չի իր որոշումներից, ինքն ամեն դեպքում հույս ունի, որ դրանք իրենց կարդարացնեն, բայց եթե հանկարծ չարդարացնեն` անպայման կշտկվեն»:
Խոսելով կառավարման թափանցիկությունից` վարչապետ Փաշինյանն ասաց, որ ցանկություն ուներ Սոչի մեկնել սովորական չվերթով, այլ ոչ թե հատուկ ինքնաթիռով, սակայն պարզվեց, որ ոչ մի հայկական ավիաընկերություն Սոչի չվերթ չունի, իսկ պետականության առումով սխալ կլիներ օտարերկրյա չվերթով մեկնելը, հատկապես, որ ժամային եւ այլ խնդիրներ էին ծագում, այդ իսկ պատճառով մեկնեց հատուկ չվերթով, սակայն պատվիրակությունը բավականին մեծ էր` կառավարական պատվիրակություն, լրագրողների խումբ եւ այլն, ինքնաթիռն ամբողջությամբ լցված էր:
Վարչապետը նաեւ նշեց, որ հանդիպումն այնքան կարեւոր է եղել, որ ՀՀ հարկատուների փողերով իրականացված այդ թռիչքը ամեն դեպքում իրեն արդարացրել է:
Ավստրիայի երիտասարդ կանցլեր Սեբաստյան Կուրցը 28.02.2018թ. պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել ռուսական ,,Աէրոֆլոտի,, ինքնաթիռով, այն էլ էկոնոմ դասով……. Աշխարհը փոխվում է: Մենք էլ կարող ենք կրկնել: