Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը հանդիպել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ: Այս մասին եվրոպացի քաղաքական գործիչը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են հայաստանյան վերջին իրադարձությունները և երկրում ստեղծված ներկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև հետագա համագործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում:
Արմեն Աշոտյանն իր հերթին ևս գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցում՝ նշելով, որ Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդարանի իր գործընկերների՝ ԵՄ-Հայաստանի Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սաջադ Հայդեր Քարիմի, «Եվրանեսթ»-ում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Ռեբեկա Հարմսի և «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեիդի Հաութալա հետ:
Աշոտյանի խոսքով՝ քննարկվել է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը և վերջին զարգացումները: «Ես շեշտեցի այն փաստը, որը այս ոչ բռնի և սահմանադրական փոփոխությունն արտացոլում է Հայաստանի նախկին ղեկավարության քաղաքական կամքը և խոհեմությունը՝ ժողովրդի ձայնի և փոփոխությունների պահանջի հանդեպ: Նոր պայմաններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միակ խորհրդարանական ընդդիմությունն է, մինչդեռ նոր կառավարությունը կազմված է բոլոր մյուս խորհրդարանական քաղաքական խմբերից և խմբակցություններից»,-գրել է Աշոտյանը:
Կողմերը քննարկել են նաև ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունների ապագան՝ կարևորելով Արևելյան գործընկերության տարածաշրջանում Եվրանեսթ-ի Խորհրդարանական վեհաժողովի կարևորությանը և Բրյուսելում նախատեսվող լիագումար նիստին հայկական պատվիրակության մասնակցությանը:
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ